ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ անդամ Քրիստինէ Վարդանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Տարիներ շարունակ մեզ համոզել են, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների ամենամեծ խնդիրն Արցախի հարցն է եւ որ այդտեղ զիջումով մենք աւտոմատ կերպով ձեռք կը բերենք Հայաստանի նկատմամբ առնւազն չէզոք տրամադրւած երկու հարեւաններ` ի դէմս Թուրքիայի եւ Ադրբեջանի:
Մինչդեռ Թուրքիան եւ Ադրբեջանը երբեք չեն պատրաստւել սահմանափակւել Արցախով:
Վկայութիւնը մի քանի օր տեւած վաշինգտոնեան բանակցութիւնները:
Յիշեցնեմ միայն, որ Հայաստանը ներկայացնողները հրապարակային հրաժարւել են Ադրբեջանի հետ բանակցել Արցախի հիմնահարցով, պնդելով, որ դա այս ծանրագոյն պայմաններում պէտք է անի Արցախը միայնակ` ուղիղ բանակցելով Ադրբեջանի հետ:
Ադրբեջանն էլ հրաժարւել է խօսել Արցախի թեմայով ընդհանրապէս:
Ուրեմն ի՞նչ են բանակցում Վաշինգտոնում` Ադրբեջանի պահանջներն ուղղւած Հայաստանի Հանրապետութեանը, որոնք ներառում են տարածքային պահանջներ, բնական ռեսուրսների եւ ստրատեգիական ճանապարհների նկատմամբ վերահսկողութիւն, ադրբեջանցիների վերաբնակեցում ՀՀ տարածքում:
Արցախով որեւէ մէկը սահմանափակւել չի պատրաստւում, որովհետեւ խնդիրը երբեք էլ միայն Արցախը չի եղել` խնդիրը այս տարածաշրջանում հայկական պետութեան գոյութիւնն է»: