ԱՄՆ 60 սենատորներ ու ներկայացուցիչներ կոչ են անում մեծացնել անվտանգութեան օգնութիւնը Հայաստանին․ ANCA

ԱՄՆ 60 սենատորներ ու ներկայացուցիչներ կոչ են անում մեծացնել անվտանգութեան օգնութիւնը Հայաստանին․ ANCA

ԱՄՆ 60 սենատորներ եւ ներկայացուցիչներ, միանալով դէմոկրատ սենատորներ Ալեքս Պադիլլայի եւ Աննայ Էշուի նամակին, կոչ են արել Կոնգրեսի առաջնորդներին մեծացնել անվտանգութեան օգնութիւնը Հայաստանին եւ մարդասիրական օգնութիւնը Արցախի փախստականներին, յայտնում է Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը (ANCA):

Մասնաւորապէս, Պադիլա- Էշուի նամակում կոչ է արւում, որպէս ԱՄՆ արտաքին ռազմական ֆինանսաւորում,10 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին, եւ յաւելեալ օգնութեան օրինագծով մարդասիրական օգնութիւն՝ էթնիկ զտումների հետեւանքով Արցախից տեղահանուած 120 հազար հայերի կարիքները բաւարարելու համար, փոխանցում է ANCA-ն։

«Լաչինի միջանցքի ամիսներ տեւած շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի վրայ Ադրբեջանի դաժան, անհիմն ռազմական յարձակումը սարսափելի մարդասիրական ճգնաժամ է ստեղծել՝ ստիպելով աւելի քան 100 հազար էթնիկ հայեր լքէն իրենց տները», — ասել է սենատոր Պադիլլան՝ շարունակելով․ — «ԱՄՆ-ը պէտք է քայլեր ձեռնարկի այս արտակարգ դրութիւնը լուծելու համար։ Ես վճռականօրէն կոչ եմ անում Կոնգրեսի ղեկավարութեանը արտաքին օգնութեան փաթեթում ներառել Հայաստանին անվտանգութեան եւ հումանիտար աջակցութիւնը»:

Աննայ Էշոն իր հերթին յայտարարել է․ — «Հայաստանին շտապ անհրաժեշտ է ԱՄՆ օգնութիւնը՝ Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանելու իր ժողովրդավարութիւնը եւ մեղմելու հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների հետեւանքով։ Քանի որ Կոնգրեսը պատրաստում է օրինագիծ՝ աջակցելու մեր խոցելի ժողովրդավարական դաշնակիցներին ամբողջ աշխարհում, Հայաստանը պէտք է ներառուի այդ ցուցակում»:

Ազգային անվտանգութեան լրացուցիչ ֆինանսաւորման օրինագիծը կուերանայուի յաջորդ շաբաթ, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը։

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողութիւններից յետոյ աւելի քան 100 հազար բնակիչներ լքեցին Արցախը։

Share