Առանձին անհատներ չէն կարող որոշել արցախցու ճակատագիրը, իսկ փորձ անողները ժամանակից շուտ կկնքէն իրենց քաղաքական մահը

Առանձին անհատներ չէն կարող որոշել արցախցու ճակատագիրը, իսկ փորձ անողները ժամանակից շուտ կկնքէն իրենց քաղաքական մահը

Կիրակի օրը Բրիւսելում տեղի ունեցած եռակողմ բանակցութիւններից յետոյ Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ոգեւորութեամբ յայտարարեց, որ Փաշինեանն աներկբայ ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանը դրա դիմաց Արցախի վերաբերեալ որեւէ պարտաւորութիւն չի ստանձնել:

Այսքանից յետոյ ինչպե՞ս են տեսնում Արցախի ապագան Արցախում, հարցի պատասխանը «Իրաւունք»-ը փորձել է ստանալ  ԱՀ նախագահի խորհրդական ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ, ով նախ փաստեց հետեւեալը.

-Արցախի ապագան ես տեսնում եմ երկու ձեւով՝  առաջինը` Արցախի ինքնորոշում եւ միջազգայնօրէն ճանաչում, որը այս հանգրուանում շատ դժուար է իրականացնել, բայց որպէս ռազմավարութիւն միշտ մնալու է մեր օրակարգում: Երկրորդ, ստատուս-քուոյի պահպանում կամ մասնակի ճանաչում, որի իրականացումը աւելի հաւանական եմ համարում: Պետք է հաշուի առնել, որ ամէն օր տեղի է ունենում աշխարհաքաղաքական լուրջ փոփոխութիւններ եւ ամէն պահի կարող է փոփոխուել իրավիճակը:

Գտնում եմ, որ ամենածանր պահերը արցախցիներն ապրում են հիմա, եւ պէտք է միահամուռ ուժերով դիմագրաւենք այդ դժուարութիւններին: Արցախի ապագան խարսխւում է Արցախ-Հայաստան-Սփիւռք եռամիասնութեան մէջ, սակայն, չնայած այսօր տեսնում ենք, որ 120 000 արցախցիներ շրջապատուած են ադրբեջանցիների կողմից, սակայն այս իրավիճակում ՀՀ ներկայիս իշխանութիւնները գտնւում են Խորհրդային Ադրբեջանի տէրիտորեալ ամբողջականութեան ճանաչման եզրոյթում, որի կազմի մէջ՝ Արցախի Հանրապետութիւնը: Արեւմուտքի հետ ընթացող բանակցութիւններումն նոյնիսկ չի շոշափւում Արցախի կարգավիճակի հարցը: Նկատենք, որ արցախեան շարժման ցանկացած հանգրուանում կարելի էր ամէն ինչ պատկերացնել, բայց ոչ ՀՀ-ի իշխանութիւնների վերոյիշեալ դիրքորոշումը:

Գտնում ենք, որ Ռուսաստան-Արեւմուտք հակադրութիւնները շատ յստակ գործում են նաեւ Հայաստանում եւ Արցախում: Արեւմուտքի նպատակը ռուսների դուրս մղումն է տարածաշրջանից, իսկ Ռուսաստանի նպատակը՝ տարածաշրջանում ամրապնդուելը եւ Արեւմօտքի տարածաշրջան ներթափանցման կանխումն է:

Արմէն Սարգսեանը վստահ է.

-Մենք պէտք է մեր նպատակին հասնելու համար շատ ճկուն, բայց համարձակ քաղաքականութիւն վարէնք՝ պարուրուած ժողովրդի միասնականութեամբ: Վստահ եմ, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում եւ որ մօտ ապագայում տարածաշրջանում լինելու են քաղաքական նոր դասաւորումներ, որի սկիզբը «ազդարարելու» է  մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան Անկախութեան օրը՝ Թուրքիայում կայանալիք ընտրութիւնները: Առանձին անհատներ, անկախ նրանից, թէ ինչ պաշտօն են զբաղեցնում, անկախ նրանից, թէ նրանք Հայաստանում են թէ այլ երկրներում, չէն կարող որոշել արցախցու եւ ողջ հայ ժողովրդի ճակատագիրը: Առաւել վստահ եմ, որ նրանք ժամանակից շուտ կկնքէն իրենց քաղաքական մահը, քանզի չէն հէնւում ժողովրդի ներուժի վրայ եւ տարուած են միայն արտաքին քաղաքական խաղերով:

Չմոռանանք, որ մայիս ամիսը յաղթանակների ամիս է, ուրեմն գործենք այդ յաղթանակների համար:

Զրոյցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Share