«100.000 հայ պէտք է հրապարակ գայ՝ պահանջելով Նիկոլ Փաշինեանի հրաժարականը». Յարութ Սասունեան

«100.000 հայ պէտք է հրապարակ գայ՝ պահանջելով Նիկոլ Փաշինեանի հրաժարականը». Յարութ Սասունեան

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Յարութ Սասունեանը Արցախի ապաշրջափակման հարցով մեկնարկած համաժողովրդական շարժումը թէեւ համարում է ուշացած, այդուհանդերձ, անհրաժեշտ՝ հանրային համախմբման տեսանկիւնից:

168.am-ի հետ զրոյցում Յարութ Սասունեանը խօսեց առաւել կոշտ քայլերի դիմելու անհրաժեշտութեան մասին՝ պարզաբանելով.

«Այս բոլոր միջոցառումները պէտք է անէին ոչ թէ շուրջ 200 օր սպասելուց յետոյ, այլ առաջին մի քանի օրերին, եւ գուցէ ինչ-որ արդիւնքի հասնէին: Այժմ որ անում են, դա էլ լաւ է, բայց այսօր արդէն շատ աւելի կոշտ միջոցառումների պէտք է դիմէն. ամբողջ ժողովուրդը պէտք է ոտքի կանգնի, եւ 100 հազար հայ Հայաստանում պէտք է հրապարակ գայ՝ պահանջելով Նիկոլ Փաշինեանի հրաժարականը: Դա պէտք է լինի ամենաառաջին քայլը, ինչը մեր ժողովուրդը չի անում:

Պետք է աւելի կոշտ մեթոդների դիմել, ու ոչ թէ կանգնել ՄԱԿ-ի գրասենեակի առջեւ, դեսպանատների առջեւ. պէտք է գնալ դէպի Լաչին՝ թէ՛ Արցախի, եւ թէ՛ Հայաստանի կողմից, ու ստիպել, որ միջանցքը բացէն»:

Ի պատասխան հարցին՝ արդեօ՞ք Արցախի ապաշրջափակման պահանջով ինչ-ինչ գործողութիւններ իրականացնում է Միացեալ Նահանգներում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը եւ, մասնաւորապէս, այս իշխանութեան մաս կազմող դեսպան Լիլիթ Մակունցը, ամերիկահայ գործիչը ցաւով արձանագրեց այս ճգնաժամային փուլում դեսպանի ոչ բաւարար աշխատանքը եւ նոյնիսկ անգործութիւնը:

«Ինձ ոչ մի բան չի զարմացնում: Երբ Փաշինեանն աշխարհի ամենահզօրագոյն երկրի մայրաքաղաք մի դեսպանի է ուղարկում, որը գաղափար իսկ չունի իր աշխատանքից, դրանից կոպիտ սխալ չէր կարող արուել: Նոյնիսկ ամենաետամնաց երկրները, երբ ուզում են դեսպան ուղարկել Վաշինգտօն, ընտրում են ամենակարող անձին:

Հայաստանը Միացեալ Նահանգների նման գերհզօր պետութիւն պէտք է ուղարկեր իր ամենափորձառու դիւանագէտին, ոչ թէ՝ ամենաանկարող, անփորձ: Այս կինը շուրջ երկու տարի է այստեղ է՝ ոչ մի աշխատանք չենք տեսնում. ժամանակ առ ժամանակ գուցէ ինչ-որ փոքր քայլեր անում է, բայց Վաշինգտօնում մարդը կարող է 24 ժամ աշխատել ու դեռ չհասցնել բոլոր գործերն անել, եւ ոչ թէ ամիսը մէկ անգամ 1 հանդիպում ունենաս:

Այս կինը աշխատանք չի տանում ո՛չ Արցախի համար, ո՛չ Հայաստանի»,- մանրամասնեց Յարութ Սասունեանը:

Ամփոփելով իր խօսքը՝ սփիւռքահայ գործիչը առկայ իրավիճակից միակ ելքը համարեց բանակցողի փոփոխութիւնը:

«Մեր թիւ մէկ առաջնահերթութիւնը վարչապետի հեռացումն է, եւ նրան պէտք է փոխարինի մի նոր մարդ՝ յուսալով, որ նա կարող մարդ կը լինի: Բայց նոյնիսկ ամենակարող մարդը չի կարող կարճ ժամանակում Հայաստանը դարձնել դրախտ, որովհետեւ Փաշինեանը մեր ազգը այնքան խորը փոս է գցել, որ շատ դժուար է այդ փոսից դուրս գալը, բայց այդ նոր մարդը առնուազն երկու դրական քայլ կարող է անել՝ մէկը, որ կը փորձի ինչ-որ չափով բարելաւել մեր իրավիճակը, եւ երկրորդը՝ չի թողնի, որ ամէն օր արթնանանք ու տեսնենք, որ մեր երկիրը կանգնում է նոր փորձանքի առաջ։

Եթէ վարչապետին տուն ուղարկէնք, կը նայենք՝ ով ունենք, ով է ամենակարողը»,- շեշտեց նա:

Share