Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանեանը լրատուամիջոցներին է տրամադրել իր հերթական յօդուածը Արցախի շուրջ իրադարձութիւնների վերաբերեալ
Յօդուածը ներկայացնում ենք ստորեւ.
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման փաստացի, պատմական, քաղաքական եւ իրաւական հիմնաւորումները միշտ էլ եղել են զօրեղ եւ անթերի։ Դա էր հիմնական պատճառը, որ հնարաւոր դարձրեց Մադրիդեան փաստաթղթում ամրագրել նրա ինքնորոշման իրաւունքը։
44-օրեայ պատերազմը, դրան յաջորդած Ադրբեջանի ոտնձգութիւնները եւ Արցախի՝ մերօրեայ այս շրջափակումը միայն առաւել ամրագրել եւ ուժեղացրել են այդ իրաւունքի արդարացիութիւնը եւ դրա իրականացման անխուսափելիութիւնը։
Արցախում տեղի ունեցած վերջին երկու բազմահազարանոց հանրահաւաքները եւ ժողովրդի դրսեւորած վճռականութիւնը՝ տէր կանգնելու իր իրաւունքներին, վկայութիւնն են այն բանի, որ ինքնորոշման գործընթացը անշրջելի է։
Այսօրուայ իրադարձութիւնների հիմքում ընկած է Ադրբեջանի այն համոզումը, որ ինքն արդէն լուծել է Ղարաբաղի հարցը հօգուտ իրեն եւ անցել է իր թելադրանքներին Արցախին եւ պահանջատիրութեանը Հայաստանից։ Այն պահին, երբ Ալիեւը հասկանայ, որ Ղարաբաղի հարցը չի լուծուել, եւ Արցախի ժողովուրդը պարզապէս բացառում է որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի յաւակնութիւնները Արցախից եւ Հայաստանից ոչ միայն կնուազէն, այլեւ կը դառնան անիրատեսական։
Մեր դիրքերը ամուր են եւ արդար։ Եթէ մենք կարողանանք դա ճիշտ ներկայացնել, աշխարհը մէզ կը հասկանայ եւ կաջակցի։ Արցախի ինքնորոշման իրաւունքի պահանջատիրութեան քաղաքական եւ իրաւական բոլոր նախապայմանները նախկինում եւ առաւել եւս այսօր ամբողջութեամբ բաւարարուած են։ Փաստը, որ Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել եւ եղել է միայն Խորհրդային Ադրբեջանի կազմում, իսկ այդ ժամանակաշրջանը Ադրբեջանն իր իսկ սահմանադրութեամբ հռչակել է ոչ լեգիտիմ, տալիս է այն նուազագոյն հիմնաւորումը, որից եւ կարելի է ձեւաւորել իրաւաքաղաքական փաստարկումների մի ամբողջ համալիր։
Այս համատեքստում, սակայն, մեր հիմնական խաղաքարտն այն է, որ Ադրբեջանը 1991-ին չեղարկել է Լեռնային Ղարաբաղի ինքնավարութիւնը եւ այսօր էլ յայտարարում է, որ «զրոյ կարգավիճակ» է նախատեսում Արցախի ժողովրդի համար։
Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան անքակտելիութեան թեզը՝ միջազգային իրաւունքում այդ սկզբունքի գերակայութեան պնդման ամենանեղ եւ ամենապահապանողական մեկնաբանութեան դէպքում վիճելի կանխաւարկած է (rebuttable presumption), որովհետեւ․ ա) Արցախում բնակուող հայերը ոչ թէ Ադրբեջանի կազմում ինչ-որ փոքրամասնութիւն են, այլ իրենց պատմական հողի վրայ ապրող ժողովուրդ, որը էթնիկապէս, կրօնով, աւանդոյթներով տարբերւում է «մետրոպոլիայից» եւ ունի ինքնորոշման հաւաքական ու աներկբայ ձգտում, բ) Խորհրդային Միութեան շրջանում, դրա փլուզումից յետոյ, առաւել եւս՝ 44-օրեայ պատերազմի ու վերջին այս ագրեսիաներով եւ շրջափակումով Արցախի ժողովուրդը մշտապէս ենթարկուել է Ադրբեջանի ոտնձգութիւններին, այլ կերպ ասած՝ շարունակաբար ոտնահարուել են նրա բոլոր տեսակի իրաւունքները։
Իհարկէ, ես երբեք նպատակ չունեմ առաջարկելու, որ Արցախն ընդունի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Փաստը, որ Բաքուն հրաժարւում է Ղարաբաղին առաջարկել անգամ ինչ-որ ինքնաւար կարգավիճակ իր կազմում, միջազգային իրաւունքում հէնց այն խախտումն է, որի դէպքում որեւէ ժողովուրդ իրաւունք կ’ունենայ արդէն հռչակելու իր անջատումը կամ ինքնորոշումը։
Սա միջազգային քաղաքական շրջանակներում ընդունուած եւ միջազգային օրէնքում ամրագրուած անջատում հանուն փրկութեան (remedial secession) իրաւունքի իրացման հիմնական նախադրեալն է։
Այս իրաւունքը ամրագրուած է 1970-ի ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի միաձայն ընունած բանաձեւում, որը կոչւում է Միջազգային իրաւունքի սկզբունքների մասին հռչակագիր (Declaration on Principles of International Law) եւ որը ունի միջազգային օրէնքի ուժ։ Աւելին, գոյութիւն ունի դատաւճռի առնուազն երեք նախադէպ (Ալանդեան կղզիներ, Կատանգայ, Քուեբեկ), որտեղ օգտագործուել է այս սկզբունքը՝ նրան հաղորդելով միջազգային սովորութային իրաւունքի կարգավիճակ։ Եթէ այս բոլորին գումարում ենք Արդարադատութեան միջազգային դատարանի՝ Կոսովոյի անկախութեան մասին յայտնած խորհրդատուական կարծիքը, որ դա չի հակասում միջազգային օրէնքին, անջատման այս իրաւունքն Արցախի համար դառնում է աւելի քան անխոցելի։
Յետաքրական է, որ հէնց այս սկզբունքն էր դրուած ՔՊ-ի նախընտրական եւ աւելի ուշ Հայաստանի կառավարութեան ծրագրում Լեռնային Ղարաբաղի խնդրի հետապնդման քաղաքականութեան հիմքում։ Բայց այժմ քար լռութիւն է։
Ներկայում այդ գործընթացին խանգարող հանգամանքները ոչ այնքան՝ ինչպէս ոմանք պնդում են՝ այլ երկրների տարատեսակ շահերն ու հետաքրքրութիւններն են, որքան Հայաստանի իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը, տարբեր բեւեռների հետ ունեցած հանդիպումներում տրուած հակասական խոստումները, պետական պաշտօնեանների անտեղի եւ անբացատրելի յայտարարութիւնները եւ մեր ժողովրդի մի ստուար հատուածի յանցաւոր անտարբերութիւնը։
Իմ նախկին յօդուածներից մէկում Հայաստանի իշխանութիւններից պահանջել էի, որ եթէ չեք կարող կամ չեք ցանկանում պաշտպան լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքին, ապա հակառակը մի՛ արեք, պարզապէս լռէ՛ք եւ մի՛ խանգարեք այլոց աշխատանքին։ Ճիշտը, սակայն, կը լինի, որ փոխեք քաղաքականութիւնը եւ անցնեք պատմութեան ճիշտ կողմը։ Աւելին, դուք պարտաւոր եք դա անել։ Հայաստանը չի կարող ձեռքերը լուալ Արցախից։ Եթէ մենք նախաձեռնութիւնը չենք վերցնում եւ չենք զբաղւում Արցախով, ապա ինչպէս տեսնում ենք, այդ հարցը ինքն է մէզ հետապնդելու՝ մէզ համար անկանխատեսելի հետեւանքներով։ Մի՛ մեծացրեք Արցախը Ադրբեջանի մաս լինելու նրանց ակնկալիքը։ Դա նորից անպայման պատերազմ կը բերի մեր գլխին, որովհետեւ արցախցին դա չի ընդունելու»։