«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախից յուսահատ լուրեր ենք ստանում, որ ռուս խաղաղապահ զօրախմբի հրամանատարութեան եւ ադրբեջանցիների միջեւ բանակցութիւններն արդիւնք չէն տալիս՝ Հակարի կամրջին տեղադրուած անցակէտը հեռացնելու հարցում։ Կիրակի օրը Արցախը Հայաստանին կապող ճանապարհին անցակէտ էին տեղադրել, երեկուանից՝ նաեւ յատուկ խցիկ, որտեղ պէտք է անձնագրային ստուգումն իրականացնեն կամ, ինչպէս արցախցիներն են ասում, 21-րդ դարի յաթաղան, որի տակով ստիպուած են լինելու անցնել։
Արցախից ասում են, որ ռուսական կողմին չի յաջողւում հասնել նրան, որ անցակէտի փոխարէն ռենտգէն-սկաներ սարքեր տեղադրուեն, որոնց վերահսկողութիւնն իրականացուի ռուսների կողմից, իսկ ադրբեջանցիներն առցանց հետեւէն։ Սա ստեղծուած իրավիճակում միակ ընդունելի կոմպրոմիսը կը լինէր։ Ադրբեջանցիները ռուսների հետ բանակցութիւններում որոշ կոմպրոմիսի են գնացել, որ կարող են ընդառաջել՝ անցակէտում որոշակի՝ ոչ էական գործառոյթներ թոյլ տալ, որ իրականացնեն ռուս խաղաղապահները։ Ի դէպ, չորս ամսից աւելի Լաչինի միջանցքը փակ պահող ֆեյք բնապահպանները երէկ դադարեցրին իրենց ակցիան՝ ապացուցելով, որ այն ոչ մի կապ չուներ էկոլոգիայի հետ, նպատակն անցակէտի տեղադրումն էր ու Արցախը Հայաստանից կտրելը»: