«Ոսկէ Ծիրան»-ը մերժե՞լ է հարիւրաւոր մրցանակների արժանացած Արցախի մասին վաւերագրական ֆիլմը

«Ոսկէ Ծիրան»-ը մերժե՞լ է հարիւրաւոր մրցանակների արժանացած Արցախի մասին վաւերագրական ֆիլմը

Ռոբերտ Մարգարեան

«Ոսկէ Ծիրան» միջազգային կինօփառատօնն առանց որեւէ պատճառ նշելու մերժել է Արցախի մասին պատմող եւ միջազգային հարիւրից աւելի մրցանակների արժանացած «Ապրելու Տենչանքը» (The Desire to Live) վաւերագրական ֆիլմը:

Ֆիլմի հեղինակն է արցախցի խիզախ կինօբեմադրիչ Մարիամ Աւէտիսեանը: Ֆիլմի պրոդիւսեր Փիթեր Փահլաւանեանի միջոցով փոխանցուած տեղեկութիւնների համաձայն, որոշուած ժամկէտներում ֆիլմը «Ոսկէ Ծիրան» 19-րդ միջազգային կինօփառատօնի «Տարածաշրջանային համայնապատկեր» բաժնի «Վաւերագրական ֆիլմ» անուանակարգում մասնակցութեան յայտ է ներկայացրել: Այս պահի դրութեամբ, երբ շուրջ 20 օր է մնում կինօփառատօնի բացմանը ֆիլմի օնլայն հարթակում «Ոսկէ Ծիրան» փառատօնի դէպքում կարգավիճակը մնում է «Չընդունուած»:

Յիշեցնենք, որ «Ոսկէ Ծիրան» 19-րդ միջազգային կինօփառատօնն իր աշխատանքն սկսելու է յուլիսի 10-ին եւ բնականաբար փառատօնում ընդունուած ֆիլմի հեղինակներն ու պրոդիւսերը մինչ այս պիտի տեղեկացուած լինէին իրենց ներկայացրած յայտի ճակատագրի մասին:

Ֆիլմի պրոդիւսեր Փիթեր Փահլաւանեանը փորձել է նամակագրութեան միջոցով պարզել «Ապրելու Տենչանքը» ֆիլմի յայտը մերժելու պատճառաներն, ինչը սակայն մնացել է անպատասխան:

«Ապրելու Տենչանքը» վաւերագրական ֆիլմը ցուցադրում է Արցախում հետպատերազմեան կեանքը, 2020 թուականի պատերազմի հետեւանքները Արցախում ապրող բնիկ բնակչութեան վրայ եւ այն, թէ ինչպէս է նրանց ապրուստը ազդուել ու վտանգուել մինչ օրս՝ ապրելով անորոշութեան աշխարհում՝ հորիզոնում շատ քիչ վճռականութեամբ:«Ապրելու Տենչանքը » վաւերագրական ֆիլմը մինչ այսօր ցուցադրուել է աշխարհի 36 երկրների 76 քաղաքներում, մասնակցել է 125 կինօփառատօների՝ շահելով 126 մրցանակներ 63 հեղինակաւոր կինօփառատօներից: Ֆիլմերի որակաւորման IMDB կայքում ֆիլմի վարկանիշը գնահատուել է 10-ից 8-ը:Նման բարձր որակ ունեցող ու միջազգային բազմաթիւ փառատօներից հարիւրից աւելի մրցանակներ շահած վաւերագրական ֆիլմի մերժումը «Ոսկէ Ծիրան» կինօփառատօնի կողմից կարող է միայն մի պատճառ ունենալ:

«Ոսկէ Ծիրան» միջազգային կինօփառատօնն էլ հետեւելով Արցախաին դաւաճանած իշխանութիւնների քաղաքականութեանն այսուհետ հրաժարւում է ցուցադրել Արցախի ու այդտեղ ապրող ժողովրդի ճակատագրի մասին պատմող ֆիլմեր:

Share