Դեկտեմբերի 19-ին ՀՅԴ Բիւրոյի երկար տարիների ներկայացուցիչ (1972-1994), ՀՅԴ կուսակցութեան անդամ՝ 1950 թւականից, ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ 1963 թւականից, հասարակական-քաղաքական գործիչ ընկեր Հրայր Մարուխեանի ծննդեան օրն է:
Հրայր Թորգոմի Մարուխեանը ծնւել է 1928 թւականի դեկտեմբերի 19-ին Իրանի Քերմանշահ քաղաքում։ Աւարտելով Իրանի պետական համալսարանի մեքենագիտական ճարտարագիտութեան բաժինը, հետագայում նա հիմնեց իր սեփական ճարտարագիտական ձեռնարկութիւնը։ Վաղ տարիքից անդամակցել է ՀՅԴ Թեհրանի Երիտասարդական միութեանը, այնուհետեւ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը։
Եղել է Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան հիմնադիրներից մէկը, հետագայում տնօրէնը։ 1963 թւականին, որպէս ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ Հրայր Մարուխեանը մասնակցել է ՀՅԴ 18-րդ Ընդհանուր Ժողովին, որը սերնդափոխութեան առումով ՀՅԴ պատմութեան մէջ կարեւոր նշանակութիւն է ունեցել։ Հրայր Մարուխեանը ընտրւեց ՀՅԴ Բիւրոյի անդամ։ 1964 թւականի սեպտեմբերին ընտանիքով տեղափոխւեց Լիբանան, որի մայրաքաղաքում էր գտնւում ՀՅԴ Բիւրոյի նստավայրը։
1967 թւականին՝ ՀՅԴ Ընդհանուր Ժողովին, նա վերընտրւեց երիտասարդ կազմ ունեցող ՀՅԴ Բիւրոյի անդամ, իսկ 1972 թւականի ապրիլին` Բիւրոյի ներկայացուցիչ Ա. Քաբաքէեանի մահից յետոյ, ստանձնեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի պարտականութիւնները։ Նոյն տարւայ դեկտեմբերին կայացաւ ՀՅԴ 20-րդ Ընդհանուր Ժողովը, երբ որդեգրւեց Դաշնակցութեան վերջին քառորդ տարւայ գործունէութիւնը պայմանաւորող քաղաքական ուղեգիծը, Հրայր Մարուխեանը ընտրւեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ։
Այնուհետեւ, մինչեւ 1994 թւականի յուլիսի 17-ը, նա յաջորդաբար վերընտրւեց այդ պաշտօնին։ Քաղաքական եւ կազմակերպական առումներով Դաշնակցութեան համար նոր հանգրւան սկսւեց 1988 թւականին, ՀՅԴ 24-րդ Ընդհանուր Ժողովի ժամանակ, երբ Արցախեան շարժման հետ Դաշնակցութեան գործունէութեան առանցքը դարձաւ դէպի Երկիր» նշանաբանի իրագործումը։
Անձամբ գլխաւորելով կազմակերպութեան վերընձիւղման աշխատանքները հայրենիքում՝ Հրայր Մարուխեանը, որպէս ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, գործուն ներկայութիւն ունեցաւ Հայաստանի քաղաքական թատերաբեմի վրայ՝ Արցախի ազգային-ազատագրական պայքարին եւ Հայաստանի ազգային զարթօնքի շարժմանը ըստ ամենայնի զօրակցելու առաջադրանքով։
1992 թւականի յուլիսի 29-ին, Լեւոն Տէր-Պետրոսեանը իր յայտնի ելոյթից յետոյ արձակեց Հայաստանից ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեանի արտաքսման հրամանագիրը։ Այնուհետեւ, աւելի քան երկու տարի, մինչեւ 1994 թւականի յուլիսի 17-ը, Հրայր Մարուխեանը դարձաւ իշխող վարչախմբի բռնապետական քայլերի դէմ ծաւալւած քաղաքական պայքարի խորհրդանիշը։
Հրայր Մարուխեանը իր մահկանացուն կնքեց 1998 թւականի դեկտեմբերի 21-ին։ Նրա փափագն էր ապրել Հայաստանում եւ իր կեանքը նւիրաբերել նորանկախ Հայաստանի ապագայ հզօրացման գործին։ Սակայն ճակատագիրը այլ կերպ դրսեւորւեց։ Հայաստանի նոր իշխանութիւնները վերանայեցին 1992 թւականի յուլիսի 29-ի որոշումը, եւ Հրայր Մարուխեանի աճիւնը տեղեփոխւեց Երեւան։
1998 թւականի դեկտեմբերի 26-ի թաղման արարողութեանը ներկայ էին նախագահ Ռոբերտ Քոչարեանը, մի շարք նախարարներ եւ բարձրաստիճան պաշտօնատար անձինք աշխարհի տարբեր մասերից։ Զինւորականներով ուղղեկցւող թաղման թափորը շարժւեց Երեւանի Կոմիտասի անւան կոնսերւատորիայի սրահից մինչեւ Քաղաքային պանթէոն: Կիրակի՝ 1998 թ.-ի դեկտեմբերի 27-ին Էջմիածնի Մայր Տաճարում, ինչպէս նաեւ աշխարհի տարբեր եկեղեցիներում, տեղի ունեցաւ հոգեհանգստի արարողութիւն:
Հրայր Մարուխեանի նւիրւածութիւնը եւ հաւատարմութիւնը հայ ժողովրդին, նորանկախ Հայաստանի Հանրապետութեան հզօրացմանը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքին միշտ մեծ պատկառանքով կը յիշւի ոչ միայն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, այլ նաեւ ողջ հայ ժողովրդի կողմից: