https://www.trend.az/azerbaijan/politics/3684503.html- Ադրբեջանի կրօնական դաւանանքների ղեկավարների համատեղ յայտարարութիւնը
Ըստ Բաքուի թեմական վարչութեան քարտուղար վարդապետ Ալեքսինի (Նիկոնորով) ֆեյսբուքեան գրառման (ռուսերէնով)՝ 22.12.2022-ին Կովկասի մահմեդականների վարչութիւնում տեղի է ունեցել Ադրբեջանի իսլամական համայնքի կրօնական առաջնորդ շէյխ-ուլ-իսլամ Ալլահշուքիւր Փաշազադէի հանդիպումը Ադրբեջանում ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Բոչարնիկովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Բաքուի թեմական վարչութեան քարտուղար վարդապետ Ալեքսին (Նիկոնորով):
Շեյխ-ուլ-իսլամը դեսպանին տեղեկացրել է վերջերս Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդի հետ կայացած հանդիպման, ինչպէս նաեւ Մոսկուայում տեղի ունեցած Իսլամական համաժողովի մասին: Զրոյցի ընթացքում քննարկուել են Հարաւային Կովկասում ազգամիջեան եւ միջկրօնական յարաբերութիւնների հրատապ խնդիրները եւ կրօնական գործիչների դերը լարուած իրավիճակների հանդարտեցման գործում:
Փաշազադէն ընդգծել է կրօնական առաջնորդների եւ նրանց ղեկավարած համայնքների հաւատարմութիւնը բոլոր սուր քաղաքական հարցերի եւ հակամարտութիւնների խաղաղ լուծմանը: Զրոյցի ընթացքում անդրադարձ է կատարուել երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցերին եւս:
Վերոնշեալ վարդապետը իր ֆբ տեղադրել է 20 դեկտեմբերի 2022-ի Ադրբեջանի կրօնական դաւանանքների ղեկավարների համատեղ յայտարարութիւնը, որը վարդապետը տեղադրել է միայն ադրբեջաներէնով։ https://www.trend.az/azerbaijan/politics/3684503.html-ից ներկայացնում եմ յայտարարութեան տեքստը։
«Մենք՝ Ադրբեջանում գործող կրօնական դաւանանքների առաջնորդներս, արտայայտելով մեր համայնքների ցանկութիւններն ու կամքը, Շուշայ-Լաչին ճանապարհին ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպութիւնների ներկայացուցիչների, մտաւորականութեան, երիտասարդութեան, բնապահպանների եւ լրագրողների խաղաղ բողոքի ակցիայի, բնական պաշարների ապօրինի շահագործման դէմ հայկական կողմի՝ հասարակութեանը մոլորեցնելու նպատակով, մասնաւորապէս եկեղեցու կողմից տարածուող դիմումների վերաբերեալ անհրաժեշտ ենք համարում յայտարարել հետեւեալը․ ադրբեջանական հողերի վրայ, որտեղ ժամանակաւորապէս տեղակայուած է ռուսական խաղաղապահ զօրակազմը, ձեռնարկել միջոցներ էկոլոգիական տեռորի կանխարգելման ուղղութեամբ։
Ցուցարարները հնչեցնում են Ադրբեջանի բնական պաշարների թալանին եւ շրջակայ միջավայրի աղտոտմանը վերջ դնելու պահանջներով կարգախօսներ։ Անկախ ակտիւիստների կողմից իրականացուած ուսումնասիրութիւնների համաձայն՝ օգտակար հանածոների հանքավայրերում, մասնաւորապէս՝ Ղըզըլբուլաղի ոսկու հանքավայրում եւ Դեմիրլի պղնձամոլիբդենային հանքավայրում իրականացւում է ապօրինի շահագործման գործունէութիւն։ Հակառակ մոնիտորինգի անցկացման վերաբերեալ աւելի վաղ ձեռք բերուած համապատասխան համաձայնութիւններին, անջատողական ուժերը խոչընդոտել են փորձագէտների մուտքը այդ հանքավայրեր: Ներկայումս ցուցարարները պահանջում են վերոնշեալ հանքավայրերի զննում, դրանց ապօրինի շահագործման դադարեցում, տարբեր ուղղութիւններով մոնիտորինգ եւ գոյքագրում, շրջակայ միջավայրի համար հնարաւոր ռիսկերի գնահատում եւ պատճառուած վնասի հետեւանքների վերացում:
Միանշանակ յայտարարում ենք, որ հայկական կողմի, մասնաւորապէս Էջմիածնի կողմից տարածուող տեղեկատուութիւնը կեղծ եւ զրպարտչական բնոյթ է կրում, իսկ պնդումները, թէ ՀԿ-ների բողոքի խաղաղ ակցիան հումանիտար ճգնաժամ է հրահրել, բացարձակապէս չէն համապատասխանում իրականութեանը։ Բողոքի ակցիայի վայրից նկարահանուած տեսագրութիւններում երեւում է, որ շտապօգնութեան մեքենաները, ինչպէս նաեւ մարդասիրական բեռ տեղափոխող տրանսպորտը ազատ տեղաշարժւում են ճանապարհին, եւ դրա համար ակցիայի կազմակերպիչների կողմից նախատեսուած են բոլոր անհրաժեշտ պայմանները: Մարդասիրական խնդիրների առաջացման դէպքում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բնակուող հայազգի ադրբեջանցի քաղաքացիների համար ստեղծուել է թէժ գիծ՝ նրանց դիմումների օպերատիւ լուծման համար:
Հայկական մամուլում եւ հայկական սփիւռքի քարոզչութեան ընթացքում Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպութիւնների եւ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից Խանքէնդի-Լաչին ճանապարհը փակելու մասին պնդումն անհիմն է, քանի որ տարածուած է ռուս խաղաղապահների կողմից նշուած ճանապարհը փակելու փաստը: Ցաւում ենք, որ ճշմարտութիւնը արդարութեամբ փոխանցելու փոխարէն Հայ եկեղեցին այս հարցին մօտենում է քաղաքական կոնիւնկտուրային համապատասխան նախապաշարմունքների եւ զրպարտութիւնների դիրքերից՝ փորձելով խաղաղ բողոքը բնութագրել որպէս «էթնիկ զտման քաղաքականութիւն» եւ «անմարդկային գործողութիւն»: Իրադարձութիւնները որպէս «հայկական շրջափակում եւ մարդասիրական աղէտ» ներկայացնելու հայ եկեղեցու լուրջ փորձը ոչ այլ ինչ է, քան սադրանք եւ զրպարտութիւն։ Ադրբեջանը ստեղծարար պետութիւն է, որը ոչ թէ փակում, այլ կառուցում է նոր ճանապարհներ, կամուրջներ։ Միջազգային հանրութեան կողմից ճանաչուած տարածքում գտնուող Լաչինի ճանապարհի նկատմամբ Ադրբեջանի միանշանակ դիրքորոշումն այն է, որ այդ ճանապարհը կարող է օգտագործուել ոչ թէ ռազմական կամ ինչ-որ անօրինական գործողութիւնների, այլ քաղաքացիական-հումանիտար նպատակներով:
Դառը ճշմարտութիւնն այն է, որ շուրջ 30 տարի հայ ծայրայեղականների կողմից իրականացուած էթնիկ զտումների, բնական պաշարների թալանի, հոգեւոր ժառանգութեան ոչնչացման, էկոհամակարգի դէմ ուղղուած յանցագործութիւնների արդիւնքում աւելի քան մէկ միլիոն ադրբեջանցիներ ստիպուած են եղել լքել իրենց նախնիների հողերը։ Օկուպացիայի ժամանակ տարածքի բուսական եւ կենդանական աշխարհը ոչնչացուեց, հողերը այրուեցին, ջրամբարները թունաւորուեցին։ Մեր քաղաքներն ու գիւղերը ջնջուել են երկրի երեսից ուրբիցիդի արդիւնքում։ Ստեղծուած անթիւ ականների պատճառով բնակչութեան վերադարձը հայրենի հող դանդաղում է, հարիւրաւոր խաղաղ բնակիչներ դառնում են ականապատ տեռորի զոհ։ Հակամարտութեան ընթացքում անհետ կորած մեր աւելի քան 4 հազար քաղաքացիների ճակատագիրը մինչ օրս անյայտ է։ Ադրբեջանի օկուպացուած տարածքներում շուրջ 30 տարի աւերուել եւ թալանուել են մզկիթներ, տաճարներ, գերեզմանատներ, պատմական յուշարձաններ, թանգարաններ, գրադարաններ, գրիգորացուել են Կովկասեան Ալբանիային պատկանող քրիստոնեական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիները, մզկիթները վերածուել են ախոռների, որտեղ պահւում էին Իսլամում արգելուած համարուող կենդանիներ, ինչը վիրաւորում է ողջ իսլամական աշխարհը:
Ադրբեջանը խաղաղասէր երկիր է, եւ նա դա ցոյց տուեց գրեթէ երեք տասնամեակ շարունակուող հակամարտութեան ընթացքում խաղաղ բանակցութիւններին իր հետեւողական մասնակցութեամբ, ինչպէս նաեւ 44-օրեայ հայրենական պատերազմում տարած յաղթանակից յետոյ խաղաղ պայմանագրի ստորագրման բանակցութիւններին ակտիւ մասնակցութեամբ: Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումը խոչընդոտում է մեր տարածաշրջանի խաղաղութեան ու հանգստութեան, տնտեսական բարեկեցութեան հաստատման հեռանկարներին։ Մեր պետութիւնը յարգանքով է վերաբերւում իր տարածքում բնակուող բոլոր էթնիկ եւ կրօնական խմբերին, այդ թւում՝ Ղարաբաղում բնակուող Ադրբեջանի հայազգի քաղաքացիներին, պաշտպանում է նրանց իրաւունքներն ու արժէքները։ Բարձրեալի օրհնութիւնը հանդիսացող հողի նկատմամբ յարգանքն ու հոգատարութիւնը, նրա վրայ եւ նրա միասնութեան մէջ գտնուող բոլոր հարստութիւնների հանդէպ, ինչպէս ադրբեջանցիների, այնպէս էլ ադրբեջանական հողերում բնակուող հայերի քաղաքացիական պարտքն է:
Մենք՝ կրօնական հաւատքների առաջնորդներս, միշտ գնացել ենք ճիշտ ճանապարհով, հաւատարիմ ենք եղել մարդկային արժէքներին, մեր հումանիստական մտայղացմանը եւ խաղաղ գոյակցութեան գաղափարներին եւ միշտ կոչ ենք արել Հայաստանի հոգեւորականներին խաղաղութեան, հրաժարուել ռազմական հռետորաբանութիւնից եւ նախապատուութիւնը տալ երկխօսութեանը: Այս յայտարարութեամբ մենք Հայ Եկեղեցուն կոչ ենք անում ճշմարտութեան, Ղարաբաղում բնակուող խաղաղ հայ բնակչութեանը չքաշել ռեւանշիզմի մէջ, չզբաղուել սադրիչ գործունեութեամբ։ Իր հերթին, կոչ ենք անում Ղարաբաղի խաղաղ հայ բնակչութեանը համատեղ վճռական դիրքորոշում ցուցաբերել իրենց հողերում Բարձրեալին շնորհուած բնական պաշարների շահագործման եւ բնապահպանական յանցագործութիւնների կատարման դէմ:
Կովկասի մահմեդականների վարչութեան նախագահ շէյխուլիսլամ Ալլահշուքիւր Փաշազադէ
Ադրբեջանում լեռնային հրէայների համայնքի ղեկավար Միլիխ Եւդաեւը
Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքուի եւ Ադրբեջանի թեմի քարտուղար Վարդապետ Ալեքսին
Բաքուի Եւրոպական հրէայների համայնքի ղեկավար Ալեքսանդր Շարովսկին
Ադրբեջանում Ալբանոյ-ուդինեան քրիստոնեական կրօնական համայնքի նախագահ Ռոբերտ Մոբիլին