Կենտրոնական խորհուրդ
Դեկտեմբերի 15-ի լոյս 16-ի գիշերը ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների համաշխարհային ցանցի ներկայացուցիչները հեռաւար աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչների հետ: Քննարկուել է Արցախի շուրջ ստեղծուած արտաքին քաղաքական միջավայրին եւ իրավիճակի յաղթայարման ուղղութեամբ ձեռնարկուող քայլերը, ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների կողմից ձեռնարկուելիք միջոցառումները՝ Արցախի նկատմամբ միջազգային զօրակցութեան ապահովման, ադրբեջանական շարունակական ոտնձգութիւնների կանխարգելման, Արցախի Հանրապետութեան միջազգային շահերի պաշտպանութիւն ուղղութիւններով։
Ամերիկայի Միացեալ Նահանգներ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեկտեմբերի 14-ին կայացած լսումների ժամանակ կոնգրէսականները պետդէպարտամենտին կոչ են արել արձագանքել ադրբեջանական ագրեսիային։ Սենատի միջազգային յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահն ու հայկական հարցերի խումբը դատապարտել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը։ Պայմանաւորուած Բաքուի կողմից Արցախի շրջափակմամբ՝ նկատելի է ԱՄՆ Կոնգրեսի աճող ճնշումն ԱՄՆ գործադիր իշխանութեան վրայ։
Դեկտեմբերի 17-ին, ԱՄՆ շուրջ երեք տասնեակ կոնգրէսականներ՝ Ադամ Շիֆի գլխաւորութեամբ, նամակ են ուղարկել ԱՄՆ նախագահ Ջոյ Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի բնակչութեան անվտանգութիւնը։
Դեկտեմբերի 21-ին, Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի՝ կառավարութեան հետ կապերի գծով տնօրէն Թերեզայ Երեմեանը համակարգել եւ անցկացրել է հանդիպում Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնէի, Կոնգրեսի աւելի քան 50 անդամների, Արցախի եւ ԱՄՆ-ի Հայ դատի յանձնախմբերի մասնակցութեամբ։ Հանդիպմանը մասնակցում էր Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարեանը, Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը եւ Հայ դատի Արցախի գրասենեակի աշխատակից Գեւորգ Իսկաջեանը։ Քննարկուել են Արցախում ստեղծուած իրավիճակն ու Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի աշխատանքի հիմնական ուղղութիւնները՝ ադրբեջանական հերթական ագրեսիային վերջ տալու նպատակով։
Դեկտեմբերի 24-ին ԱՄՆ Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը համատեղ հաւանութիւն են տուել 2023թ․ ֆինանսական տարուայ ծախսային ուղղութիւններին, որենք ենթադրում են ամերիկեան օժանդակութեան յատկացում Հայաստանին եւ Արցախին։ Նշէնք, որ վերոնշեալ դրոյթի օրէնսդրական ուժ ստանալու համար Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը տեւական ժամանակ ծաւալուն աշխատանքներ է իրականացրել։
ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմին՝ Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական պժանդակութեան անյապաղ դադարեցման կոչով դեկտեմբերի 21-ին դիմել է նաեւ Գլենդելի քաղաքապետ Արդի Քասախեանը։
Փասադէնայի քաղաքապետ Վիկտոր Գորդոնն էլ, իր հերթին, դեկտեմբերի 22-ին, յայտարարութիւն է տարածել, որով համերաշխութիւն է յայտել ամերիկահայ համայնքին եւ դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի 120․000 հայութեան շարունակական շրջափակումը։ Քաղաքապետ Գորդոնը նաեւ միացել է Գլենդելի քաղաքապետի՝ Բայդենի վարչակազմին ուղղուած վերը յիշատակուած կոչին։
Եւրոպայ
ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի հաղորդմամբ՝ Եւրոպական խորհրդարանի պատգամաւորներ Պետէր Վան Դալենը, Ֆրանսու Խաւիեր ԲԵլամին, Լարս Պատրիկ Բերգը, Ֆրանսուայ Ալֆօնսին, Ֆաբիոյ Մասսիմոյ Կաստալդոն եւ Անդրեյ Կովաչեւը դեկտեմբերի 14-ին նամակ են ուղղել Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ու ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգային հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Պատգամաւորները Շառլ Միշելին եւ Ժոզեպ Բորելին յորդորել են օգտագործել իրենց հնարաւորութիւնները՝ Արցախի բնիկ հայ ժողովրդի իրաւունքները պաշտպանելու համար՝ նկատելով, որ ԵՄ-ն չի կարող թոյլ տալ ադրբեջանական ահաբեկչական քաղաքականութեան շարունակութիւն։
ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի, ՀՅԴ Հայ դատի Բելգիայի յանձնախմբի, Բելգիայի հայերի կոմիտէի եւ Բելգիահայ դէմոկրատների միութեան համատեղ նախաձեռնութեամբ դեկտեմբերի 19-ին Բրիւսելում կայացել էր բողոքի ցոյց՝ Արցախ տանող միակ ճանապարհի արգելափակումը վերջ տալու պահանջով։ Բողոքի ցոյցին միացել էին բազմաթիւ հասարակական-քաղաքական գործիչներ, այդ թւում՝ սենատորներ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամաւորներ Կարլ Վանլաուէն, Ալեսիայ Կլաեսը եւ Արցախի հետ բելգիական ֆրանսախօս բարեկամութեան խմբի համակարգող Անդրէ դը Բիւսը։
Կանադայ
Դեկտեմբերի 20-ին, Մոնրեալի «Հայ կենտրոնում» ՀՅԴ Բիւրոն ներկայացնող պատուիրակութիւնը, ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտէն եւ Հայ դատի Կանադայի յանձնախումբը հանդիպել են Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկուել են Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի Հանրապետութեան միջեւ ցամաքային միակ ճանապարհի փակումը եւ Հարաւային Կովկասում կանադական առաջին դեսպանատունը Հայաստանում բացելու շուրջ տարուող աշխատանքները։
Հայ դատի Կանադայի յանձնախմբի կողմից տարուած աշխատանքների արդիւնքում ադրբեջանական ագրեսիան դատապարտող յայտարարութեամբ են հանդէս եկել տասնեակից աւել պատգամաւորներ։ Աւելի վաղ, դեկտեմբերի 14-ին, Կանադայի արտաքին գործերի նախարարութիւնը դատապարտել է միջանքի արգելափակումը եւ պահանջել ապահովել երկկողմանի անցանելիութիւնը։
Աւստրալիայ
Աւստրալիայի ընդիմադիր կանաչների կուսակցութեան ներկայացուցիչները դեկտեմբերի 19-ին դիմել են Ադրբեջանին՝ պահանջելով վերաբացել Բերձորի միջանցքը՝ ազատ տեղաշարժի եւ անվտանգութեան ապահովման համար:
Հայ դատի Աւստրալիայի յանձնախմբի գործողութիւնների արդիւնքում Բերձորի միջանցքում ստեղծուած իրավիճակը քննարկման թեմայ է դարձել Աւստրալիայի օրէնսդիր մարմիններում։ Մասնաւորապէս Հայ դատի յանձնախմբի դիմումի համաձայն խնդրին անդրադարձել է Աւստրալիայի Դաշնային Խորհրդարանի խոշորագոյն քաղաքական խմբի արտաքին գործերի ներկայացուցիչ, սենատոր Ջորդան Սթիլ-Ջոնը՝ մտահոգութիւն յայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար լուրջ հետեւանքներին։
Իրենց հերթին Աւստրալիայ-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան խմբի անդամները դիմել են Աւստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգին կոչ անելով իր կառավարութեանը հրապարակայնօրէն դատապարտել Ադրբեջանի կողմից շարունակուող՝ Արցախի Հանրապետութեան շրջափակումը։
Դեկտեմբերի 20-ին, Արցախի բարեկամների աւստրալական խմբի անդամները հեռաւար հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայանի եւ մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանի հետ։ Արցախի ներկայացուցիչները ներկայացրել են վերջին լուրերը կապուած Բերձորի շրջափակման եւ այդ ուղղութեամբ տարուող աշխատանքների վերաբերեալ։ Ի դէպ Հայ դատի յանձնախմբերի աշխատանքի արդիւնքում՝ Աւստրալիայում Արցախի բարեկամութեան խմբի անդամների թիւը աւելացել է 12-ով եւ հասել է 100-ի։ Ի թիւս այլոց, խմբին են միացել ֆեդերալ խորհրդարանականներ Քելեայ Թինքը, Զալի Սթեգալը, Յենրի Փիքը։
Մեծ Բրիտանիայ
Հայ դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում դեկտեմբերի երկրորդ կէսին Արցախում ստեղծուած իրավիճակը որոշակի քննարկում է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանական շրջանակներում։ Նախ ադրբեջանական հերթական ագրեսիան խստօրէն եւ միանշանակ կերպով դատապարտուել է Մեծ Բրիտանիայ-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան խմբի յայտարարութեամբ, որը ստորագրել է խմբի նախագահ Թիմ Լոթնը։ Աւելին, բարեկամական խմբի անդամներ Քրիս Լոուն եւ Ջեսիկայ Մորդէնը հանդէս են եկել անյատական յայտարարութիւններով եւ դատապարտել են Ադրբեջանի գործողութիւնները եւ դիմել արտաքին գործերի նախարարին, որպէսզի կառավարութիւնը քայլեր ձեռնարկի Բերձորի միջանցքի վերաբացման համար։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամներ Սթիւէն Դաութին եւ Ֆիոնայ Բրիւսը կառավարութիւնից շտապ մարդասիրական օգնութիւն են խնդրել արցախահայութեան համար եւ գործադիր իշխանութեանը կոչ արել՝ քայլեր ձեռնարկել հումանիտար իրավիճակի բարելաւման եւ Արցախում ազատ տեղաշարժի վերականգնման ուղղութեամբ։
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դեյուիթ Ալթօնը Արցախում ստեղծուած իրավիճակի կապակցութեամբ հարցումներ երկու հարցում է ուղարկել բրիտանական կառավարութեանը՝ տեղեկատուութիւն պահանջելով մասնաւորապէս այն մասին, թէ կառավարութիւնն ինչ քայլեր է կատարել Արցախի ժողովրդի նկատմամբ ցօղասպանութեան եւ վայրագութիւնների ռիսկերի գնահատման համար, ինչպէս նաեւ, թէ ինչ քայլեր է ձեռնարկում կառավարութիւնը տարածաշրջանում խաղաղութեանը եւ կայունութեանը նպաստելու համար։
Հունաստան
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքի փակման եւ Արցախը մարդասիրական նոր աղէտի մղելու առիթով, ՀՅԴ Հայ դատի Հունաստանի յանձնախումբը նամակ է ուղարկել Հունաստանի խորհրդարանի նախագահին եւ պատգամաւորներին՝ պահանջելով անմիջական միջամտութիւն եւ միջազգային քայլերի կիրառում՝ կանխելու համար Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանական քաղաքականութեան վտանգը։
Դեկտեմբերի 21-ին, Հունաստանի Հայ դատի յանձնախմբի եւ ՀՅԴ երիտասարդական միութեան կազմակերպմամբ Աթենքում՝ Եւրոպական խորհրդի կենտրոնական գրասենեակի առջեւ տեղի է ունեցել բողոքի ցոյց ընդդէմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման։ Բողոքի ցոյցի մասնակիցները պահանջել են եւրոպական ատեանների անմիջական միջամտութիւնը՝ վերաբացելու Արցախն ու Հայաստանն իրար կապող Բերձորի միջանցքը, ինչպէս նաեւ ստեղծելու Արցախի բնիկ հայ ժողովրդին ադրբեջանական ցեղասպանական արարքներից պաշտպանելու գործիքակազմ։
Ուրուգուայ
Հայ դատի Ուրուգուայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում՝ դեկտեմբերի 21-ին Ուրուգուայի Սենատորների պալատը յայտարարութիւն է ընդունել, որով դատապարտել է Ադրբեջանի քաղաքականութիւնը եւ կոչ արել՝ կատարել միջազգային պարտաւորութիւնները ու ապահովել ազատ շարժը Արցախին եւ Հայաստանին միաւորող միջանցքով՝ վերջ դնելով քաղաքացիական բնակչութեան նկատմամբ գործադրուող ճնշումներին ու ահաբեկմանը։ Ուրուգուայի Սենատորների պալատը իր համերաշխութիւնն է յայտնել Արցախի բնակչութեանը եւ արձանագրել, որ վերջինիս իրաւունքները պէտք է յարգուէն հակամարտութեան լուծման մէջ ներգրաւուած բոլոր դերակատարների կողմից։
Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանեան լրատուամիջոցներին օբյեկտիւ տեղեկատուութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրէտ բանաձեւերի ընդունման։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
30.12.2022 թ.