Արտաքին քաղաքական ինչ ուղղութեամբ է փորձում Հայաստանը գնալ՝ աւելի շատ դէպի Արեւմո՞ւտք, թե՞ Ռուսաստան: 168.am-ի հետ զրոյցում Արգենտինայի Լանուսի պետական համալսարանի դասախօս Խաչիկ Տեր-Ղուկասեանը նշեց, թէ չի կարծում, որ հարցն այս կտրուածքով պիտի բանաձեւել:
«Աշխարհաքաղաքականօրէն Հայաստանն իր անվտանգութեան առումով կախուածութեան մէջ է Ռուսաստանից: Պատէրազմը եւ պարտութիւնն այդ կախուածութիւնը գրեթէ բացարձակացրեցին: Սա նշանակում է՝ ինչ էլ անի Հայաստանը, եթէ Ռուսաստանի կանաչ լոյսի կարիքը չունենայ էլ, նրա կարմիր լոյսը, այնուամենայնիւ, չի կարող անտեսել: Այս իրավիճակն արդէն իսկ առկայ էր նախքան 44-օրեայ պատերազմը: Նրանք, որոնք խաբկանքի մէջ էին, թէ 2018-ի ապրիլի իշխանափոխութիւնից յետոյ այս իրավիճակը փոխուեց, 2020-ի նոյեմբերի 9-ից յետոյ արդէն չէին կարող անտեսել այդ իրողութիւնը»,- ասաց նա` յաւելելով, որ երբ խօսւում է կախուածութեան աշխարհաքաղաքական պայմանի մասին, դա, բնաւ, չի նշանակում ենթարկուածութիւն կամ համաշխարհային մասշտաբով դիւանագիտական ամլացում:
Միւս կողմից, միջազգային յարաբերութիւնների մասնագէտը նշեց, որ արտաքին քաղաքականութեան տրամաբանութիւնը ՀՀ իշխանութիւնները նոյնացնում են մեծամասնութեան քուեով ստացած մանդատի եւ ինչ-որ տեղ բանաձեւուած տարածաշրջանային խաղաղութեան դարաշրջան բացելու տեսլականի հետ, որը, ըստ էութեան, զիջողական պատրաստակամութեան քօղարկում է միայն։
Նիկոլ Փաշինեանը վստահեցնում է, թէ միջազգային հանրութիւնը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, եւ ժամանակ առ ժամանակ հասկացնում, որ Հայաստանը միայնակ է իր խնդիրներում, ո՞ւմ նկատի ունի՝ միջազգային հանրութիւն ասելով, օրինակ, Ֆրանսիան նման ճնշում չի գործադրել:
Խաչիկ Տեր-Ղուկասեանի խօսքով, «միջազգային հանրութիւնը», այսպէս ասած, մոդայիկ բառ է, տէրմին (buzzword), որը, յաճախ թւում է՝ ինչ-որ ազդեցիկ դերակատարի է վերաբերում, սակայն իրականում կոնկրէտ դերակատարներից ուշադրութիւնը շեղելու նպատակով է գործածւում:
«Արցախի հարցով նշաձողն իջեցնելու առաջարկը կամ պահանջը յստակ հասցէատէրեր ունի` Ադրբեջան եւ Թուրքիայ: Ուրիշ ո՞ր պետութիւններն են Արցախի նման առաջարկ արել, եւ կոնկրէտ ի՞նչ են ցանկացել ասել, եթէ նման առաջարկ ներկայացուել է… Ի դէպ, որքան գիտեմ, նման կոնկրէտ առաջարկ կարող է դրուել բացառապէս Մինսկի խմբի կողմից: Արցախի հարցով Հայաստանը միայն այդ խմբի միջնորդական կոնկրէտ առաջարկների հիման վրայ է, որ պիտի արտայայտուի Արցախի հարցով»,- յաւելեց Արգէտինայի Լանուսի պետական համալսարանի դասախօսը:
Ադրբեջանն Արցախի հարցը փակուած է համարում, Հայաստանը, ամէն դէպքում՝ ոչ, արդյօք ղարաբաղեան կոնֆլիկտի կարգաւորման գործընթացին հնարաւո՞ր է երկրորդ շունչ հաղորդել:
Խաչիկ Տեր-Ղուկասեանի կարծիքով, ամէն ինչ կախուած է դիւանագիտական ակտիւացումից:
«Բերեմ Մալուինեան կղզիների օրինակը։ 1982-ի պատերազմն աւարտուեց նախայարձակ Արգենտինայի պարտութեամբ։ Երկիրն այն ժամանակ գտնւում էր զինուորական բռնատիրութեան տակ: Բայց սրա արդիւնքում ժողովրդավարութիւնը վերադարձաւ, եւ 1994-ի սահմանադրական բարեփոխմամբ բացառուեց պատերազմի ճանապարհով կղզիների վերադարձը։
Բայց դա պատճառ չհանդիսացաւ, որ Մալուինեան հարցով նշանաձողն իջեցուի, ընդհակառակը՝ տեղի ունեցաւ դիւանագիտական ակտիւացում եւ հարանորոգ նախաձեռնողականութիւն, որ կղզիները տեղաւորեց Հարաւային Ատլանտայի աշխարհաքաղաքական կարեւորութեան տրամաբանութեան մէջ: Օրինակը բերում եմ զուտ օրինակի կարգով, համեմատական չէ, որ կ’անեմ: Կարեւորը ներազգային կարգով համախոհութեան եւ յանձնառութեան հաստատագրումն է, որի հիման վրայ միայն դիւանագիտութիւնը, թեկուզեւ երկար վազք պահանջող, օրակարգի հետ կապուած ճշգրտումներ կ’անի պատմաքաղաքական տարբեր ժամանակներում»,- ասաց նա:
Յիշեցնենք, որ մօտ 4 տասնեակ տարի առաջ Արգենտինան, պատերազմելով անգլիացիների դէմ, փորձեց վերահաստատել իր տիրապետութիւնը Մալուինեան (Ֆոլքլենդեան) կղզիներում եւ ձախողեց։
1982 թուականի ապրիլի 2-ին Արգենտինան կառավարող զինուորական խունտան յայտարարեց, որ վերականգնել է արգենտինեան տիրապետութիւնը Մալուինեան, Հարաւային Ջորջիայ եւ Հարաւային Սանդուիչեան կղզիներում։
Պատէրազմը տեւեց 72 օր եւ աւարտուեց 1982 թուականի յունիսի 14-ին արգենտինեան ուժերի պարտութեամբ:
Այս իրադարձութիւնները նպաստեցին երկիրը 1976 թուականից կառավարող զինուորական խունտայի անկմանը։ Իսկ 1983 թուականին տեղի ունեցան ժողովրդավարական ընտրութիւններ՝ վերջ դնելով եօթնամեայ բռնապետութեանը։
Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը յստակ հասկացնում է, որ խաղաղութեան պայմանագիրը երաշխիք չէ պատերազմ չսկսելու համար, իրականում նմանատիպ պայմանագրերը, փաստաթղթերը մանեւրելու տեղ թողնո՞ ւմ են, Խաչիկ Տեր-Ղուկասեանն ասաց, որ ադրբեջանական այդ պատգամը յաղթող կողմի հերթական մեծամտութեան կամ շարունակուող շանտաժի դրսեւորում է, ինչպէս նաեւ՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը նոր պատերազմով, եւ ենթադրաբար՝ նոր պարտութեան ուրուականով ահաբեկելու փորձ։
Ըստ նրա, սրանով հանդերձ, անխոհեմութիւն է Ադրբեջանի ասածը լուրջ չընդունելը: Եւ եթէ անգամ Ադրբեջանի այս շանտաժը չլինէր, 2020-ի նոյեմբերի 9-ից անմիջապէս յետոյ պիտի նախաձեռնուէր ՀՀ բանակի վերակազմակերպման գործընթացը:
Խոսելով Հայաստան-Ադրբեջան դէմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացից եւ այս մասով միջազգային պրակտիկայից, միջազգային յարաբերութիւնների մասնագէտը յիշեց յաջող սահմանագծման մէկ օրինակ՝ Արգենտինայի եւ Չիլիի միջեւ, որը վերաբերում էր «սառցակոյտէրի եւ բարձր գագաթների կնճռոտ հարցին 1990-ականների սկզբներին»:
«Խոսում ենք 2 ժողովրդավարութիւնների, միջազգային ոլորտի մէջ մեծ փորձառութիւն ունեցած դիւանագիտական կորպուսների մասին, եւ վերջապէս երկու երկրների, որոնք Հարաւային Ամերիկայի այլ երկրների շարքում 20-րդ դարի սկզբներին նախաձեռնող եղան միջազգային իրաւունքի ամրագրմանը` յատկապէս ԱՄՆ-ի ռազմական միջամտութեան դէմն առնելու կամ այդ ախորժակները կարելի չափով զսպելու նպատակով»,- յաւելեց մեր զրուցակիցը:
Իսկ ո՞ր երկրների հետ Հայաստանը կարող է լուրջ յարաբերութիւններ ստեղծել, արդեօ՞ք Լատինական Ամերիկայի, եւ այն ի՞նչ կարող է տալ Հայաստանին՝ հարցադրումներին ի պատասխան, Խաչիկ Տեր-Ղուկասեանը նշեց, որ դա կախուած է արտաքին քաղաքականութեան ռազմավարութիւնից եւ, բնականաբար, դիւանագիտական ակտիւացման համար անհրաժեշտ միջոցների, այդ թւում՝ մասնագիտացած կամ օժանդակ մարդուժի, առկայութիւնից:
«Հարցը միայն երկրները չէն, այլ նաեւ միջազգային կազմակերպութիւնները եւ քաղաքացիական հասարակութիւնը, այն, ինչը միջազգային յարաբերութիւններում ընդունուած է ասել՝ track two diplomacy, այսինքն, կարեւոր ոլորտներ են դիւանագիտական ակտիւացման համար։ Հետեւաբար, հարցը պիտի դրուի այսպէս՝ Հայաստանը, ոչ միայն ներկայիս, այլ անկախութիւնից անմիջապէս յետոյ, մտածե՞լ է, թէ ինչպէս համաշխարհային մասշտաբով տարբեր հարթակներում կարող է օպտիմացնել իր ներկայութիւնը՝ եւ՛ ֆորմալ դիւանագիտութեամբ, եւ՛ դրան զուգահեռ գործոններով ու դերակատարներով»,- եզրափակեց Արգէտինայի Լանուսի պետական համալսարանի դասախօս Խաչիկ Տեր-Ղուկասեանը: