Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեանը հարցազրոյց է տուել ամերիկեան հեղինակաւոր CBN պարբերականին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետեւանքով ստեղծուած իրավիճակը:
«Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն արդէն երկրորդ շաբաթն է՝ շարունակւում է», — «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրում է պարբերականը՝ նշելով, որ միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնները նախազգուշացնում են Արցախում ցեղասպանութեան իրական վտանգի մասին:
Պարբերականը մէջբերել է Արցախի պետական նախարար Ռուբէն Վարդանեանի խօսքերը, որտեղ նա նշում է, թէ այս իրադարձութիւնները բացայայտ կերպով ցոյց են տալիս, թէ ինչ կարող է կատարուել Արցախի հետ, եթէ յանկարծ այն յայտնուի Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ:
«Իրավիճակը բարդ է, որովհետեւ ձմեռ է, սննդի, դեղորայքի, վառելիքի պաշարները սահմանափակ են: Մենք չգիտենք, թէ դեռ որքան սա կարող է շարունակուել, եւ ստիպուած ենք սահմանափակումներ կիրառել: Չնայած այս բոլոր փորձութիւններին՝ Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակիչներն ամուր վճռականութիւն են դրսեւորում: Այս դժուարութիւններն ու սահմանափակումները մարդկանց աւելի համախմբուած են դարձրել»,-ներկայացնելով իրավիճակը՝ ասել է Ռուբէն Վարդանեանը:
Խոսելով Արցախի հայկական արմատների եւ անկախութեան համար շարունակուող պայքարի մասին՝ Վարդանեանն ասել է.
«Անկախութեան համար մեր պայքարը սկսուել է 34 տարի առաջ, եւ այսօր այն շարունակում են այստեղ ապրող մարդիկ: Նրանք չէն ցանկանում որեւէ այլ պետութեան մաս լինել: Սա կրօնական կոնֆլիկտ չէ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, սա պայքար է աւտօրիտար երկրի եւ դէմոկրատական պետութեան միջեւ: Մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանում չկայ ժողովրդավարական համակարգ, չկան մարդու իրաւունքներ»:
Արցախի պետնախարարը յաւելել է, որ մշտապէս առկայ է Ադրբեջանի կողմից նոր յարձակման վտանգ, եւ հէնց այդ պատճառով կարեւոր է հասկանալ, որ ստեղծուած իրավիճակում միակ ճիշտ լուծումը կարող է լինել որպէս հարեւաններ ապրելը: «Մեծ ջանքեր են պահանջւում տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու համար, եւ մենք պէտք է հասկանանք, որ իրավիճակի կարգաւորման համար Ադրբեջանը պէտք է ընդունի Արցախի անկախութիւնը եւ գնայ բանակցութիւնների: Սա հնարաւոր է միայն փոխզիջման միջոցով. մի կողմը չի կարող մտածել, որ կարող է կրակել եւ ստանալ ամէն ինչ, իսկ միւս կողմը ոչինչ չստանայ», — ասել է Արցախի պետնախարարը:
Պատասխանելով Արցախ տեղափոխուելու իր դրդապատճառների մասին հարցին՝ Ռուբէն Վարդանեանը նշել է.
«Արցախն ինձ համար հայկական ինքնութեան անկիւնաքարերից մէկն է, եւ իմ ժողովրդի համար ամենավտանգաւոր պահին ես չէի կարող անտարբեր լինել: Սա հէնց այն պահն է, որ ես կարեւոր համարեցի իմ գիտելիքներն ու փորձը ծառայեցնել Հայրենիքիս: Արցախցիները պէտք է զգան, որ իրենք ունեն ողջ Հայկական աշխարհի սատարումը: Մենք պարտաւոր ենք գալիք սերունդներին փոխանցել Արցախում ապրելու իրաւունքը»: