Լոս Անջելեսում ևս զարթնում է լաոն

Լոս Անջելեսում ևս զարթնում է լաոն

Երկուշաբթի, Մայիսի 9-ի երեկոյեան հարիւրաւոր լոսանջելեսահայեր մասնակցելով ՀՀ գլխաւոր հիւպատոսարանի դիմաց կազմակերպուած հանրահաւաքին իրենց զօրակցութիւնը յայտնեցին Հայաստանի ընդդիմութեան բողոքի ցոյցերին:

Հանրահաւաքի մասնակիցներն իրենց հետ կրում էին Հայաստանի եւ Արցախի դրօշները եւ Հայաստանի իշխանութիւնների հեռացումը պահանջող պաստառներ՝ վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան»:

Հանրահաւաքին խօսք առան բազմաթիւ հասարակական գործիչներ և Արցախեան պատերազմներին մասնակցած հերոսների զավակներ: Բանախօսներն իրենց ելոյթներում  ընդգծեցին, որ Հայաստանի այսօրուայ իշխանութիւնները  դէ ֆակտօ տանում են թուրքամէտ քաղաքականութիւն, պատրաստ են բարեկամութիւն անել նոյն պետութեան հետ, ով մինչեւ այսօր կալանքի տակ է պահում մեր ռազմագերիներին:

Նրանք նաեւ կոչ արեցին այն բոլոր հայերին, որոնք գիտակցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն անձեռնմխելի է, որ Հայաստանի պետականութիւնն անսակարկելի արժէք է, պէտք է իջնեն փողոց եւ մասնակից դառնան հայ ժողովրդի ապագայի կերտմանը: Ելոյթների ընթացքում նաեւ ընդգծուեց, որ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը արդեն իսկ քաղաքական դիակ է եւ նրան հաշուած օրեր են մնում, իսկ իշխանութիւնների կազմակերպած սադրանքները ոչ միայն որեւէ արդիւնք չեն ունենալու, այլ հակառակ ազդեցութիւն են գործելու եւ դրանց շնորհիւ ամէն օր աւելի շատ Լաոներ են զարթնելու:

Հանրահաւաքի մասնակիցներն այնուհետեւ քայլերթ կատարեցին դեպի Արցախի պողոտայ եւ  յեղափոխական երգեր հնչեցնելով նաեւ Հայաստանի իշխանութիւնների դէմ լոզունգներ վանկարկելով անցան Գլենդելի գլխաւոր փողոցներով:

Քայլերթի աւարտին բողոքի ցոյցի մասնակիցները համախմբուեցին Գլենդելի Հանրային գրադարանի շէնքի առջեւ, որտեղ եզրափակիչ ելոյթով հանդէս եկաւ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարեանը:

Քայլերթն աւարտուեց «Զարթիր Լաո» երգով:

Տեսանիւթը դիտել՝ https://fb.watch/cVReAUNLwM/

Share