Ապրիլի 26-ին, ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի կառոյցի, Արցախի ժողովրդավարական եւ Արցախի Արդարութիւն կուսակցութիւնների ներկայացուցիչների հանդիպումը «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալութեան համահիմնադիր Ռուբէն Վարդանեանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկուել են «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալութեան նախաձեռնութեամբ եւ ԱՀ ԱԺ -ում ներկայացուած չորս կուսակցութիւնների քննարկումների արդիւնքում ձեւաւորուած Արցախի Հանրապետութեան ապագայի տեսլականի վերաբերեալ ծրագիրը:
Ռուբէն Վարդանեանն իր շնորհակալութիւնն է յայտնել կուսակցութիւններին՝ ակտիւ մասնակցութեան համար եւ տեղեկացրել, որ ծրագիրը ներկայացուել է ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին եւ ԱՀ ԱԽ քարտուղարին: Նա յոյս է յայտնել, որ այս նախաձեռնութիւնը առիթ կը հանդիսանայ նպատակաուղղուած քայլեր ձեռնարկելու համար:
Հանդիպման ընթացքում մասնակից կուսակցութիւնների ներկայացուցիչները իրենց գոհունակութիւնն են յայտնել քննարկումների ընթացքից, արդիւնքներից, պատրաստակամութիւն յայտնել ծրագրի իրականացման ուղղութեամբ յանձնառու լինել եւ առաջարկել են համագործակցաբար կազմել ճանապարհային քարտէզ՝ ծրագիրը կեանքի կոչելու համար:
Հանդիպման աւարտին մասնակիցները պայմանաւորուել են առաջիկայ օրերին ներկայացնել ճանապարհային քարտէզի վերաբերեալ իրենց պատկերացումները եւ մօտեցումները՝ ծրագիրը գործնականի վերածելու համար: