Եկեք զոհի կերպարից դուրս գանք, մտնենք պայքարի մէջ

Եկեք զոհի կերպարից դուրս գանք, մտնենք պայքարի մէջ

Մարիաննայ Ղահրամանեան

«Հրապարակ»-ի զրուցակիցը Արցախի ժողովրդի հաւաքական հայրենադարձութեան եւ հիմնարար այլ իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանեանն է:

– Մի առիթով ասել էիք՝ եթէ մենք Արցախի հարցով չզբաղուենք, Արցախի հարցն է մէզնով զբաղուելու: Նկատի ունէիք ՀՀ անվտանգութեան խնդիրը: Ինչո՞ւ է կարեւոր վերադարձի խնդիրը բանակցութիւնների օրակարգ բերելու հարցը:

– Իհարկէ, եթէ մենք Արցախի հարցով չզբաղուենք, Արցախի հարցն է մէզնով զբաղուելու եւ զբաղւում է։ Չգիտեմ, եթէ դիւանագիտութեամբ զբաղուող մարդ կայ եւ սա չի հասկացել, իսկապէս զարմանալի է, որովհետեւ սա փաստ է։ Մենք ասենք, որ մէզ համար Արցախի հարցը փակուած է, գոյութիւն չունի, եւ մտածենք, որ իրօք Արցախի հարց գոյութիւն չունի՝ ուղղակի միամտութիւն է։ Այսօր Ադրբեջանի ամէն քայլը բխում է Արցախի շուրջ նախորդ 25-30 տարիներին տեղի ունեցած իրադարձութիւնների պրիզմայից, տրամաբանութիւնից։ Ալիեւն այսօր մէզնից այդ 30 տարիների իրադարձութիւնների հետ կապուած վրէժն է լուծում՝ ե՛ւ միջանցքի պահանջը, ե՛ւ Հայաստանի տարածքների նկատմամբ իր յաւակնութիւնները, ե՛ւ, առհասարակ, այնպիսի պայմանագիր ձեռք բերելը, որով ուղղակի հարցը մէկընդմիշտ կփակուի, ինչպէս նաեւ Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեան պահանջը: Սրանք` բոլորը, Արցախի հետ առնչութիւն ունեցող հարցեր են, արցախեան հակամարտութեան այդ տարիներին տեղի ունեցող իրադարձութիւններին ի պատասխան տրամաբանութիւնից են բխում, հետեւաբար, միամտութիւն է կարծել, որ ասելով՝ Արցախի հարցը փակուած է, հնարաւոր է յոյս ունենալ, որ երաշխաւորում ենք Հայաստանի անվտանգութիւնը։ Ճիշտ հակառակն է՝ միայն Արցախի հարցը հետ բերելով բանակցային օրակարգ, մենք մէզ կարող ենք աւելի պաշտպանուած զգալ։

Ես այստեղ մի զուգահեռ անցկացնեմ․ երբ 30 տարի մենք ունէինք Արցախ եւ հարակից տարածքներ, Հայաստանն առաւել անվտանգ էր, սահմաններն անխոցելի էին, ունէինք ռազմաքաղաքական, ստրատէգիական խորք եւ առաւել պաշտպանուած էինք զգում մէզ։ Կորցրինք Արցախը, հարակից տարածքները, Հայաստանի սահմանները դարձան խոցելի, Ադրբեջանն արդէն մխրճուել է Հայաստանի սահմաններից ներս եւ սպառնում է լրացուցիչ մեծ կորուստներով։ Այսօր Հայաստանն իսկապէս վտանգուած է, որովհետեւ չկայ Արցախը, չկան հարակից տարածքները։ Նոյն տրամաբանութիւնն աշխատում է բանակցութիւններում․ երբ դու բանակցային սեղանի վրայ չունես Արցախի հարց, օրակարգային են դառնում միայն Հայաստանին վերաբերող հարցերը՝ սահմանազատում, որն արդէն Հայաստանի տարածքին է վերաբերում, միջանցքի հարց, ադրբեջանցիների վերադարձ Հայաստան․․․։ Այնքան է սահմանափակւում օրակարգը, որ դու նոյնիսկ առեւտուր անելու հնարաւորութիւն չունես, եւ Հայաստանն աւելի խոցելի է դառնում արդէն բանակցային հարթութիւնում, ուստի Արցախի հարցը, արցախահայութեան՝ իրենց հայրենիք վերադառնալու հարցն օրակարգ բերելով մենք ստանում ենք բանակցային խորք, իսկ այն թեզը, որ այս հարցն օրակարգ բերելով մենք կարող ենք պատերազմ հրահրել կամ հրահրել այն, որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, ուղղակի անթոյլատրելի արգումենտ է եւ բացարձակապէս իրականութեանը չի համապատասխանում։

Ընդհակառակը՝ այս հարցն օրակարգ բերելով, մենք նպաստում ենք առաւել կայուն խաղաղութեանը, իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցիների վերադարձին, դա բոլորովին այլ հարթութեան խնդիր է։ Տոյուոյ Կլաարի՝ ԵՄ ներկայացուցչի վերջին հարցազրոյցը նայեք, ասում է՝ մէկը միւսի հետ որեւէ կապ չունի․ ադրբեջանցիները լքել են Հայաստանը 90-ականների սկզբին, հայերը՝ Ադրբեջանը, իսկ Արցախը բոլորովին այլ է։ Եւ դրանք համեմատութեան մէջ դնելն ուղղակի ժողովրդին մոլորեցնելու միջոց է։

– Այն, ինչ տեղի ունեցաւ 2020-ին, դրանից յետոյ, հիմա, դիւանագիտութեան ձախողման հետեւանք է: Կոմպետենտ ու ճիշտ դիւանագիտութեան արդիւնքում հնարաւո՞ր է շտկել իրավիճակը, այն պայմաններում, երբ մէզ վերաբերող հարցերը վաղուց առանց մէզ՝ միմեանց հետ պայմանաւորուելով են լուծում:

– Աեօ, 2018 թ․ իշխանափոխութիւնից յետոյ Հայաստանի նոր իշխանութիւնները դիւանագիտական փորձ չունէին եւ մերժեցին նախկինում կուտակուած փորձից օգտուելը, ընտրեցին իրենց ինքնուրոյն ճանապարհը։ Այդ փորձի եւ դիւանագիտական հմտութեան բացակայութեան պայմաններում ձախողումների այսպիսի շարք եղաւ։ Ահաւասիկ, 6 տարի անց ասել, որ իշխանութիւնները փորձ են կուտակել, սխալ կը լինի, որովհետեւ կուտակուած փորձը ձախողումների, պարտութեան փորձ է, դա բացասական փորձ է, եւ յոյս ունենալ, որ այդ 6 տարիների դիւանագիտական փորձի հիման վրայ հնարաւոր է ինչ-որ բան շտկել, ուղղել եւ յաջողութիւն ունենալ, դժուար է պատկերացնել։

Միանշանակ, այստեղ իշխանութիւններն օգնութեան կարիք ունեն, բայց նրանք ո՛չ հարցնում են, ո՛չ ցանկանում են այդ օգնութիւնը, ուղղակի շարունակում են իրենց ճանապարհը, ուստի մենք դատապարտուած ենք նոյն այս ճանապարհը շարունակել, որը կարող է, իսկապէս, առաւել ծանր վիճակում դնել Հայաստանը։ Մեր շուրջը ստեղծուած իրավիճակը բաւականին բարդ է, գլոբալ իրավիճակն է բարդ, իշխանութիւններն ուղղակի չունեն ճիշտ կողմնորոշուելու հմտութիւն։ Այսօր՝ այս պայմաններում, մենք դաշնակիցներ չունենք` հներին կորցրել ենք, նորերը ձեռք չենք բերել եւ չենք կարողանում ինչ-որ քաղաքական ուղղութիւն վերցնել ու դրանով առաջնորդուել։

Նայեք, նախորդ բոլոր իշխանութիւններն ինչ-որ ուղենիշ ունէին՝ Տեր-Պետրոսեանի ժամանակ դա հաւասարակշռութեան քաղաքականութիւնն էր, մեր ժամանակ` 10 տարի, կոմպլեմենտար քաղաքականութիւն էինք որդեգրել, որը միանշանակ դրական արդիւնքներ էր տուել՝ ե՛ւ Արցախի հարցում, ե՛ւ տարածաշրջանային յարաբերութիւններում։ Դրանից յետոյ՝ Սերժ Սարգսեանի ժամանակ, այսպէս կոչուած, բազմաւեկտոր քաղաքականութիւն էր հռչակուել։ Անկախ նրանից, թէ դրա տակ ինչ բովանդակութիւն էին դնում, ուղենիշ կար, առնուազն։ Հայաստանի գործող իշխանութիւններից ես չեմ տեսել այդ ուղենիշը, եւ այս անորոշ վիճակում, իսկապէս, ակնկալել, որ մենք դրական արդիւնքներ կ’ունենանք, միամտութիւն կը լինի։ Սա, իհարկէ, բաւականին ծաւալուն, առանձին հարցազրոյցի թեմայ է, ես շատ ընդհանուր անդրադարձայ, որովհետեւ ամէն մի բառի տակ խորը բովանդակութիւն կարող է լինել։ «Կոմպլեմենտար»-ը մէկ բառ է, բայց դրա տակ լուրջ բովանդակութիւն կայ, եւ ես կարծում եմ, որ այսօր Հայաստանի համար այդ ճանապարհը ճիշտ ճանապարհ կը լինի։ Մի օրինակ բերեմ՝ Սառը պատերազմից յետոյ ԱՄՆ-ի քաղաքականութիւնը Սուէտական Միութեան նկատմամբ մէկ բառով էր բնորոշւում՝ զսպման քաղաքականութիւն՝ containment, բայց դա շատ խորքային բովանդակութիւն ունէր, հատորներ են գրուել այդ 1 բառի շուրջ։

Արտաքին քաղաքականութիւնները մէկ բառով են բնութագրւում, բայց այդ բառն իր բովանդակութիւնն ունի։ Այսօր Հայաստանում դա իսպառ բացակայում է, եւ դրա հիմնական պատճառը փորձի, հմտութիւնների պակասն է եւ, որ առաւել վտանգաւոր է ՝ այս 6 տարիների բացասական փորձի կուտակումը։

– Որքան էլ աշխարհաքաղաքական իրավիճակը բարդ լինի, ու Ալիեւին յաջողուի օգտուել դրանից, ուռճացուած չէ՞ այդ երկրի «անպարտելի» կերպարը:

– Իհարկէ, Ադրբեջանը շատ խոցելի պետութիւն է բոլոր առումներով՝ ժողովրդաւարութեան, մարդու իրաւունքների, տնտեսութեան, նոյնիսկ` նաւթային պաշարների սպառման, նաւթի գնի անկման, բայց յոյս դնել այդ ամէնի վրայ, որ դա հիմք կը լինի մէզ համար՝ ուժային առաւելութեան հասնել Ադրբեջանի նկատմամբ, սխալ ճանապարհ է։ Մենք այսօր մեր մրցակցութիւնն Ադրբեջանի հետ պէտք է դիտարկէնք դիւանագիտական հարթութեան վրայ, դրա համար էլ դիւանագիտական հմտութիւնն առաջնային է դառնում, եւ այն բոլոր հարցերը, որ ես հարցազրոյցում քննարկել եմ, վերաբերում են դիւանագիտութեանը, եւ այդ առումով ես կարծում եմ՝ մենք կը կարողանանք առաւելութիւն ունենալ ու արդիւնքների հասնել։ Իհարկէ, զուգահեռաբար, մենք ներսում՝ Հայաստանում, բազմաթիւ խնդիրներ ունենք լուծելու՝ ժողովրդավարութիւնից մինչեւ տնտեսութիւն, բանակի վերազինում։ Դիւանագիտական աշխատանքին, արցախցիների վերադարձի եւ Արցախի հարցը կենդանի պահելուն զուգահեռ, այդ ամենով պէտք է զբաղուել, պետութիւնն ամրացնել, հասնել ներքին միասնութեան։ Մենք պէտք է կարողանանք մեր դաշնակցային յարաբերութիւնները ճիշտ կառուցել, ունենալ արտաքին քաղաքականութեան յստակ ուղենիշ, վարել արդիւնաւետ քաղաքականութիւն։ Բայց նորից վերադառնալով գլխաւոր հարցին՝ հայրենազրկման առաջին տարելիցին, եկեք զոհի կերպարից դուրս գանք, մտնենք պայքարի մէջ, ունենք բոլոր հիմքերը` արցախահայութեան` իրենց տներ վերադառնալու հարցը բերելու օրակարգ եւ փորձելու միասնական ջանքերով դա անել հնարաւորինս կարճ ժամկէտում։

Share