Ֆրենկ Փալոնը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի թշնամական գործողութիւնները

Ֆրենկ Փալոնը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի թշնամական գործողութիւնները

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի թշնամական գործողութիւնները դատապարտելի են: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրէսական, Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:

«Ադրբեջանի թշնամական գործողութիւնները Լեռնային Ղարաբաղում դատապարտելի են: Արցախի ժողովրդին Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումն ադրբեջանցիների կողմից հսկայական վտանգ է ներկայացնում խոցելի բնակչութեան համար», — «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Փալոնը։

Ֆրենկ Փալոնն իր գրառմանը կից ներկայացրել է նաեւ ԱՄՆ կոնգրէսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահների տարածած յայտարարութիւնը, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ձեռնարկուած ագրեսիւ գործողութիւնները:

Աւելի վաղ կատարած գրառման մէջ Փալոնը ԱՄՆ պէտքարտուղարութեանը եւ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդին կոչ էր արել միջոցներ ձեռնարկել հայ ռազմագերի Վիգէն Էուլջեկեանի եւ բոլոր հայ ռազմագերիների կեանքը պաշտպանելու համար:

«Ադրբեջանն արդէն երկու տարուց աւելի է՝ ապօրինաբար գերութեան մէջ է պահում հայ ռազմագերի Վիգէն Էուլջեկեանին: Ալիեւի վարչակարգը նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսեւորել եւ թոյլ տուել  մարդու իրաւունքների տարբեր խախտումներ», — գրել էր ԱՄՆ կոնգրէսականը:

Share