Վարուժան Գեղամեան
«Ի՞նչ է եղել երէկ Սիւնիքում ու ի՞նչ է լինելու
Եթէ մի կողմ դնենք բոլոր տարաբնոյթ քարոզչական հնարքները, ապա չոր հաշւով ունենք հետեւեալը։
— Մօտ 10 օր առաջ առանց որեւէ կրակոցի ու դիմադրութեան Ադրբեջանի զինւած ուժերը մտել էին Արցախի Քաշաթաղի շրջանի յանձնումից յետոյ Սիւնիքի մարզի սահմանամերձ դարձած Տեղ գիւղի տարածք, գրաւել բաւական զգալի հայկական հող ու կառուցել այնտեղ իրենց նոր դիրքերը՝ այդպիսով լիրաժէք վերահսկելով թէ՛ Տեղ գիւղը, թէ՛ յարակից գօտին։
— Երէկ հէնց այդ նոր գրաւած հատւածներից նրանք կրակ են բացել հայկական բանակի վրայ, օգտագործել են ծանր հրետանի եւ արդիւնքում մեզ պատճառել նոր կորուստներ։
— ՀՀ դէ-ֆակտօ պաշտպանութեան նախարարութիւնն ասում է, որ մենք երէկ դիրքային կորուստ չենք ունեցել։ Բայց չի ասում, որ ոչ թէ դիրքային, այլ տարածքային նոր կորուստ ունեցել ենք 10 օր առաջ, որի պատճառով հնարաւոր է դարձել երէկւայ յարձակումը։
— ՀՀ դէ-ֆակտօ կառավարութիւնը միայն չի կատարել իր վրայ դրւած գլխաւոր պատասխանատւութիւնը՝ մեր պետութեան սահմանների պաշտպանութիւնը, այլեւ ամենօրեայ ռեժիմով կենտրոնացած է բացառապէս իրենց ցանկացած ընդդիմախօսի վրայ բռնաճնշումներով եւ երկրորդային նշանակութեան հարցերով (օր.՝ ինչ-որ փառատօններ, ակադեմիական քաղաքներ եւ այլն)։ Սա կոչւում է անարժան կառավարում։
— Ադրբեջանը տեսնում է, որ ՀՀ դէ-ֆակտօ կառավարութիւնն իրեն չի դիմադրելու։ Բաքւում եւ Անկարայում ամենօրեայ ռեժիմով արձանագրում են, որ հայկական պետութիւնը ոչ մի էական գործ չի անում թուրք-ադրբեջանական առաջիկայ յարձակումները չէզոքացնելու ու սեփական քաղաքացիներին պաշտպանելու համար։ Բնականաբար, դա իրենց համար գլխաւոր խթանն է շարունակելու յարձակումները եւ աստիճանաբար, մանր-մանր քայլերով չյայտարարւած պատերազմում նւաճել Սիւնիքի մարզը։
— Կից Հայկական ալիքի քարտէզն է, որտեղ կարմիրով նշւած են միայն վերջին երկու տարւայ ընթացքում Հայաստանի Հանրապետութեան միջազգայնօրէն ճանաչւած տարածքից գրաււած հատւածները։ Ադրբեջանը թիրախաւորել է ողջ Սիւնիքը եւ «կրծելով» առաջ է գնում։
— Արդիւնքում մենք ունենք.
— նոր տարածքային կորուստներ,
— նոր զոհեր
— հերթական հայաթափւող համայնքը Տեղ գիւղում եւ յարակից շրջաններում
— թշնամու շարունակաբար աճող ճնշում ու յարձակումներ
— Հայաստանի դէ-ֆակտօ իշխանութիւն, որն ունակ չէ ոչ միայն կանխատեսել առկայ մարտահրաւէրները, այլեւ դրանց դիմագրաւել։ Դա ապացուցւում է առնւազն 2020թ. նոյեմբեր — 2023թ. ապրիլ ժամանակահատւածի բոլոր իրադարձութիւններով։
— ՀՀ դէ-ֆակտօ իշխանութիւնների բոլոր քաղաքական առաջարկներն ու ծրագրերը («հայելային յետքաշում», «խաղաղութեան դարաշրջան», «արդար լուծում» եւ այլն) լիարժէք տապալւած են։
Այստեղից հարց. ինչո՞ւ պէտք է ներկայիս դէ-ֆակտօ իշխանութիւնը հրաժարական չտայ ու չհեռանայ։
Պարզ պատասխան. որովհետեւ ՀՀ դէ-ֆակտօ վարչապետի ու իր գլխաւոր քպական խմբաւորման համար վերոնշեալ բոլոր խնդիրներից առաւել կարեւոր է սեփական իշխանութիւնը պահելը՝ նոյնիսկ եթէ դա արժենում է տարածքային ու մարդկային կորուստներ։
Սա ոչ թէ կուսակցական պայքարի կամ կենցաղային քաղաքականութեան հարց է, այլ իրական խնդիր, որը թակելու է ՀՀ ու Արցախի իւրաքանչիւր բնակչի դուռը, ինչպէս որ թակել է Տեղ գիւղում կամ Ջերմուկում։
Հանրային մշտական ճնշման բացակայութեան պարագայում այս ամէնն անխուսափելիօրէն շարունակւելու է»։
«alikonline.ir»