Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հաւաքուած ժողովուրդն իր կոչն է ուղղում աշխարհասփիւռ հայութեանը, համաշխարհային հանրութեանը եւ ազատութեան ու համամարդկային արժէքների համար պայքարող իւրաքանչիւր անհատի.
Դեկտեմբերի 12-ից սկսած Արցախը յայտնուել է լիակատար շրջափակման մէջ. աւելի քան 120 000 մարդ, այդ թւում` շուրջ 30 000 երեխաներ յայտնուել են ծանր կացութեան մէջ` իսպառ զրկուած լինելով ազատ տեղաշարժի ու դրա հետ կապուած բազմաթիւ կենսական հնարաւորութիւններից: Հերթական անգամ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը կոպտօրէն խախտում է միջազգային իրաւունքի նորմերը եւ 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւնները:
Արցախի եւ Հայաստանի միջեւ ցամաքային ճանապարհի անխափան գործարկումը չի կարող լինել որեւէ բանակցութիւնների եւ սակարկման առարկայ: Արցախը արտաքին աշխարհին կապող հաղորդակցութիւնը պէտք է առանց նախապայմանների ու անյապաղ վերականգնուի, եւ պայմաններ ստեղծուէն դրա յետագայ անխափան գործունէութիւնն ապահովելու համար;
Հայ ժողովրդի հանդէպ Ադրբեջանի կողմից իրականացուող էթնիկ զտումների եւ խտրական քաղաքականութիւնը, որը նոր թափ է ստացել 2020թ. աշնանը մէզ պարտադրուած պատերազմից ու դրա թողած աղէտաբեր հետեւանքներից յետոյ, նպատակ ունի հայաթափել հայկական Արցախը` շարունակելով 1915թ. Թուրքիային կողմից Արեւմտեան Հայաստանում իրականացուած ցեղասպանութեան բեմագիրը:
Իր պատմական հայրենիքում ազատ եւ անկախ ապրելու համաժողովրդական կամքն է 1988թուականին հէնց այս հրապարակից ուղղորդել մեր ժողովրդին ազատագրական պայքարի, որի արդիւնքում մենք ունենք միջազգային իրաւունքի նորմերին համապատասխան հռչակուած ինքնիշխան պետութիւն եւ նրա կենսունակութիւնն ապացուցող քաղաքական, տնտեսական ու սոցիալական տեսանելի ձեռքբերումներ:
Այսօր, երբ վտանգուած է համայն հայութեան երազանք Արցախի Հանրապետութեան լինելիութիւնը, մենք, խոնարհուելով մեր ազատագրական պայքարի ճանապարհին իրենց կեանքը նուիրաբերած հաեորդիների յիշատակի առջեւ, վերանորոգում ենք մեր ուխտը` մեր սուրբ նահատակների գործը շարունակելու եւ մեր արժանապատուութիւնը պահպանելու համար:
Շարունակուող պայքարի ընթացքում մենք, ինչպէս նախորդ տարիներին, այսօր էլ ունենք մայր Հայրենիքի եւ համայն հայութեան համակողմանի աջակցութեան կարիքը: Անցած տարիներին Արցախը եղել է հայկական ինքնութեան եւ արժանապատուութեան խորհրդանիշ: Այսօր, երբ հայկական երկրորդ հանրապետութիւնը կանգնած է նոր մարտահրաւէրների առջեւ, Արցախը պէտք է դառնայ այն առանցքը, որի շուրջ պէտք է միաւորել համազգային ներուժը: Արցախի Հանրապետութեան ապագան համազգային նշանակութեան հարց է եւ պահանջում է համահայկական համախմբում ու համերաշխութիւն:
Արցախի Հանրապետութիւնը շարունակելու է ջանքեր գործադրել իր ժողովրդի անվտանգութիւնն ու պաշտպանունակութիւնը ամրապնդելու համար` համադրելով սեփական կարողութիւններն ու Ռուսաստանի Դաշնութեան Խաղաղապահ առաքելութեան հնարաւորութիւնները:
Արցախի Հանրապետութիւնը` որպէս միջազգային հիմնարար իրաւունքների գերակայութեամբ առաջնորդուող պետութիւն, շարունակելու է հաւատարիմ մնալ համամարդկային արժէքներին եւ լինել կառուցողական: Ծաւալապաշտական նկրտումներն ու տնտեսական շահերը չպիտի թելադրող լինէն ժամանակակից միջազգային յարաբերութիւններում: Արցախն աշխարհի քարտէզի վրայ այն կէտն է, որից, ինչպէս 1988 թուականին, կարող է սկիզբ առնել 21-րդ դարի` բարոյական աշխարհակարգի ձեւաւորումը:
ք. Ստեփանակերտ
25 դեկտեմբերի, 2022թ.