Իշխան Սաղաթելեանի ելոյթը Բեյրութում՝ ՀՅԴ 132-ամեակին
ՀՅԴ-ի օրուան նուիրուած ձեռնարկը աւանդոյթի համաձայն մեր ժողովրդին հաշուետուութիւն տալու լաւ հնարաւորութիւն է, արժեւորելու մեր անցած ճանապարհը, խօսելու մեր բացթողումներից, մեր չարած գործերից, ինչպէս նաեւ գնահատելու ներկայ իրավիճակը եւ անելիքները։ Այս մասին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ՀՅԴ-ի 132-ամեակին նուիրուած միջոցառման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։
«Դաշնակցութեան օրը սովորաբար մեր համար եղել է տօնակատարութիւն, ցաւօք այսօր դա այդպէս չէ, քանի որ Դաշնակցութիւնը վիրաւոր է, քանի որ հայրենիքը մասնատուած է, Արցախի մեծ մասը թշնամու տիրապետութեան տակ է, իսկ թշնամու զօրքերն այսօր արդէն մեր ինքնիշխան տարծքում են։ Հայ ժողովրդի պատմութեան մէջ սա շատ դժուարին եւ ճակատագրական փուլ է։ Ես վստահ եմ, որ մենք միասին՝ համահայկական միասնութեամբ, կարող ենք դուրս գալ ստեղծուած իրավիճակից»։
Նրա խօսքով՝ լիաբանանահայութիւնը հայկական Սփիւռքի ողնաշարն է։ Լիբանանահայութիւնը անցնող 30 տարիների ընթացքում իր կայուն աջակցութիւն է ունեցել Հայաստանի եւ Արցախի զարգացման գործում, իր մասնակցութիւնն է ունեցել Արցախի եւ՛ առաջին, եւ՛ երկրորդ պատերազմին, իր դերն է ունեցել երկրի սոցիալական, տնտեսական կեանքում։
«Այսօր լիբանանահայութիւնը եւս դժուարութիւններ է կրում, երկրի սոցիալական, տնտեսական վիճակը մի շարք խնդիրներ է ստեղծել համայնքի համար։ Ես վստահ եմ, որ դուք այս դժուարութիւնը եւս յաղթահարելու եք եւ պատուով դուրս գաք այս իրավիճակից, եւ շարունակեք ձեր լայն աջակցութիւնը հայրենիքին։ Յենց այդ գործում մեծ է Դաշնակցութեան առաքելութիւնը։ Դաշնակցութիւնը մէկ անձի կազմակերպութիւն չէ, ով այլ կերպ է մտածում, նա չի ճանաչում Դաշնակցութեանը։ Դաշնակցութիւնը այլ քաղաքական ուժերի կամ անհատների կողմից առաջնորդուող կազմակերպութիւն չէ, ով հակառակն է պնդում՝ նա չի ճանաչում Դաշնակցութեան էութիւնը։ Դաշնակցութիւնը աշխարհաքաղաքական կենտրոնների կամ այլ ուժերի ձեռքին խաղալիք չէ, ով այլ կերպ է մտածում՝ նա չի ճանաչում Դաշնակցութեան հայկականութեան խորքը եւ ոգին։ Դաշնակցութիւնը անցեալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի տեսլական ունեցող ազգային կազմակերպութիւն է՝ իր ժողովրդի պաշտպանը, իր ժողովրդի զինուորը, եւ հէնց այսօր Դաշնակցութիւնն ունի այդ առաքելութիւնը։ Ես հաւատում եմ Դաշնակցութեան առաքելութեանը, հայ ժողովրդի բազկին եւ կամքին։ Ես հաւատում են արցախցու ոգուն, եւ վստահեցնում, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, երբեք չի հայաթափուելու, Հայաստանը երբեք չի թուրքացուելու»,- շեշտեց պատգամաւորը։
ՀՅԴ-ական գործիչը վստահ է, որ համահայկական միասնականութեամբ, համահայկական դիմադրութեամբ, Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիսանութեան վերականգնումով յաղթահարելու ենք այս բոլոր դժուարութիւնները եւ կերտենք նոր արշալոյս։
«Կէ՛ցցէ լիբանանահայութիւնը, կէ՛ցցէ Արցախը, կէ՛ցցէ Հայաստանը, կէ՛ցցէ Սփիւրքը»,- աւելացրեց նա։