«Ադրբեջանը պատրաստւում է յարձակուել մինչեւ Նոր տարի». Մելքոնեան

«Ադրբեջանը պատրաստւում է յարձակուել մինչեւ Նոր տարի». Մելքոնեան

Դեկտեմբերի 5-ին Բաքու են ժամանել Թուրքիայի պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը եւ այդ երկրի Գլխաւոր շտաբի պետը։ Նոյն օրը նաեւ մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնները, որոնց աշխարհագրութիւնը տարածւում է մինչեւ Իրանի հետ սահմանակից Աստարա, Իմիշլի եւ Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններ: Նշենք, որ, ըստ զօրավարժութիւնների սցենարի, նախատեսւում են վարժանքներ, որոնց նպատակն է անցնել Արաքս գետը եւ հակառակորդի թիկունքում ճեղք բացել։

168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում պատմական գիտութիւնների թեկնածու, «Հայկական նախագծի» համահիմնադիր եւ «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգէյ Մելքոնեանը մեկնարկած թուրք-ադրբեջանական զօրավարժութիւնները դիտարկեց ոչ թէ ընդդէմ Իրանի, այլ ընդդէմ Հայաստանի նախապատրաստւող ռազմական գործողութիւնների համատեքստում։

«Ադրբեջանը պատրաստւում է յարձակւել մինչեւ Նոր տարի. այդ երկիրը հիմա հետապնդում է երկու նպատակ. նախ՝ վերահսկողութիւն սահմանել Լաչինի միջանցքում, որպէսզի կարողանան ստուգել անցնող-դարձողներին, յայտնաբերել Պաշտպանութեան բանակում ծառայածներին եւ նրանց ձերբակալել։ Եկէք յիշենք, որ Ադրբեջանում Արցախի ՊԲ-ում ծառայածների նկատմամբ հիմա ընթանում են քրէական վարոյթներ։ Հէնց այս նպատակի համար է նաեւ Ադրբեջանին պէտք Լաչինով միջանցքը։ Ադրբեջանի երկրորդ նպատակը Սիւնիքով միջանցքն է. այն զօրավարժութիւնները, որոնք այսօրւանից մեկնարկել են, ուղղւած են Հայաստանի եւ ոչ թէ Իրանի դէմ։ Հիմա թուրք-ադրբեջանական տանդեմը տեսնում է, որ Ռուսաստանն ուկրայինական ճակատում ունի խնդիրներ, իսկ Իրանում ներքին ճգնաժամ է սկսւել. Իրանը հիմա ռազմական գործողութիւնների պատրաստ չէ, հետեւապէս, Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ստեղծւել է պատմական պահ՝ Հայաստանի վրայ յարձակւելու համար։

Այո՛, Սիւնիքով միջանցքը Իրանի համար կարմիր գիծ է, բայց Իրանը հիմա պատրաստ չէ ընդդէմ Ադրբեջանի ռազմական գործողութիւնների՝ իր ներսում առաջացած լուրջ խնդիրների պատճառով»,- ասաց Մելքոնեանը՝ յատուկ ուշադրութիւն հրաւիրելով այն հանգամանքի վրայ, որ թուրք-ադրբեջանական զօրավարժութիւնների սցենարների մէջ է մտնում հակառակորդի աւտոշարասիւներին հետեւելը, դրանք կանգնեցնելը, անձնագրերը ճիշտ ստուգելը։

Ըստ Մելքոնեանի՝ այս սցենարից պարզ է դառնում, որ Ադրբեջանը դա անելու է, երբ հաստատւի Լաչինի միջանցքում։

Պատմական գիտութիւնների թեկնածուի փոխանցմամբ՝ այս սպառնալիքներին դիմակայելու համար Հայաստանի իշխանութիւնը ոչինչ չի ձեռնարկում, աւելին՝ ոչինչ չի անում նաեւ այն ժամանակ, երբ Ադրբեջանը սպառնալիք է ստեղծում Հայաստանից Արցախ գնացող ՀՀ քաղաքացիների համար, որոնք մնացել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, որն ապօրինի փակել էին ադրբեջանցիները։

«Ադրբեջանի նպատակն է Արցախը հայաթափել եւ դա անել նաեւ տնտեսապէս Արցախը խեղդելով, դրա համար է թիրախաւորել տնտեսական կենտրոններից մէկը՝ Դրմբոնի հանքը։ Պէտք է ընդգծել, որ այս քայլով Ադրբեջանը խախտեց 2022 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան կէտերից մէկը, իսկ այդ յայտարարութիւնը ստորագրած կողմերից միւսը՝ Հայաստանի իշխանութիւնը, մինչեւ հիմա շարունակում է պահել լռութիւն այդ խախտման ու սպառնալիքի վերաբերեալ։ Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանութեան համար այն, ինչ կատարւում է Արցախում, համարւում է Ադրբեջանի ներքին գործ։ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները փաստացի բլոկադայի մէջ էին յայտնւել, իսկ դրա վերաբերեալ Հայաստանի իշխանութեան լռութիւնը նշանակում է, որ Հայաստանի քաղաքացու անվտանգութիւնը այս իշխանութիւնը չի կարող ապահովել, ինչն անելու համար իր ստորագրութիւնն է դրել փաստաթղթերի տակ։ Այս իշխանութիւնը նաեւ որեւէ նախապատրաստութիւն չի տեսնում ապագայում կանխելու համար Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակման կրկնութիւնը, կամ դրա նման պրովոկացիաները»,- խօսքը եզրափակեց Մելքոնեանը։

Share