Սա պարզունակութեան հետևանք չէ

Սա պարզունակութեան հետևանք չէ

Զարեհ Աճէմեան

Zarehadjem

Երբ իշխող ուժը երկրի ճգնաժամային օրերին սկսում է իրական կեանքի պահանջներից կտրուած ու ամբողջութեամբ առաջնահերթութիւն չունեցող հարցեր առաջ քաշել, շատերի մօտ տպաւորութիւն է ստեղծում որ իշխանութիւնները անփորձ ու պարզունակ են: Ամեն օր երկրի հողերի մի մասը կորցնող, բանակ ունենալուց փաստօրէն զրկուած ու ԱԺ նիստերը կաթուածահար դարձած երկրի համար այլապէս ինչպէս պէտք է բացատրել ճաշարաններում աղամանի գործածութեան կամ  նմանատիպ անկարևոր հարցերի մասին օրէնքներ անցկացնելն ու գործադրութեան յանձնելը:

Նման չբացատրուող ու երկրի առաջնահերթութիւններին բոլորովին անհամապատասխան քայլ է նաև Ազգային Ժողովի փոխ խօսնակ Իշխան Սաղաթելեանին և մի շարք այլ ընդդիմադիր պատգամաւորներին իրենց ունեցած պաշտօններից զրկելու գործընթացը: Բայց նման որոշում, որ ուղղակի գալիս է վարչապետի պաշտօնը զբաղեցրած անձի կողմից չի կարող սոսկ պարզունակութեան հետևանք լինել: Ճանաչելով իր դրսեւորած նկարագրային գծերը և իր հիւանդագին դրսեւորումները շատ հեշտ կարելի է սա ևս վերագրել իր կողմից անձնական վենդետայի ու երկրի հաշուին իր եսը պարտադրելու հերթական փորձի, սակայն ընտրուած ժամանակը և այլ մանրամասնութիւնները վկայում են, որ այս որոշումը ոչ թէ սոսկ անձնական վենդետայի հերթական անհեթեթութիւն է, այլ փորձ ընդդիմադիր գործիչին իր պաշտօնի բերումով ունեցած արտաքին քաղաքական կապերից ու յարաբերութիւններից զրկելու համար: Մի փորձ, որ չի կարող յաջողել նկատի ունենալով Սաղաթելեանի ձեռնհասութիւնը ՀՅԴ և Հայ Դատի համաշխարհային ցանցին:   

Անցնենք վերջին օրինակին: Չնայած ՔՊի նշանակած Աննա Վարդապետեանը ՀՀ գլխաւոր դատախազի աթոռը կզբաղեցնի սեպտեմբերի 15-ին, սակայն Արթուր Դաւթեանն իր պաշտօնավարութեան վերջին երկու ամիսները աւելի «բեղուն» դարձնելու համար կամ գուցէ իր ապագայ պաշտօնը ապահովելու համար Յուլիսի 4-ին գլխաւոր դատախազութեան պետական շահերի պաշտպանութեան վարչութեան անունից նոր գիւտ կատարեց, որից կարծես անտեղեակ էին մեր ժողովուրդն ու պետութիւնը:

«ՀՀ գլխաւոր դատախազութեան պետական շահերի պաշտպանութեան վարչութիւնը պետութեան ոչ գոյքային շահերի պաշտպանութեան ոլորտում կատարած ուսումնասիրութեամբ պարզել է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրօնական, սեռական կամ այլ խտրականութիւն, ՀՀ-ում շրջանառութիւնն արգելուած նիւթերի, այդ թւում թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացայայտ հրաւէր պարունակող կամ յանցաւոր այլ դրսեւորում ունեցող տեղեկատուութեան տարածումը»:

Ի հետևումն այս բացառիկ բացայայտմանը դատախազութիւնը օրինակներ բերելով այլ երկրների փորձերից առաջարկում է ինտերնետ ոլորտում պետական վերահսկողութիւն իրականացնել:

Ոչ ոք կարող է դէմ լինել ինտերնետի ոլորտի վերասկողութեան յատկապէս այն երկրներում որ արտաքին չնչին գումարներով կարելի է հանրային կարծիք ձևաւորել կամ աղքատութեան պատճառով անապահով խաւը հեշտութեամբ կարելի է ներգրաւել ապօրինի գործողութիւններում:  Սակայն ինտերնետի անվերահսկելիութեան պատճառով իշխանութեան հասած և Ֆէյսբուքեան ֆէյքերի բանակի աջակցութիւնը վայելող իշխանութեան համար ինտերնետի վրայ պետական վերահսկողութիւն կատարելու միակ շարժառիթը կարող է լինել ընդդիմադիր տեսակէտների քաղաքական սահմանափակումը: Այլապէս նոյն իշխանութիւնը ինքը թէ թմրադեղերի գործածութեան օրինակացնման և թէ ատելութեան մշակոյթի զարգացման նախակարապետն է:

Մէդիա.էյէմ կայքի մեդիա հետազօտող՝ Սամուէլ Մարտիրոսեանը ակնարկելով այլ երկրների փորձին այս մասին գրել է-«սկզբից յայտարարուելու է պայքար համացանցում թմրադեղերի, ինքնասպանութիւնների կոչերի դէմ։ Իսկ յետոյ մի գեղեցիկ օր մենք յայտնաբերելու ենք, որ պետութիւնը զբաղւում է արգելափակումներով։ Ընդ որում՝ հիմնականում քաղաքական բնոյթի»: Հետաքրքիրն այն է, որ այս կայքը հրատարակւում է մի շարք օտարերկրեայ կազմակերպութիւնների, ինչպիսին են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութիւն (USAID) և Շուեդիայի միջազգային զարգացման գործակալութեան (SIDA) աջակցութեամբ:

Առաջին հայեացքից անփորձութեան, երկրի առաջնահերթութիւնները չհասկնալու և պարզունակութեան հետևանք թուացող իշխանութեան անհեթեթ քայլերը շատ աւելի խոր և երկարատև ծրագրերի նախաքայլերն են: Սա պարզունակութեան հետևանք չի կարող լինել:

Share