Ադրբեջանական թերթը յարձակւում է Սասունեանի վրայ՝ լոբբինգի վրայ Ադրբեջանի վատնած միլիարդների մասին յայտարարելու համար

Ադրբեջանական թերթը յարձակւում է Սասունեանի վրայ՝ լոբբինգի վրայ Ադրբեջանի վատնած միլիարդների մասին յայտարարելու համար

Յարութ Սասունեան
«Կալիֆորնիայ կուրիեր» թերթի հրատարակիչ
http://www.TheCaliforniaCourier.com

Անցեալ շաբաթ Alpha News հեռուստաընկերութիւնը խնդրեց ինձ մեկնաբանել ԱՄՆ Սենատի միաձայն որոշումը (100 կողմ, 0 դէմ  ձայների յարաբերակցութեամբ), որը երկու տարով կասեցնելու է նախագահ Ջոյ Բայդենի իրաւասութիւնը՝ շրջանցելու Միացեալ Նահանգների ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդուածը, որն արգելում է օգնութիւն տրամադրել Ադրբեջանին։ Եթէ Ներկայացուցիչների պալատը նոյնպէս հաւանութիւն տա այս օրինագծին, ապա այն կ’ուղարկուի նախագահին՝ ստորագրելու համար, որից յետոյ այն օրէնքի ուժ կը ստանայ: 1992 թուականից ի վեր ԱՄՆ բոլոր նախագահները, ներառեալ նախագահ Բայդէնը վերջին երկու տարիներին, շրջանցել են 907-րդ յօդուածը՝ այդպիսով տասնեակ միլիոնաւոր դոլարների օգնութիւն տրամադրելով Ադրբեջանին։
Սենատի որոշումը զայրացրել է Ադրբեջանի արտգործնախարարութեանը, որն այն որակել է որպէս հարուած հայ-ադրբեջանական յարաբերութիւններին եւ չեղարկել իր մասնակցութիւնը նոյեմբերի 20-ին նախատեսուած Վաշինգտօնի բանակցութիւններին երկու երկրների արտգործնախարարների միջեւ։
Alpha News-ին տուած հարցազրոյցի ժամանակ ես յայտարարեցի, որ ոչ մի ամերիկացի սենատոր դէմ չի եղել հակաադրբեջանական օրինագծին, չնայած Ադրբեջանը վարձել է բազմաթիւ խոշոր լոբբիստական ընկերութիւններ՝ Վաշինգտօնում իր շահերը պաշտպանելու համար: Սա նշանակում է, որ  վերջին երկու տասնամեակների ընթացքում Ադրբեջանը վատնել է տասնեակ միլիոնաւոր դոլարներ՝ վճարելով այդ անօգուտ լոբբիստական ընկերութիւնների համար։ Աւելացնեմ, որ այս լոբբիստական ընկերութիւնների աշխատանքը վերահսկելու անմիջական պատասխանատուն Վաշինգտօնում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմն է։ Հետեւաբար, ցանկացած կառավարութիւն, որը կիմանայ նման հսկայական գումարների վատնման մասին, անմիջապէս կազատի իր դեսպանին։ Եթէ նախագահ Ալիեւը չազատի դեսպան Իբրահիմին, ուրեմն նա նոյնքան պատասխանատու կը լինի անօգուտ լոբբիստական ընկերութիւնների վրայ միլիոնաւոր դոլարների վատնման համար, որոնք չէն կարողացել համոզել 100-ից գոնէ մի սենատորի քուէարկել հօգուտ Ադրբեջանի:
Alpha News-ին տուած հարցազրոյցից մի քանի օր անց Ադրբեջանի առաջին անգլիալեզու թերթը՝ AzerNews-ը, հրապարակեց ծաւալուն յօդուած՝ «Կաշառք տալով կոնգրէսականներին, հայկական լոբբին վտանգ է ներկայացնում Երեւանի ապագայի համար» վերնագրով, յարձակուելով անձամբ ինձ վրայ՝ այն բանի համար, որ յայտարարել եմ՝ Ադրբեջանը միլիոնաւոր դոլարներ է վատնել լոբբինգի վրայ։ Ահա թէ ինչպէս են վարւում անամօթ մարդիկ, երբ ուրիշներին մեղադրում են այնպիսի բաների համար, որոնցում իրենք են մեղաւոր:
Ամբողջ աշխարհը տեղեակ է Ադրբեջանի տխրահռչակ «խաւիարային դիւանագիտութեան» եւ ադրբեջանական փողերի լուացման մասին, որ միլիարդաւոր դոլարներով կաշառում է քաղաքական գործիչներին ողջ Եւրոպայում՝ Ադրբեջանի օգտին ձայներ տալու համար՝ Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների կոպիտ խախտումները եւ նրա կեղծ նախագահական ընտրութիւնները արդարացնելու համար:
AzerNews-ն անամօթաբար յայտարարում է, որ «արտէրկրում Հայաստանի լոբբիստական կազմակերպութիւնները միլիոններ, իսկ գուցէ միլիարդներ են լցնում կոնգրէսականների գրպանները,  ուստի, Արեւմուտքից կը հնչէն անհիմն եւ կողմնակալ կարծիքներ ընդդէմ Ադրբեջանի»։
Վերոնշեալ նախադասութեան մէջ կան մի քանի լուրջ սխալներ։ Նախ, Հայաստանի կառավարութիւնը ոչ մի ամերիկեան լոբբիստական ընկերութիւն չի վարձել պարզապէս այն պատճառով, որ չունի այն հսկայական նաւթադոլարները, որոնք ունի Ադրբեջանը, եւ որոնք վատնում է Վաշինգտօնում լոբբիստական ընկերութիւնների վրայ՝ փոխարէնը իր երկրում հոգ տանելու իր աղքատ ժողովրդին: Երկրորդ, ամերիկահայ կազմակերպութիւնները միլիոնաւոր, էլ չասած միլիարդաւոր դոլարներ չունեն, որ «լցնեն կոնգրէսականների գրպանները»։ Ամերիկահայերին հարկաւոր չէ կաշառել որեւէ մէկին։ Երբ քո գործն արդար է, դու կարիք չունես որեւէ մէկին կաշառելու ճշմարտութեան մէջ համոզելու համար: Միայն այն դէպքում, երբ դու զանգուածային յանցագործութիւններ ես կատարում, ինչպէս բազմիցս անում են Ադրբեջանը եւ Թուրքիան, պէտք է միլիոնաւոր ու միլիարդաւոր դոլարներ ծախսես քո յանցագործութիւնները կոծկելու համար:
AzerNews-ն այնուհետեւ մեղադրել է Ադրբեջանին՝ ասելով, որ Բաքուն «ոչ միայն հետաքրքրուած է մասնակցել գործընկերութեան որոնման այս աճուրդին, որը Հայաստանը շռայլօրէն անում է հիմա»: Թեեւ այս նախադասութիւնը քերականօրէն սխալ է կազմուած, ադրբեջանցի գրողը կարծես թէ ընդունում է, որ Ադրբեջանը ձգտում է կաշառել օտարերկրեայ պաշտօնեաներին: Սա անօգուտ յայտարարութիւն է, քանի որ Ադրբեջանը տարիներ շարունակ արդէն կաշառում է օտարերկրեայ պաշտօնեաներին։
Ադրբեջանը աշխարհի ամենավերջին երկիրն է, որ կարող է զրպարտել Հայաստանին կամ որեւէ այլ երկրի, քանի որ Բաքուն ղեկավարում է մի բռնապետ, որը բանտարկում է լրագրողներին եւ իրաւապաշտպաններին, իսկ նրա զինուորները նողկալի ռազմական յանցագործութիւններ են կատարում, ինչպիսիք են բռնաբարութիւնները եւ գլխատումները: Ադրբեջանը ներխուժել է Արցախ եւ ցեղասպանութիւն իրագործել հայ բնակչութեան նկատմամբ։ Աւելին, ադրբեջանցի զինուոր Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում ՆԱՏՕ-ի կազմակերպած ուսումնական սեմինարի ժամանակ կացնահարեց քնած հայ զինուորին՝ գլխատելով նրան։ Ալիեւը կաշառեց Հունգարիայի կառավարութեանը նրան բանտից ազատելու համար, իսկ յետոյ նրան ներում շնորհեց ու հռչակեց ազգային հերոս։
Ես շնորհակալ եմ AzerNews-ին՝ Գլենդելում (Կալիֆորնիայ) իմ տուած հարցազրոյցին Բաքուից ուշի ուշով հետեւելու եւ անհիմն ու կեղծ պատասխաններ գրելու համար: Յոդուածագիրը՝ AzerNews-ի գլխաւոր խմբագրի տեղակալ Էլնուր Էնուէրօղլուն, շատ ջանքեր է գործադրել ոչ միայն իմ հեռուստատեսային հարցազրոյցը գտնելու, այլեւ այն հայերենից անգլերեն թարգմանելու համար։

Թարգմանութիւնը՝ Ռուզաննա Աւագեանի

Share