Հնարաւոր չէ ջնջել հարեւանիդ մտադրութիւնը՝ ձեւացնելով, որ մոռանում ես յանցագործ արարքը

Հնարաւոր չէ ջնջել հարեւանիդ մտադրութիւնը՝ ձեւացնելով, որ մոռանում ես յանցագործ արարքը

Պատրիկ Ազատեան

Կան հայեր ովքեր ցանկանում են հաւատալ որ եթէ մենք ձեւացնենք որ ցեղասպանութիւնը երբեք տեղի չի ունեցել, աւելի լաւ ու խաղաղ կապրենք։ Այս մտայնութեանը պատմական հիմք տալու եւ ուրացող չերեւալու համար, այս մարդիկ երբեմն պնդում են որ ցեղասպանութիւնը Սփիւռքի խնդիրն է, մոռանալով այն փաստը որ Հայաստանաբնակ հայերի մեծամասնութիւնը արմատներ ունեն արեւմտեան Հայաստանում (ի միջի այլոց միտումնաւոր չեմ գրել Արեւմտահայաստան որովհետեւ չեմ հաւատում նման արհեստական ու օտարների կողմից մէզ պարտադրուած բաժանումների):

Նրանք սա համարում են ժամանակակից, նորարար եւ իրատես մտածելակերպ։ Հարց են տալիս որ եթե՞ հրէաներն ու գերմանացիները կարող են հաշտուել, ամերիկացիներն ու ճապոնացիները կարող են դաշնակից դառնալ, ինչո՞ւ Հայաստանն ու Թուրքիան չէն կարող բարեկամանալ։ Այս մտածելակերպով են ցանկանում կարգաւորել Հայաստանի յարաբերութիւնները Թուրքիայի հետ։ Դա ենթադրաբար պայմանաւորուած է նրանով, որ նրանք ցանկանում են օգուտ քաղել Թուրքիայից կամ ոմանք իրենց աւելի ապահով են զգում, եթէ սեղմում են թուրք պաշտօնեաների ձեռքը: Սա, իհարկէ, գալիս է մեր թոյլութեան դիրքից եւ ոչ այն պատճառով, որ մենք Յիսուսի պէս ներող ենք եւ կարծում ենք, որ բոլոր յանցագործներն արժանի են երկրորդ շանսի: Թուրք ղեկավարները սա գիտեն։

Բացի ակնյայտ բարոյական հարցերի որ այս մտածելակերպը առաջացնում է, կան մի քանի առարկայական խնդիրներ այս տեսակի մտայնութեան հետ: Նախ, եթէ ցեղասպանութիւնը տեղի չունենար, տարածաշրջանի հայ բնակչութիւնը կը կազմեր մօտաւորապէս 12-ից 15 միլիոն: Երկրորդ, եւ սա միանշանակ եզրակացութիւն չէ, Հայաստանի Հանրապետութեան տարածքը կը լինէր աւելի ընդարձակ եւ աւելի կայուն։ Կամ գոնէ Հայաստանի արեւմտեան սահմաններին հայ բնակչութիւն կը լինէր։ Բայց այս գաղափարի ամենամեծ խնդիրն այն է որ հնարաւոր չէ ջնջել հարեւանիդ մտադրութիւնը (intent)՝ ձեւացնելով, թէ մոռանում ես յանցագործ արարքը, մանաւանդ որ քո հարեւանը ուրանում է յանցագործութիւնը եւ շարունակում է ցեղասպան քաղաքականութիւն վարել մեր արեւելեան հարեւանի միջոցով:

Անցեալը չճանաչելով եւ իրականութեանը չառերեսուելով՝ մտադրութիւնը չի վերանում։ Ինչպէս բռնութեան ենթարկուած անհատը երբեք չի կարող նոյն անմեղութեամբ եւ անկեղծութեամբ մօտենալ իր բռնարարին, ձեւացնելով որ իբր թէ բռնութիւնը տեղի չի ունեցել, այնպէս էլ հայը եւ Հայաստանը չէն կարող բարեկամական յարաբերութիւններ ունենալ Թուրքիայի հետ այն եթերային մտածելակերպի հիման վրայ որ ցեղասպանութիւնն ու դրան հետեւող ուրացումը երբեք տեղի չէն ունեցել:

Մեզ համար, առանց ապաշխարութեան Թուրքիան մնում է գիշատիչ (predator) պետութիւն: Սա ռոմանտիկ կամ ազգայնական հայեացք չէ: Ընդհակառակը, սա է առարկական մօտեցումը: Սա է իրականութիւնը։ Սա չի նշանակում, որ չպէտք է փորձել որոշ յարաբերութիւնների կարգաւորման գնալ մեր հարեւանների հետ կամ խուսափել թուրք անհատների հետ շփումից, բայց վարուելով այնպէս, որ ցեղասպանութիւնը երբեք տեղի չի ունեցել, մենք դատապարտուած ենք այնպիսի իրավիճակի որի համար կարող ենք զղջալ շատ մօտ ապագային։

Share