Ուղերձ՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից

Ուղերձ՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից

Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր՝ 2022 թուականի մայիսի 28-ին, Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Վերածննդի հրապարակում, մենք ոգեկոչում ենք հայոց պետականութեան վերականգնման Հայաստանի առաջին հանրապետութեան օրը: 104 տարի առաջ՝ տեւական դադարից յետոյ, 1915 թուականի ցեղասպանութեան մոխիրներից յառնելով, հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման արդիւնքում, Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում տեղի ունեցած վճռորոշ ճակատամարտէրից յետոյ հռչակուեց Հայաստանի հանրապետութիւնը:
Սարդարապատով մկրտուած ազատագրական պայքարի ոգին ուղղորդեց մէզ 1988թ. ղարաբաղեան ազատագրական շարժման ընթացքում: Հազարաւոր հաեորդիների արիւնով ու քրտինքով 30 տարի ի վեր կերտուել է հայկական երկրորդ հանրապետութիւնը՝ Արցախի Հանրապետութիւնը, որը համայն հայութեան յաղթանակների ու երազանքների մարմնաւորումն է: Արցախի ժողովուրդը բոլոր այս տարիներին իր ընտրած ճանապարհով, համապետական ընտրութիւններով, համաժողովրդական հանրաքուէներով եւ Սահմանադրութեամբ ի լուր աշխարհի ազդարարել է ազատութեան համար պայքարելու իր վճռականութեան մասին: Ու թէեւ, 2020թ. 44 օրեայ պատերազմի ընթացքում, այս պայքարի ճանապարհին մենք մարդկային ու տարածքային ծանր կորուստներ ենք ունեցել, սակայն մեր կամքն աննկուն է, պայքարի կրակն՝ անմար:
Այսօր եւ այստեղ մեր ուժերի համախմբման, անցեալից դասէր քաղելու, ահագնացող մարտահրաւէրներին դիմակայելու կարիք ու անհրաժեշտութիւն կայ: Ուստի, գիտակցելով մեր պատասխանատուութիւնը համայն հայութեան առջեւ` դիմում ենք.

Աշխարհասփիւռ մեր հայրենակիցներին.
Սիրելի՛ քոյրեր եւ եղբայրներ. Շարունակեք նոյն ոգով եւ նուիրուածութեամբ համակողմանիօրէն աջակցել ու սատարել մայր Հայրենիքին եւ Արցախին. Մեր կողմից ուզում ենք հաւաստիացնել բոլորիդ, որ պայքարի ոգին չի կարող մարել, քանի դեռ կայ այն սնուցող Հայաստան-Արցախ-Սփիւռք հզօր եռամիասնութեան ներուժը եւ այն Հայրենիքին ծառայեցնելու վճռականութիւնը:

Արցախի իշխանութիւններին՝
Բոլոր ջանքերն ուղղել Արցախի ժողովրդի կամքը մեր ժողովրդի ճակատագրին վերաբերող բանակցութիւններում լսելի դարձնելու եւ Արցախի անմիջական մասնակցութիւնն ապահովելու համար:

Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւնները ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացում կամ Արցախի ժողովրդի ճակատագրին վերաբերող որեւէ քննարկմանը պարտաւոր են հանդէս գալ բացառապէս 1988թ. շարժման արժէքային հիմքերի, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակագրի եւ նախընթաց տարիներին հիմնաւորուած Արցախի Հանրապետութեան ու նրա ժողովրդի անվտանգութեան երաշխաւորի դիրքերից,

Միջազգային կառոյցները ականատես եղան, որ Արցախը տարիներ շարունակ հաւատարիմ է մնացել խաղաղ ճանապարհով` բանակցութիւնների միջոցով ղարաբաղեան հակամարտութիւնը կարգաւորելու, 1994թ. մայիսին հաստատուած եռակողմ հրադադարի համաձայնագրին հետեւելու յանձնառութիւններին եւ այդ կեցուածքի շնորհիւ տարածաշրջանում 25 տարուց ի վեր պահպանուել է անվտանգութիւնն ու փխրուն խաղաղութիւնը: Դրան հակառակ, Ադրբեջանը անցած տարիներին ամէն ինչ արել է առաջարկուած համաձայնութիւնները մերժելու, իրավիճակը լարուած պահելու եւ նոր պատերազմներ հրահրելու համար:

2016թ. ապրիլեան քառօրեայ ռազմագործողութիւնների, իսկ 2020թ. 44 օրեայ պատերազմի ընթացքում Արցախի ժողովուրդը ստիպուած էր դիմակայել Ադրբեջանի եւ տարածաշրջանում ահաբեկչական վարքագծով յայտնի Թուրքիայի ու վարձու խմբաւորումների ագրեսիային:

Մեզ համար այդպէս էլ անհասկանալի մնացին, թէ ինչու այդ նոյն կառոյցները խուլ ու անտարբեր մնացին պատմական հայրենիքում դարեր ի վեր ապրող հայ ժողովրդի հանդէպ նոր ցեղասպանութիւն իրականացնելու անթաքոյց յաւակնութիւններին, ինչու չկիրառուեցին միջազգային իրաւունքի եւ միջազգային անվտանգութեան այն գործիքները, որոնք կարող էին անմիջապէս կանգնեցնել կործանիչ պատերազմը:

Մենք պահանջում ենք արդարութեան վերականգնում եւ համոզուած ենք, որ միայն Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը կարող է երաշխաւորել մարդու իրաւունքների ամբողջական իրացումը եւ անվտանգ գոյութիւնը իր պատմական հայրենիքում:

Ժողովրդի պահանջներն ու դիրքորոշումը ուղեցոյց են առաջիկայ զարգացումների համար: Եւ այս նպատակադրութեամբ մենք ողջունում ենք աշխարհի տարբեր քաղաքներում, մայրաքաղաք Երեւանում եւ այլուր, բոլոր այն քայլերը, որոնք ուղղուած են Արցախի դատի պաշտպանութեանը:

Ուրեմն՝ միասնականութիւն, պայքար, յաղթանակ:

Share