ԵՄ-ի 10 երկրներ համատեղ յայտարարութիւն են ստորագրել՝ «Ազատութիւն» ռադոկայանի «ֆինանսաւորման այլընտրանքային աղբիւրներ փնտրելու» պատրաստակամութեան մասին, որը փակուելու սպառնալիքի տակ է ԱՄՆ կառավարութեան կողմից ֆինանսաւորման կրճատման պատճառով:
«Ազատութիւն» ռադիոկայանը յայտնում է, որ յայտարարութիւնը ստորագրել են Աւստրիան, Բելգիան, Չեխիան, Էստօնիան, Գերմանիան, Լատուիան, Լիտուան, Նիդեռլանդները, Սլովենիան եւ Շուեդիան։
Նրանում ասւում է, որ «Ազատութիւն» ռադիոկայանը «կենսական դեր է խաղացել քաղաքացիներին անկախ, անկողմնակալ եւ փաստէրի վրայ հիմնուած տեղեկատուութիւն տրամադրելու գործում, յատկապէս այն շրջաններում, որտեղ մամուլի ազատութիւնը վտանգի տակ է»:
«Սառը պատերազմի ողջ ընթացքում այն յուսալի լուրերի կենսական աղբիւր է հանդիսացել երկաթէ վարագոյրի հետեւում գտնուող լսարանի համար՝ առանցքային դեր խաղալով մեր շատ երկրների պատմութեան մէջ»,- ասւում է փաստաթղթում։
Յայտարարութեան հեղինակները նշում են, որ «Ազատութիւն» ռադիոկայանը «նպաստում է եւրոպական անվտանգութեան ապահովմանը», եւ դրա լուծարումը «նուէր կը լինի Եւրոպայի հակառակորդներին»։
«Ազատութիւն ռադիոկայանին» աջակցելու նախաձեռնութիւնը առաջարկուել է Չեխիայի կողմից։ Ինչպէս գրում է Politico-ն, հէնց Պրահան է բարձրացրել այդ հարցը մարտի 17-ին Բրիւսելում ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:
Ազատութեան կայքէջի համաձայն «Ազատ Եւրոպայ/Ազատութիւն» ռադիոկայանը (RFE/RL) ֆինանսաւորւում է Միացեալ Նահանգների համաշխարհային հեռարձակման գործակալութեան կողմից՝ որպէս մասնաւոր դրամաշնորhառու։ Այն գործում է 23 երկրներում՝ 25 լեզուներով:
Վիքիպեդիայի համաձայն Ազատ Եւրոպա կայանը սկսելէ 1949ին մինչ 1951ին հիմնադրուած Ազատութիւն (Լիբերթի) ռադիոկայանը ֆինանսւորուել է Սի.Այ.Էյ.ի միջոցով նինչև 1972 թուականը: Այս երկու կայանները միաւորուել են 1976ին:
Միացեալ Նահանգների համաշխարհային հեռարձակման գործակալութիւնը վերահսկում է ԱՄՆ կառավարութեան հովանաւորած արտասահմանեան հեռարձակումները 1989ից: Այն գրանցուած է իբրև ոչ հասոյթաբեր ընկերութիւն: