Լաչինի միջանցքը շրջափակած անհասկանալի «էկոակտիւիստները». Ֆիգարոյ

Լաչինի միջանցքը շրջափակած անհասկանալի «էկոակտիւիստները». Ֆիգարոյ

Ֆրանսիական հեղինակաւոր  Le Figaro պարբերականը ծաւալուն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Արցախի  շրջափակմանն ու դրա պատճառներին: Հեղինակ  Էլիզաբեթ Փիրսոնը զրուցել է նաեւ Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեանի հետ:

«Աւտորիտար երկրում, որտեղ խօսքի ազատութիւնը ճնշուած է, բնապահպան ակտիւիստների մասին խօսելը զաւեշտ է: Վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանում բացարձակապէս բնապահպանական ցոյցեր չէն եղել։ Ինչո՞ւ յանկարծ նրանք արթնացան», — Le Figaro-ի հետ զրոյցում նշել է Արցախի պետնախարարը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետութեան պետական նախարարի աշխատակազմից թարգմանաբար ներկայացրել են յօդուածն ամբողջութեամբ:

«Մոտ հարիւր ակտիւիստներ տեղակայուել են Լաչինի միջանցքում՝ պնդելով, որ դէմ են հանդէս գալիս Լեռնային Ղարաբաղում հանքի շահագործմանը:

Մոտ հարիւր ադրբեջանցի քաղաքացիական անձինք ոսկու հանքի շահագործմանը դէմ հանդէս գալու պատրուակով արգելում են բոլոր տեսակի փոխադրամիջոցների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Բացայայտելով Ադրբեջանի իշխող ռեժիմին սատարող բազմաթիւ մարդկանց՝ հայերը մատնանշում են Բաքուի խորամանկութիւնը:

Շրջափակման վայրում՝ Շուշիի մերձակայքում, նկարահանուած տեսարանում ինչ-որ գրոտեսկային բան կայ: Մուշտակի մէջ փաթաթուած եւ բարձրախօսով զինուած ադրբեջանցի մի կին չարախօսում է Լեռնային Ղարաբաղում շահագործուող եւ շրջակայ միջավայրին վնաս հասցնող հանքի թեմայով: Ձեռքում նա թափահարում է «խաղաղութեան աղաւնին», որը կնոջ ձեռքի ճնշման տակ իւրաքանչիւր ցնցումից ճօճում է գլուխը: Թռչնին օդ նետելու պահին աղաւնին անշարժ վայր է ընկնում գէտնին:

Տեսարանը ծիծաղելի կը լինէր, եթէ չվկայեր հնարաւոր հումանիտար ճգնաժամի մասին, ինչը դրսեւորւում է դեկտեմբերի 12-ից Արցախի տարածքում 120 հազար հայերի մեկուսացմամբ։ Որքա՞ն կտեւի շրջափակումը: Արցախում ոսկու հանքի շահագործմանը դէմ հանդէս գալու պատրուակով՝ «ակտիւիստները» վրաններ են տեղադրել եւ ճանապարհի լայնութեամբ մի իրական գիւղ են հիմնել։ Օրուայ ընթացքում նրանց են միանում հարիւրաւոր այլ քաղաքացիական անձինք, նրանք այնտեղ հեռարձակել են ֆուտբոլի աշխարհի առաջնութեան խաղերը, ինչպէս նաեւ կազմակերպում են տօնական խնջոյքներ՝ ռուս խաղաղապահ զինուորականների հայեացքի ներքոյ: 2020 թուականից ի վեր ստանձնելով հայկական անկլաւը Երեւանին կապող այս նեղ միջանցքի պահպանութիւնը՝ ռուս խաղաղապահ ուժերն անզօր են գտնւում՝ ճանապարհը բացելու հարցում։

Իշխանութիւններին հարող մարդիկ

Սոցիալական ցանցերում մեծ ակտիւութիւն ցուցաբերող ակտիւիստներին դժուար չեղաւ նոյնականացնել: «Ազատութիւն» ռադիօկայանի հայկական ծառայութիւնը, հիմնուելով սովորական բաց աղբիւրների վրայ, նշել է, որ այդ մարդկանց մօտ նախկինում շրջակայ միջավայրի նկատմամբ հետաքրքրութեան որեւէ հետք չի յայտնաբերուել։ Լրատուամիջոցը, ընդհակառակը, նշում է, թէ ինչ ընդհանրութիւն կայ բոլոր այս ակտիւիստների միջեւ՝ «աջակցութիւն նախագահական ընտանիքին եւ հպարտութիւն Ադրբեջանի ռազմական յաջողութիւններով»։

Աւելին, «Իրաւունքի եւ արդարադատութեան Թաթոյեան կենտրոն» հայկական վերլուծական խումբը զեկոյցում մատնացոյց է արել, որ դրանցից շատերը կապուած են Հեյդար Ալիեւի Հիմնադրամի կողմից ֆինանսաւորուող ծրագրերի հետ: Այդ հիմնադրամը կառավարական մարմին է, որը գլխաւորում է Ադրբեջանի առաջին փոխնախագահ եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան: Միջանցքն արգելափակողների թւում են նաեւ Երիտասարդների աջակցութեան միութեան անդամները՝ մի ՀԿ, որը 2020 թուականին Ադրբեջանի նախագահին հասցէագրել է նամակ՝ շնորհաւորելով նրան Լեռնային Ղարաբաղի պատերազմում տարած յաղթանակի կապակցութեամբ:

«Գորշ գայլերի» նշանը

Իրենց հերթին, ադրբեջանական լրատուամիջոցներն այդ մարդկանց ներկայացնում են որպէս խիզախ ակտիւիստների: «Ադրբեջանի քաղաքացիական հասարակութիւնը ցոյց է տուել իր ուժը, իր մշակոյթը եւ իր հասունութիւնը: Եւ իր միասնականութիւնը»,-ուրախութեամբ նշում է, օրինակ՝ Day.Az լրատուական կայքը՝ արգելափակման գործողութիւնը լուսաբանելու նպատակով միջանցքում տեղակայուած բազմաթիւ լրատուամիջոցներից մէկը: «Երկրի հասարակական կազմակերպութիւններին, հանրային ակտիւիստներին, կամաւորներին, լրագրողներին համախմբել է ազգային շահերի իրացման միեւնոյն մղումը»։

Միջանցքը շրջափակածների առաջին շարքերում Day.Az-ը չի վարանում յիշատակել ոմն Թելման Քասիմովին: Արժանանալով լրատուամիջոցների մեծ ուշադրութեանը՝ այս մարդը 2020 թուականին իր ֆեյսբուքեան էջում ներկայացել է զինուորական համազգեստով, որի վրայ առկայ էր հետեւեալ մակագրութիւնը. «Կեցցէ՛ Ադրբեջանը: Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»։ Շարունակելով թերթել իր էջը՝ մենք կարող ենք նկատել, թէ ինչպէս է նա հպարտ կեցուածքով լուսանկարուած Ռամիլ Սաֆարովի կողքին, ով Ադրբեջանում հերոս էր հռչակուել 2004 թուականին՝ ՆԱՏՕ-ի ուսումնական դասընթացի ժամանակ հայ սպային կացնահարելու համար:

Իր ֆեյսբուքեան էջի հրապարակումներից մէկում նոյն Թելման Քասիմովը ցուցադրում է Թուրքիայում էթնիկ փոքրամասնութիւնների խմբերի, մասնաւորապէս՝ հայերի դէմ բազմաթիւ բռնութիւնների պատասխանատուութիւնը ստանձնած «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական, աջ ծայրայեղական խմբաւորման տարբերանշանը: Խմբաւորման խորհրդանշանը՝ դէպի երկինք ուղղուած երկու մատները եւ միւս երեք մատներից կազմուած դունչը, բազմիցս աչքի է զարնում միջանցքի շրջափակման լուսանկարներում։

Ոսկու ռազմավարական հանքավայրը

«Աւտորիտար երկրում, որտեղ խօսքի ազատութիւնը ճնշուած է, բնապահպան ակտիւիստների մասին խօսելը զաւեշտ է»,- Le Figaro-ի հետ զրոյցում նշում է Արցախի պետական նախարար, քաղաքացիական պաշտպանութեան ղեկավար Ռուբէն Վարդանեանը։ «Վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանում բացարձակապէս բնապահպանական ցոյցեր չէն եղել։ Ինչո՞ւ յանկարծ նրանք արթնացան»,- հարցադրում է անում պետնախարարը՝ նշելով, որ ինքը պատրաստ է ցանկացած պահի ընդունել միջազգային հետաքննող յանձնաժողովին՝ ապացուցելու, որ հանքարդիւնաբերութեան իրականացման համար անհրաժեշտ բոլոր բնապահպանական պայմանները պահպանւում են։

Ոսկու հանքը, որին վերաբերում է խօսքը, Կաշենի հանքավայրն է, որը գտնւում է 2020 թուականի հրադադարի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեանը թողնուած տարածքի մի մասում։

«Ոսկու այս հանքը ովկիանոսում ջրի մի կաթիլ է, չնչին բան է Ադրբեջանի համար, որն արդէն իսկ հարուստ է գազով եւ նաւթով։ Բայց Արցախի համար դա մէզ մնացած սուղ տնտեսական ռեսուրսներից մէկն է», — նշում է Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ինքնաւար Հանրապետութեան ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգեանը։ «Եթէ Բաքուն վերահսկողութեան տակ վերցնի այն, դա նշանակում է՝ 1800 աշխատակիցների եւ նոյնքան ընտանիքների զրկել եկամտի աղբիւրներից։ Դա մեր տարածքը տնտեսապէս շնչահեղձ անելու լրացուցիչ միջոց է»։  

ՍիւիլՆեթը, որը հայկական անկախ լրատուական գործակալութիւն է, բացայայտել է, որ Ադրբեջանի կառավարութիւնը վերջերս վաճառել է Կաշենի հանքավայրի շահագործման արտօնագիրը բրիտանական մի ընկերութեան։ Արդյօք պե՞տք է կապ տեսնենք ակտիւիստների՝ հանքի շահագործումից հայերին զրկելու պահանջի հետ՝ իհարկէ բնապահպանական նկատառումներով։

Ակտիւիստներն իրենց հերթին յայտնել են մինչեւ վերջ գնալու իրենց պատրաստակամութեան մասին։

«Ոչ ոք մտադիր չէ նահանջել։ Մեր ժողովուրդը պատրաստ է շարունակել բողոքի ակցիան այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր նպատակին», — դեկտեմբերի 22-ին Day.Az-ին տուած հարցազրոյցում ասել է Թելման Քասիմովը։ «Ես չեմ պատրաստւում տեւողութեան հետ կապուած կանխատեսումներ անել։ Կարող եմ միայն հաստատել, որ չնայած ցրտին, Լաչինի ճանապարհին ցոյցի դուրս եկած մարդկանց վճռականութիւնն անսասան է»:

Armenpress

Share