ՔՊ դրամահաւաքին առնչուող բացայայտումից մօտ 10 օր անց քրէական գործ չի յարուցուել

ՔՊ դրամահաւաքին առնչուող բացայայտումից մօտ 10 օր անց քրէական գործ չի յարուցուել

«Քաղաքացիական պայմանագրի» դրամահաւաքին առնչուող աղմկահարոյց բացայայտումից մօտ տասն օր անց քրէական գործ չի յարուցուել: Դատախազութիւնից միայն նշում են, թէ լրագրողների հրապարակումը դեռ ուսումնասիրում են:

Թափանցիկ գործելաոճը խրախուսող վարչապետ Փաշինեանը թէեւ ծանօթ է իր ղեկավարած կուսակցութեան վերաբերեալ հետաքննութեանը, բայց երկու օր առաջ խորհրդարանի ամբիոնից որեւէ պարզաբանում չներկայացրեց՝ ինչպե՞ս են Երեւանի աւագանու ընտրութիւններին ընդառաջ կասկածելի ծագման գումարներ փոխանցուել կուսակցութեան հաշուեհամարին: Այս եզրակացութեանն էին յանգել «Ինֆօքոմի» լրագրողները՝ ուսումնասիրելով նուիրատուների ցուցակը:

«Ես ինքս էլ տեսել եմ այդ հրապարակումը, մենք էլ կուսակցութեան ներսում քննարկել ենք այդ իրավիճակներն ու իրադրութիւնները եւ, բնականաբար, մտադիր ենք նաեւ պարզաբանել եւ հասկանալ, թէ ինչի մասին է խօսքը եւ ինչը ինչի համար է տեղի ունեցել», — նշել է Փաշինեանը:

Ըստ հետաքննութեան հեղինակների՝ բացի նրանից, որ քաղաքացիների անունից են անյայտ ծագման փոխանցումներ իրականացուել, նաեւ իշխանութեան հետ փոխկապակցուած գործարարներին պատկանող ընկերութիւնների աշխատակիցներն են 2.5 միլիոն դրամ տուել ՔՊ-ին քարոզչական ծախսէրի համար: Լրագրողների տեղեկութիւններով, սակայն փոխանցուած գումարները հէնց այդ ընկերութիւններին էլ պատկանում են, պարզապէս իշխող կուսակցութեանը նուիրատուութիւն անելու համար բաժանուել են մարդկանց: Սրան եւս վարչապետը չանդրադարձաւ: Փոխարէնը պնդեց, թէ «իրենց թափանցիկութեան շնորհիւ են այդ տուեալները հասանելի դարձել»:

«Կներեք, հետաքննող լրագրողները որտեղի՞ց գիտէն, հետախուզական ծառայութիւններն են յայտնաբերե՞լ: Հայաստանի պետական մարմինների պաշտօնական կայքերից վերցրած տեղեկութիւնների հիման վրայ կառուցած տեղեկութիւն է: Բա թափանցիկութիւնը պոզով-պոչով է լինո՞ւմ», — ընդգծեց Նիկոլ Փաշինեանը:

«Քաղաքացիական պայմանագրի» նուիրատուների ցուցակը մինչ այժմ որեւէ պաշտօնական կայքում հրապարակուած չէ: Աւելին՝ կուսակցութիւնը ամիսներ շարունակ մերժել է դրանք տրամադրելու լրագրողների հարցումները։ Իսկ ցուցակը փոխանցուել է միայն, երբ «Ինֆորմացիայի ազատութեան կենտրոնը» դիմել է դատարան։

«Այս ամիսների ընթացքում փորձ է արուել կապուել նրանց հետ, համոզել, բացատրել, որ այս տեղեկութիւնները չէն կարող գաղտնի պահուել ու նախընտրական ու հետընտրական փուլերում, փաստացի, կուսակցութիւնը չի տրամադրել այս տեղեկութիւնները: Սակայն անմիջապէս, երբ դիմեցինք դատարան դեկտեմբերի սկզբին, յունուարի սկզբին մէզ հետ կապուեց նրանց ներկայացուցիչը եւ պատրաստակամութիւն յայտնեցին անմիջապէս տրամադրել՝ առաջարկելով համաձայնութիւն», — ասաց «Ինֆորմացիայի ազատութեան կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյեանը:

Յետաքննութեան հեղինակները եւս հակադարձում են վարչապետին եւ յիշեցնում՝ նուիրատուների ցանկն իրենց տրամադրուել է ընտրութիւններից շուրջ 5 ամիս անց՝ այն էլ դատական գործընթացից յետոյ։

Մինչ այդ «Ինֆորմացիայի ազատութեան կենտրոն»-ի ղեկավար Շուշան Դոյդոյեանի խօսքով՝ կուսակցութեան գրասենեակից անգամ չէին հիմնաւորում, թէ ինչո՞ւ էին հարցումները մնում անպատասխան:

«Որպէսզի նրանք խուսափէն բացասական դատական ակտ ունենալուց շտապեցին կատարել օրէնքի պահանջը», — նշեց Դոյդոյեանը:

«Կուսակցութեան հիմնադրման օրուանից մենք որդեգրել ենք հետեւեալ գաղափարը, որ եթէ մէզ պէտք է գտնել ոչ թէ մի հոգու, որ մէզ կը տայ 1000 դրամ, այլ մէզ հարկաւոր է գտնել 1000 հոգու, որ մէզ կը տայ 1 դրամ», — Նիկոլ Փաշինեանն այս յայտարարութիւնն արել էր հէնց այդ նոյն դրամահաւաքի օրը, երբ 140 մարդ «Քաղաքացիական պայմանագրին» փոխանցել է թոյլատրելի առաւելագոյն 2.5 միլիոն դրամը:

Ըստ «Ինֆօքոմ»-ի՝ գումարի հիմնական մասը՝ 87 տոկոսը, հաւաքուել է 1 մլն դրամ եւ աւելի փոխանցումների արդիւնքում:

Ընտրական ոլորտի փորձագէտ Վարդինէ Գրիգորեանի գնահատմամբ՝ հետաքննութիւնից ակնյայտ է՝ կուսակցութեանը գումար նուիրաբերելու 2,5 միլիոն դրամի սահմանաչափը շրջանցելու մեխանիզմ է գործել: Այդ տարբերակով էլ իշխող ուժն ստացել է գումարների գերակշիռ մասը։

«Ակնյայտ է, որ մարդիկ, ում հետ որ հարցում է իրականացուել, տեղեկացուած չէն եղել, որ իրենք նուիրատուութիւն են կատարել, կամ նոյնիսկ, եթէ տեղեկացուած են եղել, ակնյայտօրէն ոչ իրենց գումարներին են փոխանցուել, ինչը նշանակում է՝ ուղղակի իրենց անունով ձեւակերպուել են գումարները, ինչը նշանակում է Քրեական օրէնսգիրքի 232 յօդուածի խախտում», — ասաց Գրիգորեանը:

Հրապարակման առնչութեամբ «Հելսինկեան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենեակն» ու «Անկախ դիտորդը» յանցագործութեան մասին հաղորդում են ներկայացրել դատախազութիւն: Այդուհանդերձ ընտրական ոլորտի փորձագէտ Վարդինէ Գրիգորեանը թերահաւատ է, որ իրաւապահ կառոյցը լիարժէք եւ օբյեկտիւ քննութիւն կ’իրականացնի:

Share