Անյաղթահարելի ցանկութիւն

Անյաղթահարելի ցանկութիւն

Վազգէն Մանուկեան

Հայ ժողովուրդը մարդկութեան զարգացման արժէքաւոր դերակատարներից է։ Պետք է կրկին ստանձնել այդ դերը։

Ամբողջ համաշխարհային պատմութիւնը ազգերի, երկրների, պետութիւնների միաւորումների, ընկերութիւնների (կրօնական, գաղափարական կամ մէկ այլ սկզբունքով միաւորուած) պայքար է, որը կարելի է բնութագրել հետեւեալ բանաձեւով՝

-տիրանալ եւ ստեղծել հնարաւորինս շատ հարստութիւն, ռեսուրսներ ու ազդեցութիւն,

-պաշտպանել ունեցածը,

-այնպէս բաշխել թիմի անդամների (պետութեան, ժողովրդի, միաւորումների եւ այլն) միջեւ, որ լինի հնարաւորինս արդար՝ ապահովելով համակարգի կայունութիւնը, միաժամանակ չխանգարելով եւ նպաստելով զարգացման արդիւնաւետութեանը։

(Հարստութեան հաւասար բաշխումը բերում է լճացման ու հետընթացի):

Նոյնիսկ եթէ առաջանում են նոր գաղափարներ, որոնք շրջում են մարդկութեան պատմութիւնը, գաղափարներ՝ հանուն որի մարդիկ գնում են բարիկադների, ուշ թէ շուտ այդ պայքարը նորից վերաճում է նոյն բանաձեւին։

Սառը պատերազմի աւարտից յետոյ, թւում էր, թէ սկսւում է մի նոր «ոսկէ դարաշրջան», որտեղ ոչ թէ արդէն այդ պայքարը նշանակութիւն ունի, այլ համամարդկային արժէքներն ու գաղափարները։ Թւում էր, թէ նուազելու են հակամարտութիւնները պետութիւնների միջեւ, ստեղծուելու է համաշխարհային արդար, ազատ մի նոր հանրութիւն՝ բարեկեցիկ ու երջանիկ մարդկանցով ու պետութիւններով։

Բայց վերջին տասնամեակներում մենք տեսնում ենք, որ մարդկութեան համաշխարհային պատմութեան այդ բանաձեւը՝ ունենալ, պաշտպանել եւ բաշխել, շարունակում է աշխատել:

Ես այս տեսանկիւնից եմ ուզում նայել Արցախի հարցին․ մի կողմ դնելով, որ դա մեր պատմական հողն է, մի կողմ դնելով մեր ազգային զգացմունքները, այն, որ այնտեղ հայեր են ապրում եւ այլն, Արցախը դիտարկէնք որպէս հարստութիւն, որպէս ռեսուրս։ Այս տեսակէտից դժուար է հաշուել Արցախի գինը, բայց հաշուի առնելով հանքերը (միայն վերջերս Բերձորում յայտնաբերուեց հանք, որտեղ, ըստ որոշ հաշուարկների, կայ մօտ 50 միլիարդ դոլարի ոսկու պաշար), հաշուի առնելով քաղցրահամ ջրի պաշարները, որն այսօր աշխարհում համարւում է ապագայ սերունդների ամենամեծ դեֆիցիտներից մէկը, հաշուի առնելով Արցախի բերրի հողերը, որով Արցախը ոչ միայն իրեն, այլեւ Հայաստանին էր ապահւում սննդի որոշ պաշարով, հաշուի առնելով ամբողջ աշխարհում սննդի համար պայքարը՝ կարելի է հաշուել, որ Արցախը մինչեւ 2020 թ․ եղած սահմաններով առնուազն 200-250 միլիարդ դոլարի արժէք ունէր։ Դա նշանակում է, որ Արցախի (որի մի մասն այժմ մերը չէ) կորուստը  Արցախի ու Հայաստանի իւրաքանչիւր անձի համար կնշանակի 100 հազար դոլարի կորուստ։

Եթէ վերոնշեալ բանաձեւով (ունենալ շատ ռեսուրսներ, պաշտպանել եւ արդիւնաւետ բաշխել) խնդրին նայենք, ապա Արցախը մեծ հարստութիւն է։

Ինչ վերաբերում է պաշտպանուածութեանը, ապա մենք այդ խնդիրը լիարժէք չենք կարողանում լուծել (չանդրադառնանք պատերազմի ու պարտութեան պատճառներին, այդ մասին շատ է խօսուել)։

Երրորդ հարցը՝ հարստութեան ստեղծում եւ արդիւնաւետ բաշխում, Հայաստանի ամենամեծ պրոբլեմն է անկախութիւնից ի վեր։ Այդ բաշխումն անարդար է եւ անհաւասարաչափ, ինչը պայմանաւորուած է ոչ այնքան արդիւնաւետութեան գործոնով, այլ հիմնականում՝ իշխանութիւնների հովանաւորչութեամբ, մասնակցութեամբ եւ ոմանց խոչընդոտելով, ինչը կար ի սկզբանէ ու շարունակւում է մինչ օրս։

Մինչեւ 2020 թ․ եղած սահմաններով Արցախն առնուազն 200-250 մլրդ դոլարի արժէք ունէր

Եւ դա բերեց նրան, ինչին որ բերեց։

Ո՞րն է Արեւմուտքի հարստացման եւ հզօրացման գաղտնիքը

Հարց է առաջանում՝ մի՞թէ Արեւմուտքի ներկայ ապշեցուցիչ հարստութիւնն ու կեանքի բարձր որակը պայմանաւորուած են այն բանաձեւով, որը ես նշեցի։ Որովհետեւ թւում է, թէ Արեւմուտքի հարստութիւնը ձեւաւորւում է իրենց ներքին կեանքի ճիշտ կազմակերպման միջոցով, գիտութեան, կրթութեան, տեխնիկայի,  տեխնոլոգիաների զարգացման միջոցով, որով նրանք անհամեմատ առաջ են ընկել աշխարհի միւս երկրներից, չնայած արդէն որոշ երկրներ կարողանում են այդ տեխնոլոգիաներով հասնել նրանց։

Ինչի՞ց սկսուեց Արեւմուտքի հարստութիւնն ու ազդեցութիւնը, որը գործում է արդէն շուրջ 500 տարի։ Մինչ այդ,  հարիւրամեակների ընթացքում, արեւմուտքն աղքատ եւ բաւականին անգրագէտ մի հասարակութիւն էր, մոռացուած էին Հին Հունաստանի ստեղծած գիտական, մշակութային արժէքները, մոռացուած էր ամէն ինչ։

Արեւմուտքի զարգացման կարեւոր նախադրեալ դարձան Խաչակրաց արշաւանքները։ Այն ժամանակ հարստութիւնը, նաեւ գիտութիւնը հիմնականում կենտրոնացած էին արաբական, մահմեդական երկրներում, Չինաստանում։ Գիտութիւնը ոչ միայն ստեղծում է հարստութիւն, գիտութիւնը նաեւ արդիւնք է այն հասարակութեան, որն արդէն հարստացած է եւ կարողանում է ռեսուրսներ ու ժամանակ ծախսել գիտութեան զարգացման համար։

Խաչակրաց արշաւանքները բերեցին նոր գիտելիքներ, նոր գիտութիւն, նոր ռեսուրսներ։

Արեւմուտքի զարգացման կարեւոր էջ դարձաւ Ամերիկայի յայտնաբերումը Կոլումբոսի կոմից, երբ տեղի քաղաքակրթութիւնները ոչնչացնելով՝ այդ հսկայական հարստութիւնը տեղափոխեցին Եւրոպայ։

Երբ Մեծ Բրիտանիան գրաւեց Հնդկաստանը, սկսուեց գաղութատիրութիւնը, որը մեծ դժբախտութիւններ բերեց շատ ժողովուրդների, բայց Բրիտանիայում ապահովեց մեծահարուստների մի նոր շերտի ձեւաւորումը։

Չինաստանը, ամբողջ Ասիան, Աֆրիկան Արեւմուտքի գաղութատիրութեան տակ էին։ Եւ աղքատ արեւմտեան հասարակութիւնը սկսեց հարստանալ, սկսեցին զարգանալ մշակոյթը, գիտութիւնը, կրթութիւնը, տեխնոլոգիաները, կառուցուեց մի նոր աշխարհ, որտեղ բնական ռեսուրսները շատ էժան էին եւ այդ պետութիւններին զարգանալու հնարաւորութիւն էին տալիս։

Արեւմուտքում սկսուեց արդէն նոր փուլ, երբ այդ հսկայական հարստութիւնը կուտակուել էր մի խումբ մարդկանց ձեռքում, ձեւաւորուել էր մեծահարուստների մի նոր շերտ, սակայն պետութիւնների ներքին կեանքի կառուցուածքը, հարստութեան բաշխման անարդիւնաւետութիւնը  չէր խթանում յետագայ զարգացումն ու նոր արժէքների ստեղծումը։ Եւ տեղի ունեցան յեղափոխութիւններ։ Լուծւում էր հարստութեան արդար եւ արդիւնաւետ բաշխման խնդիրը։

Այդ յեղափոխութիւնների միջոցով Եւրոպան կարողացաւ կառուցել նաեւ դէմոկրատական հասարակարգ, որն արդէն լաւագոյն ձեւով կարողանում էր ապահովել պետութեան յետագայ զարգացումը եւ այնպէս բաշխել ռեսուրսները, որ դժգոհութիւն չառաջացներ ժողովրդի մէջ եւ համապատասխաներ ռեսուրսների արդիւնաւետ օգտագործման եւ բաշխման սկզբունքներին։

Ստեղծուեց ֆինանսական, բնական ռեսուրսների մի համաշխարհային համակարգ, որը հնարաւորութիւն է տալիս միւս ժողովուրդների հաշուին ապահովել իրենց ժողովուրդների բարեկեցութիւնը։

Կարողանալով զաւթել հսկայական հարստութիւններ՝ Արեւմուտքն այդ հարստութեան վրայ կառուցեց հասարակութիւն, որը կրկնապատկեց, տասնապատկեց այդ հարստութիւնն արդէն իր ստեղծագործական աշխատանքով։ Նրանք կարողացան պաշտպանել իրենց ունեցուածքը՝ ստեղծելով աշխարհի ամենահզօր բանակները։

Այդպիսով, նշուած բանաձեւը՝ տիրել, պաշտպանել եւ բաշխել, լաւագոյնս իրականացրեց Արեւմուտքը, եւ հէնց դրանով է պայմանաւորուած նրա զարգացումն ու հզօրութիւնը մինչ օրս։

Ի՞նչ վաստակեցին այդ ժամանակաշրջանում հայերը

Հայ ժողովրդի պատմութիւնը հիմնականում ներկայացնում են որպէս պետութեան պատմութիւն։ Այդ 500 տարուայ ընթացքում հայերը պետութիւն չունէին, բայց հայ ժողովրդի այդ ժամանակաշրջանի պատմութիւնը շատ արժէքաւոր է։

Այն ժամանակ, երբ Անգլիան ուզում էր նուաճել Հնդկաստանը, անգլիացիները գնահատեցին, որ Հնդկաստանի հարստութեան, առեւտրի, ազդեցութեան մի զգալի մասը գտնւում է հայերի ձեռքում, ուստի առանց հայերի օժանդակութեան չէին կարող նուաճել Հնդկաստանը։

Հայ վաճառականներին Հնդկաստանում եւ նրա շրջակայ երկրներում տրուեցին Անգլիայի քաղաքացու բոլոր արտօնութիւններն ու իրաւունքները։

Իսկ Անգլիայում պառլամենտը որոշում ընդունեց, որ անգլիական բանակում հայերն իրաւունք ունեն ծառայելու նաեւ որպէս սպայ։ Մինչ այդ միայն անգլիացիները սպայ լինելու իրաւունք ունէին։

Հնդկաստանը նուաճելուց յետոյ անգլիացիները սկսեցին դուրս մղել հայերին տնտեսական ասպարէզից, եւ Հնդկաստանում տեղի ունեցաւ յայտնի Բենգալեան ապստամբութիւնն անգլիացիների դէմ, որի ղեկավարը հայ էր, ապստամբութեանը մասնակցում էր 11 զօրամիաւորում, որոնցից մէկն ամբողջութեամբ կազմուած էր հայերից։

Երբ հոլանդացի առեւտրականներն առաջին անգամ ոտք դրեցին Չինաստան, իրենց կառավարութեանն ուղղուած զեկոյցներում յայտնում էին, որ Չինաստանի  առեւտրի մի զգալի մասը հայերի ձեռքում է, հայերը մազերը հիւսում են չինացիների պէս, շատ մեծ կշիռ ունեն Չինաստանում, եւ պէտք է հայերի հետ լեզու գտնել, որպէսզի իրենք էլ կարողանան դեր ունենալ այնտեղ։

Այդ ժամանակաշրջանում մենք ունեցել ենք հայ վաճառականների նաւատորմ, նաւերից ամէն մէկն առանձին ընկերութիւնների, անհատների էր պատկանում, բայց իր ընդհանուր քանակով աւելի մեծ էր, քան անգլիական ողջ նաւատորմը։

Ֆիլիպիններում հայ վաճառականների ելումուտը, ի տարբերութիւն այլ օտարազգիների, ազատ է եղել՝ խրախուսուելով տեղական իշխանութիւնների կողմից։ Որոշ ոլորտներում առեւտրի մենաշնորհն այնտեղ հայերի ձեռքում էր։

Մենք դիզել ենք հսկայական հարստութիւններ, արժէքներ մասնաւոր, անյատական տիրոյթում, մեծ դերակատարում ենք ունեցել այժմեան քաղաքակրթութեան մէջ, մասնաւորապէս՝ մշակոյթի, զինուորականութեան, գիտութեան, յեղափոխութիւնների, Ռեֆորմացիայի մէջ։

Այն, որ մենք ունեցել ենք այդպիսի արդիւնքների հասնելու հնարաւորութիւններ, ցոյց է տալիս մեր ժողովրդի շնորհքը։

Ազգերի մասին իր յօդուածում Կանտը գրում է, որ հայերը մի իւրայատուկ շնորհք ունեն եւ Եւրոպայի մի ծայրից մինչեւ Ասիայի միւս ծայրը կարողանում են առեւտուր անել, զբաղուել տնտեսութեամբ՝ վայելելով բոլոր ժողովուրդների յարգանքն ու սէրը։

Այդ ամէնի հետ մէկտեղ մենք չունէինք պետութիւն եւ չկարողացանք պաշտպանել մեր հսկայական հարստութիւնը։ Մենք ոչ միայն կորցրեցինք այդ ամէնը, այլեւ կամաց-կամաց մէզ դիտաւորեալ մոռացութեան էին տալիս պատմութիւնից։ Բոլոր պետութիւններն էլ շահագրգռուած էին իրենց վերագրել այն ամենն, ինչ ստեղծել էին հայերը։ Պատմութիւնը գրում են յաղթողները։

Ճիշտ է, մենք կորցրեցինք այդ բոլոր հարստութիւնները, բայց այդ ժամանակաշրջանը շատ մեծ նշանակութիւն ունեցաւ հայ ժողովրդի համար։ Պետութիւնը կորցնելով՝ հայերը կարողացան ստեղծել համաշխարհային ցանց եւ շփուելով տարբեր ազգերի հետ, աշխատելով տարբեր բնագաւառներում՝ ձեռք բերեցին նոր որակներ։ Եւ ցանցային կառուցուածքի ու նոր որակների այդ ձեռքբերումները շատ մեծ նշանակութիւն ունեն այսօրուայ ժամանակաշրջանում եւ մէզ լրացուցիչ առաւելութիւններ են տալիս։

Այդ որակները գումարուեցին մեր ժողովրդի այն որակներին ու արժէքներին, որոնք կարող ենք տեսնել՝ նայելով այդ 500 տարուց աւելի հետ, այն ժամանակները, երբ հայկական պետութիւնը պայքարում էր Հռոմի դէմ եւ իր գաղափարական, կրօնական զարգացումն ապրում Երուսաղեմում։

Ի՞նչ խնդիր ենք մենք այժմ դնում մեր առջեւ

1988 թ․ ԽՍՀՄ-ում գտուող Հայկական հանրապետութեան զարգացումով, Սփիւռքի հզօրացումով, աշխարհում տեղի ունեցող պրոցեսներով  մէզ համար ստեղծուել էր ամենաբարէնպաստ վիճակը, որը չենք ունեցել հարիւրամեակների ընթացքում․

Այդ ժամանակ խնդիր դրուեց․

– Արցախը՝ մեր պատմական այն բեկորը, որը բնակեցուած է մեր հայրենակիցներով, վերամիաւորել Հայաստանին, ստեղծել ազգային արժէքների վրայ հիմնուած ժամանակակից անկախ պետութիւն՝ ապահովելով մեր քաղաքացիների ազատութիւնները, պաշտպանուածութիւնը, օրինական ճանապարհով բարեկեցիկ կեանք կառուցելու հնարաւորութիւնը։

-Վերամիաւորել Սփիւռքը՝ ունենալով ոչ միայն պետութիւն, այլ նաեւ համաշխարհային թիմ, կառոյց եւ այլ ժողովուրդների ու պետութիւնների հետ մրցակցութեան, համագործակցութեան միջոցով դառնալ ազդեցիկ, բարգաւաճող եւ յարգուած մի ազգ, մտնել արդէն յայտնի համաշխարհային մեծ խաղի մէջ։

Որոշ բաներ ստացուեցին, որոշ հարցերում ձախողուեցինք։ Եւ այդ ձախողումների, անյաջողութիւնների մեղաւորն ուրիշները չէն, այլ միայն եւ միայն մենք։

Այժմ ունեցանք ցաւալի պարտութիւն եւ կրում ենք այդ պարտութեան հետեւանքները։

Այս տարածքում փոքր խնդիր դնել եւ գոյատեւել անհնարին է։ Մեծ խնդիրը՝ համաշխարհային ազգ դառնալը, պահանջում է մեծ լարուածութիւն, բայց նաեւ ապահւում է մեծ արդիւնքներ, որոնց պտուղները պէտք է հասանելի լինէն մեր ողջ ժողովրդին։ Միայն այդ դէպքում է հնարաւոր դառնում գոյատեւումն ու զարգացումը։

Փոքր նպատակների ձգտելով՝ ոչ մի բանի չենք հասնի։ Մեծ նպատակների ձգտելով՝ փոքր հարցերն ինքնաբերաբար կը լուծուէն։ Սա է խնդիրը։

Հետեւաբար մենք պէտք է կարողանանք կրկին մեր մէջ ուժ գտնել, ոտքի կանգնել եւ, օգտուելով այն հնարաւորութիւններից, որոնք գոյութիւն ունեն այսօր նոյնիսկ մեր պարտութիւնից յետոյ՝ կապուած աշխարհում տեղի ունեցող նոր իրողութիւնների հետ, չիջեցնելով այն նշաձողը, որ դրել ենք մեր առջեւ 1988-ին, գնալ առաջ։ Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք ապահովել նաեւ իւրաքանչիւրիս անձնական ձգտումը՝ հասնելու յաջողութեան ու երջանկութեան։

Հետեւաբար մենք պէտք է կարողանանք կրկին մեր մէջ ուժ գտնել, ոտքի կանգնել եւ, օգտուելով այն հնարաւորութիւններից, որոնք գոյութիւն ունեն այսօր նոյնիսկ մեր պարտութիւնից յետոյ՝ կապուած աշխարհում տեղի ունեցող նոր իրողութիւնների հետ, չիջեցնելով այն նշաձողը, որ դրել ենք մեր առջեւ 1988-ին, գնալ առաջ։ Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք ապահովել նաեւ իւրաքանչիւրիս անձնական ձգտումը՝ հասնելու յաջողութեան ու երջանկութեան։

Հազարամեակների ընթացքում մենք ապացուցել ենք, որ մեծ շնորհ ու ձիրք ունեցող ժողովուրդ ենք եւ պարտաւոր ենք գնալ այդ ճանապարհով՝ ոչ միայն ապահովելու մեր եւ ապագայ սերունդների արժանապատիւ ու ազատ կեանքը, այլ մենք պատասխանատու ենք նաեւ մարդկութեան առջեւ։ Ես համոզուած եմ՝ ճիշտ է այն միտքը, որ մարդկութեան զարգացումը տեղի է ունենում ազգերի, պետութիւնների մրցակցութեան միջոցով, եւ իւրաքանչիւր ազգ ունի իր առաքելութիւնը։ Եւ եթէ ինքն իր առաքելութիւնը չի կատարում, ապա դրանով վնաս է բերում ոչ միայն իրեն, այլեւ ողջ մարդկութեանը։

Իսկ ինչպե՞ս է հնարաւոր լուծել այն մեծ խնդիրները, որոնք դնում ենք մեր առջեւ։

Նախեվառաջ դա հնարաւոր է այն դէպքում, երբ մեծ խնդիր լուծելու այդ գաղափարով վարակուի մեր ժողովուրդը, լինի գիտակցում, որ դա միակ ճանապարհն է եւ դա է ապահովելու բոլորիս հպարտութիւնը, բարեկեցութիւնն ու անվտանգութիւնը։

Այդ դէպքում մենք պահանջատէր կը լինենք արդէն ոչ թէ այլ երկրների նկատմամբ, այլ ինքներս մեր նկատմամբ, մեր հասարակութեան նկատմամբ, պետական ինստիտուտների, պետութեան ղեկավարների նկատմամբ։

Այդ դէպքում մենք միշտ էլ որպէս պետութեան ղեկավար կգտնենք այն մարդկանց, որոնք կարող են մէզ տանել այդ ճանապարհով, ազնիւ, հայրենիքն ու ժողովրդին սիրող, այդ գաղափարին նուիրած խելացի մարդկանց։ Այդ դէպքում կը լինի նաեւ միասնական հասարակական պահանջ, եւ մենք կը կարողանանք հեշտութեամբ փոխել այն իշխանութեանը, որը չի համապատասխանում այդ չափանիշներին եւ վերջապէս դուրս կը գանք այն վնասաբեր բանաձեւից, որը ձեւաւորուեց մեր անկախութեան ստեղծման գրեթէ սկզբից՝ «ով ուզում է գայ, միայն թէ սրանք գնան»։

Ինչ վերաբերում է այս ճանապարհի առաջին քայլերին, ապա դա առանձին քննարկման առարկայ է։ Բայց նշեմ, որ այժմ մէզ պէտք չէ որեւէ փաստաթղթով սահմանափակել մեր հնարաւորութիւնները՝ լինի դա պայմանագիր Ադրբեջանի, Թուրքիայի, թէ մէկ այլ երկրի հետ։ Պետք է արագօրէն կարողանալ արդիականացնել եւ նորից մարտունակ դարձնել մեր բանակը, առողջացնել հասարակութիւնը, պետական ինստիտուտները եւ յատկապէս կրթական համակարգը։

Ինչ վերաբերում է հարցին՝ լինել Արեւմուտքի՞ հետ, թե՞ Ռուսաստանի, ապա դա սին հարց է, որովհետեւ  մենք պէտք է լինենք բոլորի հետ՝ ամէն անգամ հաշուի առնելով, թէ ում հետ համագործակցելով կարող ենք լուծել մեր հարցերը։ Այդ երկրները, այդ օրիենտացիաները ժամանակի հետ միշտ էլ կփոխուէն (մի ժամանակ այդ երկրներն էին Ասորեստանը, Հին Հռոմը, Բիւզանդիան եւ այլն)։ Մենք պէտք է լինենք մէզ հետ՝ չուանելով ոչ մի պետութիւն եւ կարողանալով համագործակցել բոլորի հետ։

Յետագայ քայլերն արդէն կթելադրէն հանգամանքները, եթէ մենք անշեղօրէն հետապնդէնք մեր առջեւ դրուած խնդիրներն ու նպատակները։

Հայ ժողովուրդը մարդկութեան զարգացման արժէքաւոր դերակատարներից է։ Պետք է կրկին ստանձնել այդ դերը։

ankakh.com

Share