«Լաչինի միջանցքը արտաքին աշխարհի հետ ԼՂ-ի կապի ապահովման միակ ուղին է». ՀՀ դեսպան Իրանում

«Լաչինի միջանցքը արտաքին աշխարհի հետ ԼՂ-ի կապի ապահովման միակ ուղին է». ՀՀ դեսպան Իրանում

Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը հարցազրոյց է տւել «Թասնիմ» լրատւական գործակալութեանը: Գրում է News.am-ը:

Դեսպանը, անդրադառնալով Իրան-Հայաստան քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւններին, ընդգծել է՝ հայ-իրանական յարաբերութիւնները Հայաստանի անկախութիւնից ի վեր մշտապէս եղել են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթ ուղղութիւններից մէկը:

«Վերջին ժամանակահատւածում մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւնները, այդ թւում նաեւ 2020թ. 44-օրեայ պատերազմը, դրանում ահաբեկչական կազմակերպութիւնների ներգրաւումը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից էլ աւելի ցայտուն են դարձնում Հայաստանին եւ Իրանին ուղղւած համատեղ մարտահրաւէրները, ինչպէս նաեւ առաւել քան երբեւէ կենսական են դարձնում ՀՀ-ԻԻՀ երկկողմ յարաբերութիւնների առաւել խորացումը՝ ուղղւած տարածաշրջանում կայունութեան եւ անվտանգութեան ապահովմանը»,- ասել է դեսպան Աւագեանը։

Ինչ վերաբերում է հարցին, թէ որն է լինելու Հայաստանի փոխադարձ քայլը Կապանում Իրանի հիւպատոսութեան հիմնումից յետոյ, դեսպանը պատասխանել է, որ Կապանում ԻԻՀ գլխաւոր հիւպատոսութեան եւ Թաւրիզում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան բացման հարցը գործնական փուլ է մտել վերջին երկու տարում:

 «Իրանի կողմից Կապանում գլխաւոր հիւպատոսութեան բացումը յստակ կերպով ընդգծում է Սիւնիքի մարզի ռազմավարական նշանակութիւնը ՀՀ-ԻԻՀ ցամաքային կապի ապահովման տեսանկիւնից։ Նշւած տրամաբանութեան մէջ հայկական կողմն իր հերթին շահագրգռւած է ԻԻՀ Արեւելեան Ատրպատական նահանգի կենտրոն Թաւրիզ քաղաքում գլխաւոր հիւպատոսութեան բացմամբ, ինչի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մէջ են։

Իրանի հետ առեւտրատնտեսական յարաբերութիւնների համատեքստում Հայաստանի համար Թաւրիզն ունի առանձնայատուկ նշանակութիւն՝ նկատի ունենալով այդ քաղաքի տնտեսական, արդիւնաբերական եւ լոգիստիկ հնարաւորութիւնները։ Հետեւաբար, ՀՀ եւ ԻԻՀ կառավարութիւնների համատեղ ջանքերով հնարաւոր կը լինի զարգացնել եւ ամրապնդել հայ-իրանական սահմանով անցնող հազարամեայ երթուղին, որի կարեւորութեան մասին իր խօսքում յիշատակել է նաեւ Իսլամական յեղափոխութեան յարգարժան առաջնորդը»,- ասել է դիւանագէտը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագրի կնքմանը եւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, դեսպանն ընդգծել է՝ հայկական կողմը բազմիցս յայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ կնքել խաղաղութեան պայմանագիր, ինչպէս նաեւ իրականացնել սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց:

«Միջազգային հանրութեան կողմից կայ յստակ յորդոր՝ շարժւելու խաղաղութեան հաստատման ուղղութեամբ, սակայն իւրաքանչիւր հանդիպումից յետոյ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները կեանքի կոչելու փոխարէն Ադրբեջանը դիմում է նորանոր սադրանքների: Նման գործելաոճը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի կայունութեան համար։ Ադրբեջանը իր ագրեսիւ քաղաքականութիւնը շարունակում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայութեան հանդէպ՝ շարունակաբար ահաբեկելով տեղի բնակչութեանը՝ զուգորդւած զինւած գործողութիւններով ՌԴ խաղաղապահ զօրակազմի պատասխանատւութեան գօտում։ Հայկական կողմը բազմիցս շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման համատեքստում անկիւնաքարային է տեղի հայ բնակչութեան իրաւունքների եւ անվտանգութեան ապահովումը»,- մասնաւորապէս ասել է Իրանում ՀՀ դեսպանը:

Աւագեանի խօսքով՝ Հայաստանը հաւատարիմ է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ստանձնած յանձնառութեանը՝ ապահովելու յուսալի ցամաքային կապ Ադրբեջանի արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ։ Հայկական կողմը պատրաստակամութիւն է յայտնել քննարկել աւտոճանապարհային եւ երկաթուղային նոր ուղիների շինարարութեան հնարաւորութիւնը, սակայն այս ուղղութեամբ հայկական կողմի ներկայացրած մի շարք առաջարկներ Ադրբեջանը մերժել է՝ փորձելով զուգահեռներ անցկացնել Լաչինի միջանցքի հետ։

«Այս կապակցութեամբ պէտք է ընդգծել, որ բացի նրանից, որ Լաչինի միջանցքի գործունէութիւնը յստակ համաձայնեցւած է եռակողմ յայտարարութեամբ, այն նաեւ արտաքին աշխարհի հետ Լեռնային Ղարաբաղի կապի ապահովման միակ եւ կենսական ուղին է, առանց որի այն կը յայտնւի լիակատար շրջափակման մէջ, ուստի եւ տեղին չէ որեւէ զուգահեռ անցկացնել «Զանգեզուրի միջանցքի» եւ Ադրբեջանի արեւմտեան շրջանները Նախիջեւանի հետ կապող տրանսպորտային երթուղու միջեւ»,- պատասխանել է դեսպանը:

«alikonline.ir»

Share