Փաշինեանի հերթական շանտաժն ու խաբէութիւնը

Փաշինեանի հերթական շանտաժն ու խաբէութիւնը

Ազգային ժողւում Փաշինեանը երէկ յայտարարեց․ «Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ «խաղաղութեան օրակարգը» յաջողութիւն կ’ունենայ»։ Նա նաեւ ընդունեց, որ «սա վտանգներով, կորուստներով ուղեկցուող ճանապարհ է»։ Պարզ տրամաբանութիւնը յուշում է, որ պէտք չէ գնալ մի ճանապարհով, որը վտանգներ ու կորուստներ է ենթադրում, մանաւանդ, որ վստահ չես, որ այդ ճանապարհով հնարաւոր է հասնել ցանկալի եզրակէտին։ Սակայն գերագոյն գլխաւոր մեղաւորն ու պատասխանատուն շարունակում է․ «Հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ Հայաստանի կործանման»։

Փորձենք «ընկալելի» լեզուի թարգմանել Փաշինեանի՝ երեկուայ խորհրդաւոր ելոյթը։ Նոյեմբերի 9-ի կապիտուլեացիան խաղաղութիւն չբերեց, չբերեց նոյնիսկ հրադադար։ Սրա վկան են մեր շարունակուող մարդկային ու տարածքային կորուստները, Ադրբեջանի՝ գնալով աւելի լկտիացող պահուածքն ու առաւել ստորացուցիչ պահանջները, ամէն վայրկեան պատերազմ վերսկսուելու վտանգը։ Փաշինեանը փորձում է հասարակութեանը համոզել, որ այս ամէնը կովերջանայ, եթէ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղութիւն հաստատուի։ Սակայն նա քաջատեղեակ է, որ «խաղաղութեան» գինն Արցախն է։ Արցախն է այն կորուստը, որին Փաշինեանը պատրաստում է հայ ազգին Հայաստանի Հանրապետութիւնում, Արցախի Հանրապետութիւնում եւ Սփիւռքում։ Այս հարցում որեւէ նորութիւն չկայ։ Փաշինեանը շարունակում է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու՝ իր քաղաքականութիւնը։ Դա հիմնաւորում է իրականութեան հետ ոչ մի աղերս չունեցող փաստարկ-պնդումներով, փաստէրի իւրօրինակ մեկնաբանութիւններով եւ բացայայտ ստէրով։ Սակայն Փաշինեանը երէկ խօսեց երաշխիքների մասին։ Նոյնիսկ եթէ Հայաստանն իջեցնի Արցախի կարգավիճակի նշաձողը, ոչ մի երաշխիք չկայ, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի։ Իսկ Ադրբեջանի պահանջները յայտնի են՝ առնուազն «զանգեզուրեան միջանցք» (կամ նոյնիսկ միջանցքներ), Ադրբեջանական ՍՍՀ անկլաւների վերադարձ։ Այսպիսով, կապիտուլեանտը երէկ բացեիբաց խօսեց ոչ միայն Արցախի կարգավիճակի, այլեւ նոր տարածքային զիջումների մասին։

Իսկ ինչպե՞ս է նա հիմնաւորում այս զիջումների անհրաժեշտութիւնը․ «Հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ Հայաստանի կործանման»։ Այսինքն՝ եթէ չհամաձայնենք Ադրբեջանի պահանջներին, կկորցնենք ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ Հայաստանը։ Սա ոչ այլ ինչ է, եթէ ոչ պարզ շանտաժ՝ «եթէ մի մասը չտանք, կկորցնենք աւելին»։ Այս մօտեցումը Փաշինեանը փորձարկեց դեռեւս նոյեմբերի 9-ի լոյսի 10-ի ուշ գիշերուայ իր ուղերձում։ Յիշո՞ւմ եք՝ «եթէ կրակը չդադարեցնէի, շրջապատման մէջ կը յայտնուէր 20,000 հոգի»։ Ի դէպ, 20,000-ը վերջում դարձաւ 35,000։ Թողնենք այն ողջամիտ կասկածն առ այն, որ պատերազմի թատերաբեմում մենք այդքան զօրք ենք ունեցել, բայց փաստենք, որ Փաշինեանի շանտաժն անցաւ։ Հետոյ յիշէնք նրա բացատրութիւնը Շուռնուխը ադրբեջանցիներին յանձնելու վերաբերեալ՝ «եթէ զօրքերը Շուռնուխից ետ չքաշեինք, Հայաստանը կանգնելու էր աւելի լուրջ անվտանգային խնդրի առջեւ»։ «Աւելին չկորցնելու համար քիչը զիջենք» արդարացումով մենք մաս-մաս զիջեցինք Արցախի մեծ մասը, Գորիս-Կապան ճանապարհը, Սեւ լճի մի հատուածը, Շորժայից մի հատուածը, Իշխանասարի մի մասը, Ներքին Հանդի մի մասը, իսկ հիմա էլ կանգնած ենք Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ (Լաչինի միջանցք) ճանապարհը կորցնելու վտանգի առջեւ։ Իսկ եթէ Արցախը յանձնուի Ադրբեջանի ենթակայութեանը, կկորցնենք նաեւ ամբողջ Արցախը։ Կորցնելով Արցախը՝ կփակէնք մեր պատմութեան վերջին էջը։ Այսպիսով՝ Փաշինեանի շանտաժի ու սպառնալիքի քաղաքականութեան վախճանը հայրենիքի կորուստն է։ Շատ կոսմոպոլիտ ՔՊ-ականների դա գուցէ չյուզի էլ։ Նրանց համար հայրենիքը կարեւոր չէ, կարեւոր է երջանկութիւնը։ Այնպէս որ՝ եթէ երջանիկ չլինես Երեւանում, կարող ես երջանիկ լինել Փարիզում։ Ուղղակի նրանք մոռանում են, որ հայրենիք ունեցող ֆրանսիացին շատ աւելի երջանիկ է, քան անհայրենիք գնչուն։ Մոռանում են, թե՞ նրանց նպատակը ոչ թէ երջանկութիւնն էր, այլ Հայաստանի կործանումը․․․

Սակայն Փաշինեանը Փաշինեան չէր լինի, եթէ այս ողբերգական իրականութեան պատասխանատուութիւնն ու մեղքն այլոց ուսերին չդներ։ Նա խօսում է տարբեր ժամանակներում քննարկուած ինչ-որ սխեմաների ու սկզբունքների մասին՝ միասնական պետութիւն, Մեղրի-Լաչին փոխանակում, Մադրիդեան սկզբունքներ եւ այլն, սակայն խորամանկօրէն չի անդրադառնում այն տրիւիալ ճշմարտութեանը, որ բանակցել ինչ-որ մօտեցման շուրջ եւ համաձայնել այդ մօտեցմանը՝ լրիւ տարբեր բաներ են։ Բանակցութեան օրակարգը ձեւաւորում են բանակցող կողմերն ու միջնորդները։ Այնպէս որ՝ եթէ հակընդդէմ կողմը կամ միջնորդները որեւէ տարբերակ են առաջարկում, դու չես կարող կամակոր երեխայի նման ընկնել եւ ոտքերով ու բռունցքներով խփել գէտնին։ Պետք է բանակցես ու այդ հարցը հանես օրակարգից։ Այլապէս դա կնշանակի բանակցային գործընթացի գիտակցուած տապալում, որն էլ կնշանակի պատերազմ։ Ի դէպ, դա հէնց այն էր, ինչ արեց Փաշինեանը։ Նաեւ չմոռանանք, որ բանակցութիւնների սեղանին դրուած, նոյնիսկ Ադրբեջանի կողմից ներկայացուած ոչ մի լուծում այսքան ողբերգական հետեւանք չէր ունենայ հայութեան համար ինչ ունեցաւ 44-օրեայ պատերազմում մեր պարտութիւնը։ Եթէ Փաշինեանը փակ աչքերով ընտրեր 30 տարում բանակցութիւնների սեղանին եղած տարբերակներից որեւէ մէկը, միեւնոյն է, մեր վիճակը շատ աւելի բարվօք կը լինէր, քան հիմա է։

Հնարաւոր չէ չանդրադառնալ կարգավիճակի հարցի շուրջ բանակցելու՝ փաշինեանական մեկնաբանութեանը։ Համաձայն Փաշինեանի՝ Հայաստանի նախկին իշխանութիւնները չէին առաջնորդուել «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» սկզբունքով, քանի որ անտեսել էին Արցախում 1991 թուականի դեկտեմբերի 10-ի անկախութեան հանրաքուէի արդիւնքները եւ պատրաստ էին Արցախում անցկացուելիք նոր հանրաքուէի։ Չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս։ Արցախում հանրաքուէ էր անցկացուել։ Հանրաքուէի արդիւնքում Արցախն անկախութիւն էր հռչակել։ Բայց այդ հանրաքուէի արդիւնքները եւ Արցախի անկախ կարգավիճակը միջազգային հանրութիւնը չէր ընդունել։ Որպէսզի աշխարհն ընդուներ Արցախի կարգավիճակը, առաջարկւում էր այն հաստատել «պարտադիր ուժ ունեցող կամարտայայտութեամբ»։ Այլ տարբերակ ուղղակի չկար։ Հայաստանը չէր կարող չբանակցել կարգավիճակի շուրջ՝ յղում կատարելով դեկտեմբերի 10-ի հանրաքուէին։ Դա կնշանակեր բանակցութիւնների վիժեցում եւ պատերազմ։ Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցաւ Փաշինեանի օրօք։

Հ․Գ․ Փաշինեանը ոգեւորութեան պահին Դաշնակցութիւնը կոչեց Ռոբերտ Քոչարեանի ու Սերժ Սարգսեանի «արբանեակ»։ Դաշնակցութիւնը երբեք որեւէ մէկի արբանեակ չի եղել։ Մենք միշտ եղել ենք ինքնուրոյն քաղաքական մեր ուրոյն մօտեցումներով։ Սա վերաբերւում է նաեւ այն ժամանակահատուածին, երբ եղել ենք կառավարող կոալիցիայի անդամ (1999 – 2009 եւ 2016 – 2018 թուականներին): Բաւարար է յիշել Դաշնակցութեան դիրքորոշումը «ֆուտբոլային դիւանագիտութեան» վերաբերեալ։ Իսկ ո՞ւմ արբանեակն ու հոգեզաւակն է եղել Նիկոլ Փաշինեանը, բոլորին է յայտնի։ Ի դէպ, ոմանք zoxovrti varcapetin կասկածում են ոչ միայն «արբանեակ» այլեւ «պրոյեկտ» լինելու մէջ․․․․

Արթուր Խաչատրեան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Share