Հարցազրոյց թուրքագէտ, արեւելագէտ Վարուժան Գեղամեանի հետ:
Մայիսի 14-ին Թուրքիայում սպասւում են նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ։ Նախագահական ընտրութիւններում հիմնական պայքարն ընթանում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի միջեւ, ինչ էք կարծում Թուրքիայի քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ սկզբունքօրէն կարո՞ղ է փոխւել: Թուրքիային շահագրգռւա՞ծ է Հայաստանի հետ յարաբերութիւններ ունենալ, թէ Հայաստանն է աւելի շահագրգռւած:
Թուրքիայում ընտրութիւնները անշուշտ շատ կարեւոր իրադարձութիւններ են թէ՛ ներքաղաքական թէ՛ արտաքին քաղաքական տեսանկիւնից: Սակայն կախւած ընտրութիւնների արդիւնքով չեն փոխւելու Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականութեան սկզբունքները եւ առաւել կարեւոր նպատակները, որովհետեւ դրանք սահմանւում եւ առաջ են մղւում ոչ թէ կախւած այս կամ այն քաղաքական ուժից, կուսակցութիւնից կամ անձից, այլ դրանք Թուրքիայի ազգային պետական շահի շրջանակում են, որոնք մշակւում են այդ պետութեան հիմնադրման օրւանից, ընդւորում՝ վաղ օսմանեան շրջան եւ կրում են միեւնոյն բնոյթը: Այսինքն կարող են փոխւել միայն ոճական առումով, բայց ոչ բուն էութեան տեսանկիւնից:
Ընդդիմութեան մօտեցումը Հայաստանի նկատմամբ ինչպէ՞ս է կարող լինել: Որեւէ մէկի համար գաղտնիք չէ, որ ընդդիմութիւնն արդէն հանդիպում է ամերիկացիների հետ, իսկ Միացեալ Նահանգները հակւած է, որպէսզի Հայաստանի ու Թուրքիայի յարաբերութիւնները կարգաւորւեն։ Միեւնոյն ժամանակ, կայ Իրանի գործօնը եւ հայ—իրանական յարաբերութիւնների զարգացման միտումը: Կարո՞ղ է արդեօք այն ազդել յարաբերութիւնների ընթացքի վրայ:
Թուրքիայի Հանրապետութիւնը մշտապէս ձգտել է եւ ձգտելու է նւաճել Հարաւային Կովկասը: Այդ նւաճումը կարող է լինել բառի ուղիղ իմաստով ռազմական տեսանկիւնից, կամ կարող է լինել այսպէս կոչւած փափուկ ուժի ձեւով՝ տնտեսական, քաղաքական, մշակութային եւ այս նպատակները բխում են Թուրքիայի ազգային պետական շահերից հետեւաբար անկախ նրանից թէ, որ քաղաքական ուժը/գործիչն է գալիս Թուրքիայի իշխանութեան նա հետեւելու է ազգային պետական շահերին: Միանգամից նաեւ ասենք, որ Թուրքիան շահագրգռւած չէ Հայաստանի հետ ունենալ յարաբերութիւններ: Հայաստանն էլ շահագրգռւած չէ, այլ Հայաստանի դէ ֆակտօ իշխանութիւններն են կոնկրետ ուզում Թուրքիայի հետ ունենալ յարաբերութիւններ:
Թուրքիայի Հանրապետութեան համար շատ կարեւոր է Հայաստանի վրայ շարունակական ճնշում բանեցնել հերթական զիջումը կորզելու համար, եւ այդ ճնշման ձեւերից մէկը փակ սահմանն է, իր իսկ կողմից 1992 թւականին փակւած սահմանը: Այսինքը սահմանի բացումից կամ յարաբերութիւնների հարթեցումից Թուրքիան ոչինչ չի շահելու ընդհակառակը կարող է շահել շարունակելով յարաբերութիւնների բացակայութիւնը սահմանների իր կողմից փակ լինելը բանեցնել, որպէս ճնշման գործիք Հայաստանի վրայ եւ կորզել Հայաստանի կողմից հերթական զիջումը:
Թուրքիայի ընդդիմութիւնը խորքային իմաստով, որեւէ արտաքին քաղաքական հարցով չի տարբերւում Էրդողանի վարած քաղաքականութիւնից եւ չնայած այո իրենք աւելի կողմնակից են հաւասարակշիռ քաղականութեան, սակայն դրանից չեն փոխւում իրենց մօտեցումները տարածաշրջանային հարցերով: Դրա վառ վկայութիւնը Թուրքիայի պատմութեան ամենաարեւմտամէտ եւ դեմոկրատ գործչի օրինակն է Բիւլենթ Էջեւիթը, որը 1970-ականներից ապա նաեւ դրանից յետոյ Թուրքիայի վարչապետի պաշտօնն է զբաղեցրել, այդ ժամանակ գլխաւոր գործիչը՝ ժամանակւայ սահմանադրութեամբ: Եւ դա նրան չի խանգարել, որ 1974 թւականին հէնց նա ղեկավարի Կիպրոսի 40-տոկոսի նւաճման գործողութիւնը, որի արդիւնքում մինչեւ այսօր Կիպրոս կղզու հիւսիսային հատւածը փաստացի անօրինական օկուպացիայի մէջ է թուրքերի կողմից եւ այնտեղ հիմադրել է Քւազի Թուրքական պետութիւնը:
Էրդողանը յայտարարել է, որ կրկին նախագահ ընտրւելու դէպքում, չի թողնի պատերազմական գործողութիւնների մէջ ներքաշել երկիրը: Ի՞նչ նկատի ունի նա՝ նման յայտարարութիւն անելով: Ուղղակի քարոզչական «հնարք» է, թէ՞ այլ պատճառներ էլ կան:
Այո, դա աւելի շատ քարոզչական հնարք է: Իրականում Թուրքիան հիմա էլ ասում է, որ պատերազմի մէջ չկայ: Նա միայն հակաահաբեկչական ռազմական գործողութիւն է իրականացնում, հետեւաբար քարոզչական բաղադրիչը եթէ մի կողմ դնենք, ապա կարող ենք հանգիստ ասել, որ Թուրքիան շարունակելու է հետամուտ լինել այն արտաքին քաղաքականութեանը, որը որդեգրել է, իսկ այն ենթադրում է ակտիւ նախաձեռնողականութիւն ռազմական կոմպոնենտի՝ բաղադրիչի կիրառում եւ դրա շնորհիւ Թուրքիան կարողացել է զգալիօրէն մեծացնել իր ազդեցութիւնը մեծ Մերձաւոր Արեւելքում: Սկսած Արեւելեան Միջերկրականից եւ արաբական արեւելքից՝ Սիրիա, Իրաք, աւարտած՝ կենտրոնական Ասիայով եւ Հարաւային Կովկասով, ինչպէս որ՝ Արցախում օկուպացւած հատւածում թուրքական զօրքի ներկայութիւնն է:
Կարո՞ղ ենք ասել, որ որեւէ քաղաքական ուժ ունակ չէ Հայաստանի նկատմամբ քաղաքականութեան փոփոխութիւն կատարել, եւ Հայաստանը շարունակում է մնալ թուրքական համակարգի թիրախն իր բոլոր հետեւանքներով:
Անկախ քաղաքական ուժից, թուրքական ազգային ուժերը՝ Թուրքիայի մեծամասնութիւնը հէնց այդպիսին է, եւ նրանք ովքեր ունակ են փոխելու իրավիճակը, նրանք ովքեր մրցում են երկրի ղեկավարելու համար, այդպէս են դիտարկելու: Ուրեմն, Հայաստանը շարունակելու է մնալ թուրքական համակարգի թիրախը: Կարող է փոփոխւել, եթէ այդպիսին բան լինի՝ ոճային փոփոխութիւն եւ ոչ բովանդակային: Ես ուզում եմ նաեւ միանգամից կարծել, որ իշխանութիւնը շարունակելու է մնալ Էրդողանի եւ իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան ձեռքը:
Շնորհակալութիւն:
Զրոյցը՝
ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ