Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցութիւններն աւարտել են «փոխըմբռնման առաջընթացով»

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցութիւններն աւարտել են «փոխըմբռնման առաջընթացով»

Վաշինգտոնում աւարտուել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցութիւնները:

ՀՀ ԱԳՆ-ն բանակցութիւնների աւարտի առնչութեամբ յայտարարութիւն է տարածել, որում մասնաւորապէս ասւում է.

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանը եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Արլինգթօնում (ԱՄՆ Վիրջինիայ նահանգ) անցկացրել են բանակցութիւններ:

Նախարարները հիւրընկալուել են Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Վաշինգտոնում նախարարները հանդիպել են ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքենի եւ նախագահի օգնական եւ ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջեյք Սալիւանի հետ:

Նախարարները ներկայացրել են իրենց տեսակէտներն առկայ իրավիճակի շուրջ եւ իրենց դիրքորոշումներն են յայտնել յարաբերութիւնների կարգաւորմանն առնչուող գոյութիւն ունեցող խնդիրների վերաբերեալ։

Նախարարները եւ նրանց թիմերն «Խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ յօդուածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միեւնոյն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամէտ:

Երկու նախարարներն իրենց գնահատանքն են յայտնել ամերիկեան կողմին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցութիւնները հիւրընկալելու համար։ Կողմերը պայմանաւորուել են շարունակել քննարկումները»։

Նշէնք, որ ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնը բանակցութիւնների աւարտից յետոյ յայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցութիւններում «նշանակալի առաջընթաց են գրանցել»:

Share