ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնը վստահ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկայ խնդիրները լուծելու միակ ճանապարհը բանակցութիւններն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտարարել է ԱՄՆ պէտքարտուղարութեան խօսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի միջնորդութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյեանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ կայացած բանակցութիւններին:
Պատելը շեշտել է, որ ԱՄՆ-ն ուրախ է հիւրընկալել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին:
«Պետքարտուղար Բլինքէնը պատիւ ունեցաւ ողջունել արտգործնախարարներին երէկ ընթրիքի ժամանակ, իսկ այսօր առաւօտեան ներկայ լինել Ջորջ Պ. Շուլցի Ազգային գործերի արտաքին գործերի ուսումնական կենտրոնում բացման լիագումար նիստին… Պետքարտուղարը կարծում է, որ ուղիղ երկխօսութիւնն առանցքային է խնդիրների լուծման եւ կայուն խաղաղութեան հասնելու համար: Նա խորապէս ներգրաւուած է եղել այս գործում: Դրանում խորապէս ներգրաւուած է եղել նաեւ աւագ համակարգող Բոնոն (խմբ.՝ Լուիս Բոնոյ՝ Հարաւային Կովկասում բանակցութիւնների հարցերով ԱՄՆ պէտքարտուղարութեան աւագ խորհրդական)», — ասել է Պատելը՝ յաւելելով, որ Վաշինգտօնը կը շարունակի մեծ ուշադրութիւն դարձնել այս հարցին:
Դիւանագէտը շեշտել է, որ Վաշինգտօնն ուրախ է հիւրընկալել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին եւ նպաստել բանակցութիւններին, որոնց նպատակը Հարաւային Կովկասում խաղաղ ապագան է:
Ինչ վերաբերում է բանակցութիւնների հնարաւոր յաջողութեանը, Պատելը նշել է, որ դա, ի վերջոյ, պէտք է որոշեն երկու երկրները, եւ ԱՄՆ-ն ձգտում է «այս երկու երկրների միջեւ խաղաղութեան եւ կայունութեան Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»:
ԱՄՆ պէտքարտուղարութեան փոխխօսնակը եւս մէկ անգամ յիշեցրել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եւ արտգործնախարարների հետ Էնթօնի Բլինքենի նախորդ եռակողմ հանդիպումների մասին՝ վստահութիւն յայտնելով, որ «երկու երկրների միջեւ խաղաղութիւնը հնարաւոր է»:
Պատելի խօսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է պնդել, որ հարկաւոր է ապահովել մարդկանց եւ ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: