Նիկոլ Փաշինեանը խօսելով բնակարանաշինութեան մասին՝ պէտք է ասի, թէ Հայաստանում ինչու են դեռ գտնւում 20 հազարից աւելի Արցախի բնակիչներ, իսկ այստեղ մի շարք մարդիկ ապրում վարձով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արթուր Մոսիեանը։
Նշէնք՝ Նիկոլ Փաշինեանը երէկ՝ յուլիսի 15-ին, Ազգային ժողւում յայտարարել է, որ Արցախի բիւջէի թիւն աճել է, որը պայմանաւորուած է վերջին երկու տարիներին ՀՀ կառավարութեան կողմից ֆինանսական աջակցութիւնով։ Ըստ Փաշինեանի՝ դա հիմնաւորում է այն, որ Հայաստանը «ձեռքերը չի լուացել» Արցախից։
«Դրանք Նիկոլ Փաշինեանի հերթական մանիպուլեացիաներն են։ Ինքը նաեւ պէտք է ասէր, թէ ինչի արդիւնքում հետպարտէրազմեան շրջանում իրենք աւելացրին այդ բիւջեն։ Խոսքը վերաբերում է նրան, որ նա ասում է՝ երբեք այսքան բան չի եղել. երբեք Արցախի 75 տոկոսը կորսուած չի եղել, երբեք 36 հազար փախստական մենք չունէինք։ Այդ բիւջէի աւելացումը ընդամէնը չնչին տոկոսով մեղմացնում է այն հումանիտար աղէտը, որը պատերազմից յետոյ Արցախի գլխին է կախուել»,- ասաց Արթուր Մոսիեանը։
Նշէնք՝ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ 1998 թուականին բանակցային սեղանին է յայտնուել տարածքների փոխանակման փաթեթը, որի էութիւնն այն է, որ Հայաստանը ստանում է Լեռնային Ղարաբաղը, իսկ դրա դիմաց Ադրբեջանին տալիս է Մեղրիի շրջանը։
«Նիկոլ Փաշինեանը բանակցութիւնից պատառիկներ վերցնելով՝ կոնտեքստից դուրս յայտարարութիւններ է անում։ Եթէ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարեանը, Սերժ Սարգսեանը եւ ՀՅԴ-ն համաձայնուել էին, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, այդ դէպքում ինչո՞ւ է Ադրբեջանը մերժել այդ տարբերակները։ Նիկոլ Փաշինեանի ասելով թէ Քոչարեանը, թէ Սարգսեանը ամէն ինչ անում էին Արցախն Ադրբեջանի կազմում յայտնուելու համար, բայց չգիտես՝ ինչու, 30 տարի անց, իր օրօք, իր տգիտութեան ու ապաշնորհութեան արդիւնքով է առաջանում այս հարցը»,- նշեց Մոսիեանը։
Անդրադառնալով Փաշինեանի այն խօսքին, որ խաղաղութեան օրակարգը հնարաւոր է՝ ձախողուի, Մոսիեանն ասաց. «Հայաստանի իշխանութիւնների կողմից խաղաղութեան դարաշրջան բացելուն ոչ մէկ չի հաւատում, եթէ անկեղծ լինէն, իրենք էլ դրան չէն հաւատում։ Դա պարզապէս մանիպուլեացիայ է, որ ժողովրդին մոլորեցնեն։ Խաղաղութեան օրակարգը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջների լիակատար կատարում, դրանից յետոյ էլ Փաշինեանը կասի, ոնց պատերազմի ժամանակ էր ասում, որ փորձել ենք, սակայն չի ստացուել»։