Բանաստեղծութիւններ

Բանաստեղծութիւններ

Գրիշ Դաւթեան

Լուսնահաչ

Լուսնի բուրուառից երազ է ծորում,

Միրաժ է կապոյտ.

Ճահճում փրփուրը մամուռ է ծամում,

Գեջ է ու տամուկ…

Ոսկեշողի մէջ մի ստուեր շարժուեց,

Լուսնոտ մի բիճ է,

Մի պերճաղիճ է.

Մութի ծալքերից հովը ցիր տուեց,

Աւազ ու խիճ է։

Երկինքը կործուել երկրի վրայ

Պեծեր է բանտել.

Պսպըղուն աստղեր առկայծ, հեռակայ,

Տենչերս են լուսեղ։

Իցի~վ կռանամ քո կրծքին սիրով

Ու կայծը փրթի.

Մեր սրտէրի մէջ, ո~ղջ տիեզերքով

Եռքը կը եորդի…

Ու տատանւում է հորիզոնը բիլ,

Մրափն է ընկնում.

Լուսնոտի երա՞զ, թե՞ կոշմար է շիլ,

Ծմրում է մթում…

Ռեխը դէմ արած լուսնի արծաթին

Ոռնում է շունը…

Հրայրքներս թէժ… ծոցդ ծիրկաթին…

Հեւքդ… շրշյու~նը…

*

Մեր դպրոցը

Իմ ուսուցիչ Վաղարշակ Տեր-Սուքիասեանի յիշատակին

ای خدای یگانه و مهرگان که ما را افریده ای

(« Ով բարի, միակ Աստուած, որ ստեղծել ես մէզ»

Մեր արտասանած պարսկերէն աղօթքի սկզբնաբառերը)

Դարեր ի վեր, դարերի հետ անհատնում,

Գոռ առիւծի մէջքն ի վեր էր բարձրանում,

Որպէս գագաթն Ալբորզ լեռան վիթխարի,

Կարմիր արեւն շահանշահի Իրանի։

Իրանական արեւի տակ հիւրընկալ

Հաեօց Ջուղան էր տարածուել ինքնակալ,

Որպէս մասունք Հայաստանի դրացի,

Երկու ազգեր հայ ու պարսիկ, արիացի։

Նրանց միջեւ եղել է կեանք դարերի,

Հաշտ ու խռով, բարի ու չար օրերի,

Որ դարձել է աշխարհների պատմութիւն,

Ժողովրդեան հերոսական վիպութիւն։

Որ եղել է հաեօց Ջուղայ մի ծաղկեալ

Արաքս գէտի հիւսիսային ափերում,

Որ եղել է կագ ու կռիւ ոխակալ

Իրան-Թուրան զօրքերի մէջ արնախում։

Ու եղել է Շահ Աբբասի հրաման՝

Գաղթեցնէ՛լ Ջուղայի ազգը հաեօց,

Ազգ ու տակով տանել նրանց բուն Իրան

Շահի Սպահան քաղաքը մարդահոծ։

Շահի Սպահան քաղաքը վարդերի

Զայանդերուդ գէտի ափին հովասուն,

Նրանց սեփական կալուած տալ, հող բերրի,

Որ շէնացնեն շահի երկիրն պարսկասուն։

Նոր Ջուղայ է կոչել թաղերը հաեօց

Սպահանի հարաւային ափերում,

Ուր հայերը տուն են շինել ու դպրոց,

Հիսուսի ժամ՝ իսլամութեան եզերքում։

Ժամանակը գլորել է դարերին

Ու հասցրել մինչեւ օրը մերազնեայ

Երբ եղել է պապական տունը մեր հին,

Կառուցուել է հայրական տուն նորօրեայ։

Ես պատանի մի կրակոտ ու ճապուկ,

Մանկութիւնից նոր դուրս ելած մի անփորձ,

Թափառել եմ փողոցներում նեղ, բանուկ,

Նոր Ջուղայում գնացել ժամ ու դպրոց։

Մեր դպրոցը զօռով դարձուած պետական,

Չարսու թաղում, հսկայական մի կառոյց,

Հայերէնով կոչւում էր Կենտրոնական,

Որ հարազատ էր բոլորիս դեռ մանկուց։

Բայց շահական պետութիւնը բռնութեամբ

Տիրացել էր, անուանելով Շահ Աբբաս,

Վերջ էր տուել հայ կրթութեան հէնց դիտմամբ,

Պարսկալեզու էր ուսուցւում ամէն դաս։

Առաւոտներն կանգնում էինք մենք կարգով,

Պարսկերէնով աղոթելու բարձրաձայն,

Իսլամութեան մարգարէի խօսքերով,

Որ ասւում էր մէզ՝ կրկնելու խմբական։

Ապա երգում էինք հիմնը շահական,

Կանգնած զգաստ, մեր շարքերում, մեր դասում.

Լուռ շարքերով մտնում էինք դասարան,

Ուր ամէն ինչ պարսկերէնով էր ասւում։

Բայց ունէինք մէկ էլ մի հայ ուսուցիչ,

Շաբաթական լոկ երեք ժամ ուսուցում,

Որպէս կրօն ու շարիաթ սնուցիչ,

Այդ անուան տակ հաեօց լեզուի ընթերցում։

Դա էլ բա՞վ էր, թե՞ բաւական չէր բնաւ,

Այդ էր ինչ կար, բռնադատուած դպրոցում,

Ուսուցիչներն բոլորն պարսիկ, մենք ողջ հայ

Կրթւում էինք շահանշահի ամրոցում։

Բայց ա՛յն ինչ մէզ երեք ժամում էր տրւում,

Լոկ շէնք միայն մնացած «հայ» դպրոցում,

Ինչ տրւում էր մեր հայ ընտանիքներում,

Դրանով մենք հունցուեցինք հայ հնոցում։

Այս վիպութեամբ եմ ես յիշում ուսուցչիս,

Ծերունազարդ, խստահայեաց, վաղեմի,

Յիշում կեանքը ու համայնքը սրտակցիս,

Հայաբնակ հինաւուրց Նոր Ջուղայի։

Share