Գալիս է քաղաքացու վրէժի ժամանակը

Գալիս է քաղաքացու վրէժի ժամանակը

Յարութիւն Աւետիստան

Նիկոլ Փաշինեանին Երեւանի կենտրոնում «դաւաճան» անւանած երիտասարդի հետ կատարւածը՝ իր ողջ ողբերգականութեամբ, կոմիզմով ու հակաիրաւականութեամբ հանդերձ, շատ խորհրդանշական իմաստ ունի եւ արտայայտում է հայաստանեան քաղաքական իրականութեան բազմաթիւ շերտեր։

Ընդհանրապէս «դաւաճանը» Արցախում ու Հայաստանում կատարւած ողբերգութիւնները կանխորոշած, իսկ հետագայում՝ նաեւ քաղաքական օրակարգ ձեւաւորող արտայայտութիւն է․ Նիկոլ Փաշինեանը, ինչպէս ինքն է խոստովանել, չի գնացել ղարաբաղեան հակամարտութեան ցաւոտ զիջումների, իսկ յետոյ նաեւ աւելի վաղ չի դադարեցրել պատերազմը՝ հէնց «դաւաճան» չորակւելու համար, ինչն արժեցել է հազարաւոր երիտասարդների կեանքեր։

Իհարկէ, նա այդպէս էլ «դաւաճանի» պիտակից չխուսափեց, եւ յետպատերազմեան ողջ դիսկուրսը մինչեւ օրս էլ ծաւալւում է հէնց դաւաճանութեան, դաւաճանի կամ դաւաճանների փնտրտուքի շուրջ։

Այսինքն, երիտասարդը փողոցում խտացւած կերպով ներկայացրել է այն հանրային-քաղաքական մթնոլորտը, որում այսօր ապրում է Հայաստանը, եւ Նիկոլ Փաշինեանի ականջը պէտք է որ ամբողջութեամբ սովորած լինէր «դաւաճան» վանկարկումին։ Այդ պիտակաւորումը նրան խորհրդարանում ուղղում էին ընդդիմադիրները, ամիսներ շարունակ այդ բառը քաղաքական գործիչների շուրթերից հնչում էր Երեւանի փողոցներում, այսօր էլ մամուլը ողողւած է տարբեր քաղաքական դէմքերի, փորձագէտների նոյնական որակաւորումներով։ Նրանցից որեւէ մէկի դէմ Նիկոլ Փաշինեանը լայն իմաստով ոչինչ չի ձեռնարկել, երբեմն՝ հակադարձել, երբեմն՝ կուլ է տւել «դաւաճան» արտայայտութիւնը։ Սակայն միանգամայն այլ է պարագան, երբ այդ պիտակաւորումը հնչում է քաղաքացու կողմից, որը պաշտպանւած չէ որեւէ ինստիտուցիոնալ թիկունքով, քաղաքական թիմով եւ այլն։

Բոլոր «դաւաճան» ասողներից առաջին հայեացքից ամենաանվտանգը, թւում է, հէնց այս՝ միայնակ քաղաքացու պոռթկումն էր։ Բայց, փաստօրէն, Նիկոլ Փաշինեանը հէնց նրա մէջ է տեսել ամենամեծ վտանգը, դրա համար երիտասարդին բերման են ենթարկել, անհեթեթ քրէական գործ են փորձել յարուցել, ազատել են աշխատանքից… Երիտասարդ քաղաքացուն, սակայն, իր հետ կատարւածն ընդհանրապէս չի վախեցրել, աւելին, 168.am-ի հետ զրոյցում ասել է. «Այսօր էլ տեսնեմ՝ գոռալու եմ։ Դա իմ քաղաքացիական դիրքորոշման արտայայտչաձեւն է, իմ քաղաքական գնահատականը նրանց գործունէութեանը»:

Այս միջադէպը ցոյց է տալիս, որ Նիկոլ Փաշինեանն իր իշխանութեան իրական սպառնալիքները տեսնում է ոչ թէ ընդդիմութեան, ինստիտուցիոնալ առումով քիչ թէ շատ կայացած տարբեր այլ միաւորների, այլ հէնց հասարակ քաղաքացիների շրջանում։

Նա ինքը քաղաքական գործընթացներ է սկսել ու զարգացրել հէնց «եւ այդ մէկ մարդը դու ես» կարգախօսով եւ լաւ գիտակցում է, որ նման օրինակները կարող են վարակիչ դառնալ եւ միաւորել հազարաւոր «եւ այդ մէկ մարդկանց»՝ դառնալով մեծ քաղաքական փոփոխութիւնների առնւազն սկզբնաղբիւր։

Նիկոլ Փաշինեանն իրեն ապահովագրւած է զգում, պայմանականօրէն ասած, ուղղահայեաց քաղաքական կառոյցներից եւ վախենում է այն հնարաւոր հանրային մոբիլիզացիայից, որը կարող է տեղի ունենալ հորիզոնական կապերի, քաղաքացիների անհատական ու խմբային պոռթկումների արդիւնքում։

Հէնց դա է պատճառը, որ նա հրահանգում է ամենալկտի ձեւով պատժել փողոցում ընդամէնը մի քանի անցորդների աչքի առաջ իրեն «դաւաճան» անւանած երիտասարդին, Մալիշկայում իր վրայ հովանոց նետող տնաւեր դարձած բերձորցի կնոջը, որպէսզի այդպիսով վախեցնի այն հազարաւոր քաղաքացիներին, որոնք սպասում են Նիկոլ Փաշինեանի հետ իրենց պատահական հանդիպմանն ու «դաւաճան» անւանելու իրենց ժամին։

168.am

Share