ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի B դիւիզիոնի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հաւաքականը հիւրընկալւելիս 0:2 հաշւով պարտուեց Շոտլանդիայի ընտրանուն։ Հանդիպումը տեղի ունեցաւ Գլազգոյի «Հեմփդէն Պարկ» մարզադաշտում։
Հանդիպման հէնց մեկնարկից շոտլանդացիները իրենց ձեռքը վերցրին խաղի թելը եւ սկսեցին պաշարել Հայաստանի հաւաքականի դարպասը: Հայաստանի ընտրանու խաղացողները նոյնիսկ չէին կարողանում անցնել մրցակցի կիսադաշտ, քանի որ Շոտլանդիան մշտապէս պրեսինգի էր դիմում: Դաշտի տէրերի ճնշումը 28-րդ րոպէին տուեց իր արդիւնքը, բարձրից կատարած փոխանցումը գլխի հարուածով եզրափակեց Էնթոնի Ռելսթոնը: Ընդհանրապէս երկրորդ հարկում մեր խաղացողները ակնյայտօրէն զիջում էին մրցակցին: Շոտլանդացիների երկրորդ գոլը եւս խփուեց բարձրից կատարած փոխանցումից: 40-րդ րոպէին անկիւնայինի խաղարկման արդիւնքում Սքոթ Մաքքենան հաշիւը դարձրեց 2:0: Մրցավարի աւելացրած 3-րդ րոպէին կրկին ստանդարտից շոտլանդացիները եւս մէկ գնդակ ուղարկեցին մեր ընտրանու դարպասը, սակայն տեսակրկնութիւնը դիտելուց յետոյ մրցավարը խաղից դուրս իրավիճակ արձանագրեց: Գրում է Hetq.am-ը:
Երկրորդ խաղակէսում կարելի է ասել, որ ոչինչ չփոխուեց: Թէպետ գրոհների տեմպը թուլացել էր, բայց շոտլանդացիները շարունակում էի տիրել գնդակին եւ անդադար գրոհել: Մի քանի դրուագներում շոտլանդացիների հարուածները փակեցին Հայաստանի հաւաքականի պաշտպանները, մէկ դրուագում էլ գնդակը դիպաւ դարպասաձողին: Հայաստանի հաւաքականի գրոհներից էլ կարելի է առանցնացնել Վահան Բիչախչեանի դրուագները, որոնցից մէկում նրա ճանապարհին յայտնուեց շոտլանդացիների պաշտպանը, իսկ միւսում՝ միջին տարածութիւնից կատարած հարւածը որսաց Շոտլանդիայի հաւաքականի դարպասապահը: Եւս մէկ պահ էլ ունեցաւ Տիգրան Բարսեղեանը, սակայն կրկին յաջող խաղաց մրցակցի դարպասապահը: Ի վերջոյ, հանդիպման երկրորդ 45 րոպէների ընթացքում այդպէս էլ գոլեր չեղան եւ խաղն աւարտուեց Հայաստանի հաւաքականի պարտութեամբ՝ 0:2 հաշւով:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի հաւաքականը Երեւանում 1։0 հաշւով պարտութեան մատնեց Իռլանդիային։
Հայաստանի ընտրանին իր յաջորդ հանդիպումը կանցկացնի յունիսի 11-ին՝ Լեհաստանի Լոձ քաղաքում հիւրընկալուելով Ուկրայինայի հաւաքականին։ Խաղի մեկնարկը Երեւանի ժամանակով 17։00-ին է։
Լուսանկարները՝ ՈւԵՖԱ-ի պաշտօնական կայքից