Արցախում մեկնարկել է «Ոչ՝ Արցախի Հանրապետութեան էթնիկ զտմանը» շարժման ստորագրահաւաքը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում շարժման մամուլի պատասխանատու Արշակ Աբրահամեանը տեղեկացրել է, որ այսօր վաղ առաւօտից Արցախի երիտասարդական կառոյցները նախաձեռնել են ստորագրահաւաք՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտմանն ու ցեղասպանութեան քաղաքականութիւնը Արցախում, եւ ապահովել 2020 թուականի եռակողմ յայտարարութեան կատարումը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 28 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Պահանջատէրերի հասցէատէրերն են՝ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անդամ պետութիւնները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները եւ ՀՀ վարչապետը, որպէս ՀՀ Անկախութեան հռչակագրով Արցախի Հանրապետութեան հարցում իրաւական եւ քաղաքական պատասխանատուութիւն ստանձնած ղեկավար: Հասարակութիւնն ակտիւ է մասնակցում ստոագրահաւաքին: Սա եւս մէկ անգամ խօսում է, որ արցախահայութիւնը յստակ նշել է իր կարմիր գծերը եւ պատրաստ է տէր կանգնել իր անկախութեան իրաւունքին»,-մանրամասնել է Ա. Աբրահամեանը:
Նրա խօսքով՝ ստորագրահաւաքը նախատեսուած է իրականացնել մինչեւ մայիսի 6-ը, որից յետոյ կը հաշուարկուեն արդիւնքները:
Արցախի ժողովրդին անհանգստացնում է ադրբեջանական անցակէտի տեղադրումը Լաչինի միջանցքում: Արցախցիները բնականաբար, չէն ցանկանում, որ ոչ մի պարագայում այդ անցակէտը այնտեղ լինի: Բացի այդ, միջանցքի կարգավիճակը յստակ ամրագրուած է նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ»,- նշել է Ա. Աբրահամեանը: