«Մեկ Հայրենիք, մէկ դատ, մէկ ճանապարհ՝ պայքար». Ջահերով երթ դէպի Ծիծեռնակաբերդի բարձունք

«Մեկ Հայրենիք, մէկ դատ, մէկ ճանապարհ՝ պայքար». Ջահերով երթ դէպի Ծիծեռնակաբերդի բարձունք


Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանութեան 108-րդ տարելիցի նախօրեին, Երեւանի Հանրապետութեան հրապարակից մեկնարկեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնների նախաձեռնած աւանդական ջահերով երթը:

Ջահերով երթն այս տարի կրում էր «Մեկ Հայրենիք, մէկ դատ, մէկ ճանապարհ՝ պայքար» խորագիրը:

Երթի մեկնարկից առաջ ելոյթ ունեցան ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը եւ ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ Գոռ Սարգսեանը։

«Մեզ ստիպում են հրաժարուել հայկական հարցից, մեր անցեալից՝ որպէսզի գողանան մեր ապագան», – իր ելոյթում նշեց Իշխան Սաղաթելեանը:

Ըստ նրա՝ ստեղծուած իրավիճակում անելիքը մէկն է՝ դիմադրութիւն եւ պայքար:

Դիմելով արցախահայութեանը՝ Իշխան Սաղաթելեանը ներողութիւն խնդրեց, որ նրանց եւ Հայաստանի ճակատագիրը որոշում են «թրքահպատակ դաւաճանները»:

Երթի մասնակիցները Հանրապետութեան հրապարակում այրեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրօշները, ապա «Պայքար, պայքար, պայքար» վանկարկումներով շարժուեցին դէպի Ծիծեռնակաբերդի յուշահամալիր։

Երթի առջեւից քայլում էր հոգեւոր դասը ս.Խաչի առաջնորդութեամբ: Մասնակիցներն իրենց հետ տանում էին այն երկրների դրօշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը։

Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում նրանք մէկ րոպէ լռութեամբ յարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի աւելի քան 1,5 միլիոն զոհերի յիշատակին: Անմար կրակի մօտ խոնարհուեցին Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած երկրների դրօշները: Երթի մասնակիցները ծաղիկներ զետեղեցին անմար կրակի շուրջ, տեղի ունեցաւ հոգեհանգստեան կարգ:

Share