Գարեգին Բ. Չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում. նման յայտարարութիւնները տեղին չէն

Գարեգին Բ. Չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում. նման յայտարարութիւնները տեղին չէն

Փաշինեանին ուղղուած հրաժարականի կոչը հայրական յորդոր է, որը ժամկէտ չունի

Արցախի խնդիրը մեր ժողովրդին յուզող ամենակարեւոր հարցն է, եւ այս առումով յստակ է մեր ժողովրդի վերաբերմունքը, որ ամէն գնով պէտք է պաշտպանել Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրաւունքը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրոյցում նշեց Գարեգին Բ Ամենայն հաեօց կաթողիկոսը:

«Այդ իմաստով բաւարար չափով աշխատանքներ իրականացուել են եւ մենք լիայոյս ենք, որ այդ ջանքերը պէտք է շարունակուեն եւ խնդիրը միջազգային հանրութեան, մեր ժողովրդի ջանքերի արդիւնքում պիտի ունենայ իր բարվօք կարգաւորումը»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը, թէ մադրիդեան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, կաթողիկոսն ասաց. «Մենք չենք կարծում, որ նման յայտարարութիւնները տեղին են եւ որեւէ կերպ կարող են նպաստաւոր լինել հարցի կարգաւորման համար: Պետք է չշտապել, ընդհակառակը, պէտք է ամէն կերպ պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախ ապրելու աստուածաշնորհ իրաւունքը»:

Հարցին, թէ Դուք տեսնո՞ւմ եք հնարաւորութիւն, որ Արցախը կարող է չլինել Ադրբեջանի կազմում, Գարեգին Բ-ն պատասխանեց. «Ես չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանութիւն, դա կնշանակի հայաթափում Արցախի  մեր ժողովրդի: Մենք ամէն ջանք պէտք է ներդնենք, որ կարողանանք միջազգային նորմերի եւ օրէնքների շրջագծում ապահովել Արցախի մեր ժողովրդի անկախ ապրելու իր իրաւունքը»:

Ինչ վերաբերում է նրան, թէ ինչպե՞ս կը հակազդի Եկեղեցին եթէ իշխանութիւնը որոշի գնալ խաղաղութեան պայմանագրի կնքման, որով Արցախը կը յայտնուի Ադրբեջանի կազմում, նա արձագանքեց, որ հայ ժողովուրդը որեւէ կերպ չի հաշտուի Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու գաղափարի հետ. «Խաղաղութեան պայմանագրի յօդուածներին, կէտէրին մենք ծանօթ չենք եւ այդ առնչութեամբ կարծիք չենք կարող յայտնել: Բայց մէզ համար կասկածից վեր է, որ մեր ժողովուրդը ի գին ամէն զոհողութեան պաշտպանելու է Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրաւունքը:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր յայտարարութեան մէջ անդրադարձել էր Նիկոլ Փաշինեանի հրաժարականի հարցին․ մենք հայրական յորդոր ենք ուղղել եւ այն չի կարող ժամանակով սահմանափակուած լինել։ Այսօր այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրատուամիջոցների ներկայացուցիչների հետ զրոյցի ընթացքում նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Հայրական յորդորը պայմանաւորուած է այն իրավիճակի եւ խնդիրների յաղթայարմամբ եւ լուծմամբ, որոնք առիթ են հանդիսացել նշուած պատգամի փոխանցման համար»,-իր խօսքում նշել է Վեհափառ Հայրապետը։

«Դժբախտաբար, տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ մտահոգիչ, Արցախի կարգավիճակի հետ առնչուող սխալ եւ անընդունելի արտայայտութիւններ են հնչում։ Մտահոգիչ է նաեւ մեր ժողովրդի մէջ խորացող անհամերաշխութիւնը, անհաշտութիւնը, եւ այստեղ մենք մեծ աշխատանք ունենք կատարելու։ Այս խնդիրները կարող ենք լուծման առաջնորդել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբումով»,-զրոյցի ընթացքում յաւելել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Share