ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եւրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի յանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը НСН-ի հետ զրոյցում յայտարարել է, որ Բաքուն կարող է հրաժարուել Լեռնային Ղարաբաղում տեղակայուած ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման ժամկէտի երկարաձգումից՝ իրենց պատմական հողերից հայերի դուրսմղման աւելորդ վկաներին չէզոքացնելու նպատակով։
Զատուլինը յայտարարել է՝ Փաշինեանը յանձնել է մարդկանց ու տարածքը։ «Յաջորդ գործողութիւնը կը լինի Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի ժամկէտը երկարաձգելու մերժումը։ Նրանք այնտեղ պէտք չէն, որպէսզի դրսից վկաներ չլինէն, թէ ինչպէս են վտարելու, դուրս մղելու եւ հաշուեյարդար տեսնելու հայերի հետ»,- ասել է Զատուլինը։
Ռուսաստանցի պատգամաւորը նաեւ նշել է, որ Ղարաբաղի պատմութիւնը սրանով չի աւարտուի, քանի որ Բաքուն արդէն հրաժարւում է վիճելի տարածքի ինքնաւարութեան իր խոստումներից։
«Հայաստանի իշխանութիւնը յանձնեց Ղարաբաղը, յանձնեց Ղարաբաղի ժողովրդին։ Նոյնիսկ խորհրդային տարիներին այս տարածքը ինքնավար միաւոր էր Ադրբեջանի կազմում։ Ներկայումս, ինչպէս գիտենք, Ադրբեջանը հրաժարւում է նրանից, ինչ նախկինում խոստացել էր, այն է՝ ամենաբարձր ինքնավարութիւնը. դրանից ոչինչ չկայ։ Լեռնային Ղարաբաղ անուանումը կուերացնեն, Բաքւում արդէն հրաժարւում են այն այդպէս անուանել։ Սա պատմութեան շարունակութիւնն է նոր տեսքով, նոր ժամանակում՝ հայ ժողովրդի ողբերգութիւնը՝ նրա վտարումը պատմական հողերից»,- եզրափակել է Զատուլինը։