Սիրելի հայրենակիցներ
Արդէն 24 ժամից աւելի է, ինչ Արցախի 120.000 մեր հայրենակիցները շրջափակման մէջ են:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ երեկուանից ՀՅԴ Հայ դատի աշխարհասփիւռ գրասենեակները լծուած են Ադրբեջանի ցեղասպան գործողութիւնները միջազգային հանրութեանը ներկայացնելու գործին:
Իրավիճակի առնչութեամբ այսօր Արցախի Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ եւ հանդէս եկել համայն հայութեանն ուղղուած կոչով, որտեղ յօդորում է օգտագործել բոլոր հնարաւորութիւնները տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծուած հումանիտար աղէտի մասին, տէր կանգնել արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեանն ու պատրաստ լինել այդ ուղղութեամբ անհրաժեշտ գործողութիւնների:
Ուստի, առաջիկայում հրատապ են հետեւեալ գործողութիւնները.
1. Բողոքի ակցիաներ՝ տարբեր երկրներում Ադրբեջանի եւ Թուրքիայի դեսպանատների առջեւ:
2. Բողոքի ակցիաներ՝ Հայաստանում միջազգային ներկայացուցչութիւնների մօտ։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 16։00-ին հաւաքւում ենք ՄԱԿ-ի ներկայացուցչութեան դիմաց։ Այնուհետեւ նամակներ կփոխանցենք Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ դեսպանատներ։
3. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ադրբեջանի ցեղասպան գործողութիւնները դատապարտող յայտարարութեան ընդունում։
Այս երեք ուղղութիւններով մենք աշխատանքներ ենք իրականացնում, որոնց մասին հանդէս կը գանք լրացուցիչ տեղեկութիւններով:
Իշխան Սաղաթելեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր