Իմ սխալն այն է, որ չեմ եկել ու ասել, որ այս խաղն աւարտուած խաղ է․ Փաշինեանը՝ ԼՂ հարցով բանակցային գործընթացի մասին

Իմ սխալն այն է, որ չեմ եկել ու ասել, որ այս խաղն աւարտուած խաղ է․ Փաշինեանը՝ ԼՂ հարցով բանակցային գործընթացի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինեանը պարզաբանել է, թէ ինչ է նկատի ունեցել, երբ յայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացը սկսում է զրոյական կէտից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինեանն այդ մասին խօսեց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թուականի կատարման ընթացքի եւ արդիւնքների մասին» զեկոյցի քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ագնեսայ Խամոյեանի հարցին:

Խամոյեանը տեսակէտ յայտնեց, որ նախորդ երեք իշխանութիւնների ժամանակ բանակցուած ցանկացած փաստաթուղթ, եթէ կեանքի կոչուեր, շատ աւելի լաւն էր լինելու, քան կայ գործող իշխանութեան կառավարման արդիւնքում: Նրա հարցը Փաշինեանի դիրքորոշումների փոփոխութեան մասին էր:

«Դուք ասացիք, որ իմ բանակցած փաստաթղթի մասին բան չեմ ասել, շատ ճիշտ եք ասում, որովհետեւ ես չեմ հասցրել բանակցել, ես բան չեմ բանակցել, որ փաստաթուղթ յայտնուի սեղանին: 2019 թուականի ամռանը սեղանին դրուած փաստաթուղթը ինձնից առաջ բանակցութիւնների արդիւնքների ամփոփումն է»,-ասաց Փաշինեանը՝ դիմելով Խամոյեանին:

Նա նշեց՝ ինքնորոշման հետ կապուած իր վերաբերմունքը հէնց սկզբից է փոխուել: Վարչապետը յայտարարեց, որ 2019 թ մարտին ԼՂ եւ ՀՀ անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստում ինքն ասել է նոյն բանը, ինչ հիմա է ասում:

«Այն ժամանակ պարզ է՝ այլ բառապաշարով եմ ասել: Եւ այն ժամանակ է, որ ինքնորոշման իրաւունքի նկատմամբ իմ վերաբերմունքը ոչ թէ փոխուել է, այլ ես կարդացել, տեսել եմ, թէ դա ինչի մասին է: Ինքնորոշման իրաւունքի այն կոնցեպտը, որը դրուած է եղել 2007 թուականին, այն է, որ մինչեւ Լեռնային Ղարաբաղը չճանաչուի Ադրբեջանի մաս, ինքնորոշման իրաւունքը չի կարող իրացուել հէնց ձեր ձեռք բերած պայմանաւորուածութիւններով»,-ասաց Փաշինեանը:

Խամոյեանը յիշեցրեց՝ Փաշինեանն ինքն է 2019-ին յայտարարել, որ բանակցութիւնները սկսել է սեփական զրոյական կէտից: Ըստ պատգամաւորի՝ պատերազմից յետոյ է միայն պարզուել, որ 2019-ին բանակցութիւնների սեղանին փաստաթուղթ է եղել, թաքցուել են բանակցային գործընթացի նրբութիւնները:

Վարչապետը, անդրադառնալով զրոյական կէտի վերաբերեալ դիտարկմանը, ասաց, որ այդ նոյն ելոյթում 2019 թուականի մարտին հրապարակային է առաջարկել հասկանալ, թէ Մադրիդեան սկզբունքներն ի՞նչ է, այս սկզբունքներով ԼՂ-ն կարո՞ղ է ինքնորոշուել, կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում:

«Սրա մասին հրապարակային էլ եմ խօսել, որից յետոյ ստացել եմ պատասխան՝ աեօ, եթէ Ադրբեջանը համաձայնուի: Սա է զրոյական կէտը»,-ասաց վարչապետը:

Ըստ Փաշինեանի՝ իր սխալն այն է, որ ինքն այն ժամանակ պէտք է այդ բանակցային թղթերը ցոյց տար, ասէր, որ հասել են այդ կէտին, տարբերակ չունեն: «Այ դրա համար ինձ արժէ դատել, որ չեմ եկել, ասել, որ այս խաղն աւարտուած խաղ է: Այ դա իմ սխալն է»,-ասաց Փաշինեանը:

Share