Հայաստանը սպասում է երեւանեան ընտրութիւններին. դասաւորութիւններ եւ հեռանկարներ

Հայաստանը սպասում է երեւանեան ընտրութիւններին. դասաւորութիւններ եւ հեռանկարներ

Թարգմանեց՝ Գայանէ Մանուկեան

Ritmeurasia- Ритм Евразии (ritmeurasia.org) 

Հայաստանում «թաւշեայ յեղափոխութեան» հնգամեակի մասին հիմա եթէ յիշում են, ապա ոչ այնքան յաճախ եւ շատ աւելի քիչ խանդավառ տօնների ներքոյ, քան մէկ կամ երկու տարի անց այն բանից յետոյ, երբ 2018ի յիշարժան գարնանը Երեւանի կենտրոնը լցրած խանդավառ ամբոխների բուռն ցնծութեան ներքոյ նիկոլ փաշինեանը յայտարարեց. «Կամ ես կը լինեմ վարչապետ, կամ Հայաստանում վարչապետ չի լինի»։

Եւ ահա հեծանիւներից ոստիկանական հսկողութեամբ ուղեկցուող թանկարժէք ամենագնացների վերածուած «թաւշեայ յեղափոխականներն» արդէն գրեթէ հինգ տարի է՝ իշխանութեան ղեկին են, բայց խոստումների մեծ մասն այդպէս էլ չի կատարուել, իսկ որոշներն էլ կատարուել են «ճիշտ հակառակը»։ Հայաստանում սրընթաց աճում է աղքատութիւնը, եւ շատ կանխատեսումներ խօսում են այն մասին, որ ամենակարճ ժամանակահատուածում հանրապետութիւնում աղքատութեան մակարդակը կը կազմի մօտ 40 տոկոս: Այո, հայկական տնտեսութիւնը, որի մէկ հինգերորդը, ըստ վիճակագրական կոմիտէի տուեալների, ստուերում է, պարադօքսային տնտեսութիւն է, որը համադրում է նկատելի աճն ու աղքատութեան մակարդակի բարձրացումը։

«Սահմանային անկայունութեան, ՀՀ անվտանգութեան համակարգի խոցելիութեան, աշխարհակարգի փլուզման պայմաններում տասնեակ հազարաւոր ՀՀ քաղաքացիներ բնակարան են գնում, հազարաւոր ներդրողներ բնակարաններ են կառուցում։ Ինչո՞ւ են դա անում: Իմ գնահատմամբ, դա կարող է նշանակել մի բան.Մարդիկ հաւատացել են կառավարութեան խաղաղ օրակարգին, նրանք հաւատում են, որ խաղաղութիւն կը լինի եւ հնարաւորութիւն կ’ունենան երջանիկ ապրել եւ ստեղծագործել իրենց հայրենիքում, այլապէս իմաստ չէր լինի բնակարան գնել կամ կառուցել: Մարդիկ հաւատում են կառավարութեան «ապագայ կայ» կարգախօսին», – ապրիլի 18-ին խորհրդարանում ասել է փաշինեանը՝ հերթական անգամ իրեն վերագրելով արժանիք, ինչն ամենեւին էլ այդպիսին չէ։ Առանձին ուղղութիւններով տնտեսութեան աճի ռացիոնալ բացատրութիւնը կայանում է Ռուսաստանից, Ուկրաինայից եւ այլ պետութիւններից ռելոկանտների հոսքի մէջ, որոնք հիմնականում ստիպուած տեղափոխուել են Հայաստան եւ այստեղ են տեղափոխել իրենց բիզնեսը, ինչպէս նաեւ եկել են իրենց փողերով, որոնք այսպէս թէ այնպէս համալրում են ՀՀ բիւջեն։

Իհարկէ, Փաշինեանի կառավարութիւնն այսօր փորձում է օգտագործել այդ գործոնը եւ ցոյց տալ իր լուրջ վաստակը տնտեսութեան աճի գործընթացում, սակայն իրականում դա ոչ այլ ինչ է, քան հերթական մանիպուլեացիայ։ Գործող իշխանութեան առջեւ խնդիր է դրուած արդէն հիմա մտածել, թէ ինչ է անելու տնտեսութեան հետ, երբ ռելոկանտներն այս կամ այն հանգամանքների բերումով լքէն Հայաստանը, չէ՞ որ դա կարող է բերել բացասական ազդեցութեան, մինչդեռ երկիրը կարող է դրան պատրաստ չլինել։

Մինչդեռ Հայաստանում աղքատութիւնը շարունակում է աճել, քանի որ այն հնարաւորութիւնները, որոնք առաջացել են ռելոկանտների ներհոսքի արդիւնքում, ի յայտ են եկել ծառայութիւնների մատուցման ոլորտում մասնագիտացած բնակչութեան շատ կոնկրէտ հատուածի մօտ՝ տուրիստական, ռեստորանային բիզնես եւ այլն: Իսկ մնացածը, իսկ դա քաղաքացիների մեծ մասն է, շարունակում են աղքատանալ, քանի որ իշխանութիւնները, հակառակ իրենց խոստումների, չէն կարողացել եւ չէն էլ ձգտում լուծել երկրի սոցիալ-տնտեսական հիմնական խնդիրները:

Յենց այս ֆոնին է, որ Փաշինեանի թիմը պատրաստւում է առաջիկայ Երեւանի աւագանու հերթական ընտրութիւններին, որոնք պէտք է տեղի ունենան այս տարուայ սեպտեմբերին: Աւագանու ընտրութիւնները կ’որոշեն այն քաղաքական ուժը, որը փաստացի մեծամասնութիւն կուերցնի երկրի մայրաքաղաքի կառավարման մէջ։ Բացի այդ, ընտրութիւնների արդիւնքում պարզ կը լինի, թէ ով է դառնալու քաղաքի քաղաքապետը։

Պաշտօնական աղբիւրներից յայտնի է, որ Երեւանի ընտրութիւններում «իշխանութեան կուսակցութեան» թեկնածուն աւինեանն է, ով կգլխաւորի քպ կուսակցական ցուցակը եւ կպայքարի երեւանցիների ձայների համար: Այդ նպատակով աւինեանին նշանակուեցին Երեւանի առաջին փոխքաղաքապետ, ինչը նրան թոյլ է տալիս արդէն քաղաքական միաւորներ հաւաքել եւ առաջիկայ ընտրութիւններին ընդառաջ զգալի ակտիւութիւն ցուցաբերել։ Փոխքաղաքապետի կարգավիճակը աւինեանին հնարաւորութիւն է տալիս ընտրութիւններից մի քանի ամիս առաջ իր ոչ պաշտօնական քարոզարշաւն անցկացնել վարչական ռեսուրսի կիրառմամբ, իսկ յետոյ արդէն մասնակցել պաշտօնական նախընտրական քարոզչութեանը, որը կտեւի 28 օր:

Իշխանութեան հետ մէկտեղ երեւանեան ընտրութիւններին մասնակցելու իրենց որոշումը հնչեցրել են եւս մի քանի քաղաքական ուժեր։ Ինչպէս երեւում է, ցանկացողները բաւական կը լինէն.սպասւում է, որ ընտրութիւններին կմասնակցէն առնուազն տասը քաղաքական կուսակցութիւններ եւ խմբեր: Յիշեցնենք, որ Երեւանի նախորդ՝ 2018ի ընտրութիւններին մասնակցել է 12 քաղաքական ուժ։ Ամենակարեւորն այն է, որ Երեւանի ընտրութիւնները ենթադրում են միայն «կուսակցական» առաջադրում, ինքնաառաջադրուածներ չկան։ Այսպիսով, պայքարը կծաւալուի կուսակցութիւնների եւ դաշինքների միջեւ, ինչը նշանակում է, որ հաշուի առնելով մայրաքաղաքի կարեւոր դերն ու տեղը հանրապետութեան կեանքում, այս ընտրութիւնների արդիւնքները մեծապէս կ’որոշեն Հանրապետութեան առաջիկայ տարիների քաղաքական օրակարգը: Աւագանի է անցնում առնուազն երեք քաղաքական ուժ, իսկ յաղթում է նրանցից մէկը, որը 50+1 ձայն սկզբունքով մեծամասնութիւն է հաւաքում։

Հաշուի առնելով այն, որ Երեւանում բնակւում է Հայաստանի բնակչութեան գրեթէ կէսը, յաղթել մայրաքաղաքում նշանակում է վերցնել իշխանութիւնը, քանի որ դրանից յետոյ ամբողջ հանրապետութիւնում յաղթանակը ժամանակի հարց կը դառնայ մայրաքաղաքի ընտրութիւնների ֆաւորիտի համար։ Զարմանալի չէ, որ փաշինեանի թիմի համար Երեւանում յաղթելն այժմ ներքաղաքական կարեւորագոյն խնդիր է, որի լուծմանը նետուելու են առկայ բոլոր ռեսուրսները։

Խորհրդարանական գործող ընդդիմութիւնը ընտրութիւններին մասնակցելու որոշում դեռ չի կայացրել, բայց հազիւ թէ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի «Հայաստան» դաշինքն ու Սերժ Սարգսեանի Հանրապետական կուսակցութիւնը անտեսէն «ներքաղաքական» 2023ի առանցքային իրադարձութիւնը։ Գործող խորհրդարանական ընդդիմութեան շանսէրը կարող են աւելի մեծ լինել, եթէ նրանք հանդէս գան միասնական ճակատով՝ ձեւաւորելով ընդհանուր ցուցակ՝ քաղաքապետի միասնական թեկնածուով։ Ընտրութիւնների մասնակիցների թւում կը լինի նաեւ Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի «ապրելու երկիր» կուսակցութիւնը, որի նախընտրական ցուցակը կգլխաւորի Արցախի աշխատանքի եւ սոցիալական միգրացիայի նախկին նախարար Մանէ Թանդիլեանը:

Առաջիկայ ընտրութիւններում ֆաւորիտը իշխող քպ է եւ քաղաքապետի թեկնածու աւինեանը: Ինչպէս ցանկացած իշխանութիւն, նրանք ունեն վարչական ռեսուրս, ինչպէս նաեւ ունեն որոշակի թուով կողմնակիցներ։ Սակայն հարկ է նշել, որ Երեւանում գործող իշխանութեան դիրքերն աւելի թոյլ են, քան հանրապետութեան մարզերում, ուստի սեպտեմբերեան քուէարկութիւնը լուրջ փորձութիւն կը լինի փաշինեանի եւ նրա թիմի համար։ Եթէ փաշինեանի եւ աւինեանի կուսակցութիւնը մեծամասնութիւն չհաւաքի, նրանք ստիպուած կը լինէն դաշնակիցներ փնտրել եւ կոալիցիոն համաձայնագրերի մէջ մտնել, բայց «վարչատապետին» ու ընկերութեանը յաղթել անհրաժեշտ է ամէն գնով, որովհետեւ Երեւանում պարտուելը միանշանակ կը լինի գործող իշխանութեան վերջի սկիզբը։

Իհարկէ, այստեղ շատ բան կախուած է հէնց ընտրութիւնների նախօրեին ներքաղաքական կոնկրէտ դասաւորութիւններից, ինչպէս նաեւ այն բանից, թէ ով է առաջադրուելու առաջիկայ ընտրութիւններում։ Իր նրբութիւնները կարող են բերել նաեւ տարածաշրջանի անկայուն իրավիճակը, Ադրբեջանի կողմից մշտական ճնշումները եւ Հայաստանում շարունակուող լոկալ բողոքները, մասնաւորապէս՝ 2022ի աշնանը Լեռնային Ղարաբաղի շուրջ 44-օրեայ պատերազմի ընթացքում զոհուած զինծառայողների հարազատների ելոյթները։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան համաձայնագիրն իրատեսական է, եթէ երկու երկրներն էլ յստակ, առանց երկիմաստութեան եւ հնարքների ճանաչեն միմեանց տարածքային ամբողջականութիւնը եւ պարտաւորուեն այսօր եւ ընդմիշտ տարածքային պահանջներ չներկայացնել միմեանց», – յայտարարում է փաշինեանը՝ հերթական անգամ յայտարարելով իր հաւատարմութիւնը յատուկ ընկալուող «խաղաղութեան օրակարգին», որին հետեւելը գործնականում կարող է յանգեցնել նոր բարդութիւնների, ընդհուպ մինչեւ նախկին Հայկական ԽՍՀ սահմաններում տարածքների կորուստ եւ պաշտօնական Բաքուի կողմից նոր պահանջների առաջադրում: Այնտեղ, արդէն առանձնապէս չամաչելով, խօսում են Հայաստանի՝ որպէս «Արեւմտեան ադրբեջանի» մասին։

Չի թուլանում ճնշումը նաեւ Արեւմուտքի կողմից. մէկը միւսի հետեւից Երեւանում վայրէջք են կատարում եւրոպական եւ անդրովկիանոսեան պատուիրակութիւնները, որոնք պահանջում են Ռուսաստանի հետ կապերի դադարեցում եւ Երեւանն արեւմտեան պատժամիջոցների մեխանիզմներում, որոնք ուղղուած են ոչ միայն Մոսկուայի, այլեւ Թեհրանի դէմ։ Անգամ ոչ թէ երկու, այլ մի քանի աթոռների վրայ նստելու անհրաժեշտութիւնը՝ արեւելեան սահմաններին ամպրոպային ամպերի ֆոնին, սոցիալ – տնտեսական վատթարացող իրադրութեան պայմաններում մի շարք տարածքների դէ ֆակտոյ կորստի սպառնալիքները մեծացնում են իշխանութիւնների կողմից սխալների եւ պարզապէս ոչ ադեկուատ գործողութիւնների ռիսկը, որոնցից, չի բացառւում, փորձեն օգտուել նրանց ընդդիմախօսները, յատկապէս նախկին սխալները համախմբելու եւ հաշուի առնելու դէպքում։ Կստացուի արդյօք դա, ցոյց կը տան առաջիկայ ամիսները։

Share