Դեկտեմբերի 15-ի լոյս 16-ի գիշերը ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների համաշխարհային ցանցի ներկայացուցիչները հեռավար աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Դաւիթ Բաբայեանի, պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարեանի եւ ԱԽ Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայ Դատի համակարգի շուրջ 60 ներկայացուցիչներ աւելի քան 25 երկրներից, այդ թւում Հայ Դատի Ամերիկայի, Եւրոպայի, Մերձաւոր Արեւելքի, Կանադայի, Աւստրալիայի ու Հարաւային Ամերիկայի տարածաշրջանային գրասենեակների պատասխանատուները։
Առցանց հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետութեան կառավարութեան ներկայացուցիչները եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչն անդրադարձել են ադրբեջանական հերթական ագրեսիայի հետեւանքով Արցախում ստեղծւած անվտանգային եւ սոցիալ-տնտեսական իրավիճակին, Արցախի շուրջ ստեղծւած արտաքին քաղաքական միջավայրին եւ իրավիճակի յաղթահարման ուղղութեամբ ձեռնարկւած քայլերին։
ՀՅԴ Հայ Դատի համակարգի ներկայացուցիչները ներկայացրել են նախընթաց օրերին ձեռնարկւած գործողութիւնները, աշխատանքի հիմանական ուղղութիւններն ու առկայ ձեռքբերումները։ Մտքեր են փոխանակւել ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների կողմից առաջիկայում ձեռնարկւող միջոցառումների եւ քաղաքական առաջնահերթութիւնների վերաբերեալ՝ Արցախի նկատմամբ միջազգային զօրակցութեան ապահովման, ադրբեջանական շարունակական ոտնձգութիւնների կանխարգելման, Արցախի Հանրապետութեան միջազգային շահերի պաշտպանութիւն ուղղութիւններով։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
16.12.2022 թ.