Հայաստանի մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեան իր ՖԲ էջում գրել է՝
Իմ ներկայացրած փաստէրից, հիմնաւորումներից յետոյ Աւստրալիայի New South Wales նահանգի խորհրդարանի խօսնակը նախաձեռնեց Ադրբեջանի պատերազմական յանցանքները Հայաստանում ու Արցախում դատապարտելու եւ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զօրքերը դուրս բերելու բանաձեւ։ Բանաձեւի նախագծին միացան մի շարք պատգամաւորներ:
Մասնաւորապէս, երէկ Սիդնեյում Աւստրալիայի New South Wales նահանգի խորհրդարանի խօսնակ, Աւստրալիայ- Հայաստան դաշնային միջխորհրդարանական միութեան (Բարեկամութեան խումբ) ղեկավար Ջոնաթօն Օ’Դէյ եւ մի շարք պատգամաւորների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել եմ Հայաստանում ու Արցախում Ադրբեջանի իշխանութիւնների յանցանքների ու այլ անօրինական արարքների հետեւանքով անվտանգութեան եւ մարդկանց համար առաջացրած լրջագոյն խնդիրները։
Հանդիպմանը մասնակցել են Աւստրալիայի Հայ դատի յանձնախմբի (Armenian National Committee of Australia) Պատուոյ նախագահ Գրիգոր Սողոմոնեանը եւ գործադիր տնօրէն Մայքլ Քոլոքոսեանը (Michael Kolokossian)։
Քարտեզների վրայ փաստագրումներով ներկայացրել եմ Իրաւունքի եւ արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամի փաստերը կապուած ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների հետ՝ սկսած 2021թ. մայիսի 12-ց մինչեւ 2022թ. սեպտեմբերի 14-ը, ինչպէս նաեւ խօսել է արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի մասին։
Մանրամասն ցոյց եմ տուել ադրբեջանական վերջին ներխուժումների հետեւանքները Ջերմուկում, Սիւնիքի ու Գեղարքունիքի մարզերում՝ շեշտելով, որ փաստերը ցոյց են տալիս, որ Ադրբեջանը չի պատրաստւում հեռանալ մեր տարածքներից․ կատարում է թէ´ ՀՀ օկուպացուած տարածքներում, թէ´ գիւղերի հարեւանութեամբ ու ճանապարհներին իր անօրինական զինուած տեղակայումների ամրացման աշխատանքներ, անգամ պատրաստւում ձմռանը՝ անօրինական կառուցելով զինուորական ճանապարհներ, դիրքեր, շինութիւններ ու բունկերներ։
Ներկայացրել եմ նաեւ քաղաքացիական բնակավայրերն աւերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու, հայ գերեւարուած զինծառայողներին գնդակահարելու ապացոյցները: Ընդ որում, խօսել եմ նաեւ այն մասին, որ հայ գերիները շարունակում են ապօրինի պահուել Ադրբեջանում եւ օգտագործուել քաղաքական ու ռազմական շահերի համար առեւտրի նպատակով:
Տտեղեկացրել եմ, որ ադրբեջանական կողմի կրակոցները ՀՀ սահմանային դարձած գիւղերի հարեւանութեամբ ամենօրեայ են դարձել։ Նրանք մարդկանց ահաբեկում են ու կեանքն այդ գիւղերում դարձրել են անհնարին։
Ցուցադրել եմ նաեւ ադրբեջանական հայատեացութեան ու ֆաշիզմի հասած քաղաքականութեան ապացոյցները. անպատժելիութեան հովանաւորութեան այս քաղաքականութիւնը ոչ միայն չի նուազում, այլ աւելի է խորացել՝ լինելով իշխանութիւնը պահպանելու գործիք: Խոսքը բոլոր ոլորտների մասին է՝ սկսած կրթութեան բոլոր մակարդակներից մինչեւ մշակոյթ եւ ունի թէ՛ կրօնական, թէ՛ էթնիկ հիմքեր:
Որպէս լուծում՝ շեշտել եմ, որ առաջնային ու հրատապ հարց է այն, որ ադրբեջանական զինուած տեղակայումները պէտք է հեռացուէն ոչ միայն ՀՀ ներխուժած տարածքներից, այլ նաեւ ՀՀ գիւղերի մօտից ու համայնքների միջեւ ճանապարհներից, պէտք է լինի ապառազմականացուած անվտանգութեան գօտի, որպէսզի վերականգնուի մարդկանց բնականոն կեանքը, իրաւունքներն ու անվտանգութիւնը:
Աւստրալիայի Հայ դատի յանձնախմբի հրաւէրով կազմակերպուած այցի շրջանակներում դեռ շարունակւում են իմ հանդիպումները։