Գեղամ Մանուկեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է.
«Չեմ ցանկանայ հանգամանալից անդրադառնալ այսօրւայ (սեպտ. 25-ի) իշխանական հանրահաւաքին, մարզերից լայնածաւալ բերւածներին, հնդիկ նիկոլականներին, մի փոքրիկ պաշտօնի կամ աթոռի համար աշխատակիցներին պարտադրւած հաւաքի վայր քշելուն։ Առաւել եւս՝ արդէն երեք տարի օտարների, ու ամենացաւալին, թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ վիզը ծռած կանգնող նիկոլի հոգեկան անհաւասարակշռութեանը։ Ամենաողբերգական պատկերը սա է՝ Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարի աթոռը զբաղեցնողն օրւայ կէսից ընկել է փողոցները կուսակցական քարոզարշաւի համար։
Դեռ նոր են հողին յանձնել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայող Ալեքս Աւանէսեանին։ Այս շաբաթներին Զինւած ուժերում ինքնաապանութիւնն ու սպանութիւնն արդէն դարձել են, ցաւօք, լոկ վիճակագրութիւն։
Թշնամին ունի լայնածաւալ կուտակումներ ողջ առաջնագծում ու շարունակում է ռազմական եւ տեղեկատւական սադրանքները։
Վառօդի հոտը օդում կախւած է։
Դեռ երկու օր առաջ լրացաւ 2022 թւականի սեպտեմբերեան ագրեսիայի առաջին տարին, խնկարկում էինք 224 զոհերի յիշատակը։
Իսկ Պապիկեանին այդպէս էլ չտեսան Եռաբլուրում, ուր հանգչում են այդ ագրեսիան դիմագրաւած հերոսներից շատերը։
Սահմանում կանգնած զինւորը (առաջնագծի մեծ մասի իրական վիճակի մասին չեմ ցանկանում հրապարակային խօսել), ու այսպէս արհեստական հանրահաւաքին պապիկեանական մասնակցութիւնը։
Նրա կողքին կանգնած արտգործնախարարին կարելի է ամբողջովին անտեսել, երեւի այս լարւած վիճակում մի քանի ժամ հայկական դիւանագիտութեան կառավարումը «վստահել» է բոլոր ճամբորդութիւնների իր անփոխարինելի ուղեկից «հրաշամանուկ» տեղակալին:
Սա է Հայաստանում սրանց կառավարման ողջ ողբերգութիւնն ու ահաւորութիւնը»։