Յուրաքանչիւր երկիր պէտք է պաշտպանի իր ժողովրդի շահերը. այս սկզբունքով է, որ Սիրիան փոխզիջման չի գնում. Սիրիայի դեսպանը՝ Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատելու մասին
«Մեր երկու երկրները, ժողովուրդները լայնաշերտ համագործակցութիւն ունեն»,- լրագրողների հետ հանդիպումն այսպէս սկսեց Հայաստանում Սիրիայի հայազգի դեսպան Նորայ Արիսեանը՝ յիշեցմամբ,- Մեր երկու երկրների յարաբերութիւնները հիմնուած են դարաւոր պատմութեան, բարեկամական պատմութեան վրայ: Սիրիայի ժողովուրդն է, որ դռները լայն բացեց 1915 Ցեղասպանութեան օրերին հայերի առջեւ:
Այս ամբողջ շփման շրջանակն է, որ արգասիք դարձաւ 30 տարի առաջ ստորագրուած դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու փաստաթղթերի. Սիրիան ու Հայաստանն անցեալ տարի նշեցին դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու 30-ամեակը»:
Դեսպանը յատկապէս կարեւորեց այս տարի աղէտալի երկրաշարժից յետոյ Հայաստանի կողմից Սիրիային ուղղուած աջակցութիւնը՝ կառավարութեան կողմից փրկարարներ եւ մարդասիրական օժանդակութիւն ուղարկելը, ՀՀ ԱԳ նախարարի այցելութիւնը:
Նորայ Արիսեանը նկատեց, որ 30 տարիների դիւանագիտական շփման ընթացքում երկուստեք բազմաթիւ փաստաթղթեր, պայմանագրեր, համաձայնագրեր եւ յուշագրեր են ստորագրուել, նախատեսուել է նաեւ միջկառավարական ժողով, որը տեղի կ’ունենայ ապագայում:
Տարածաշրջանային մարտահրաւէրներին անդրադառնալով՝ Հայաստանում Սիրիայի դեսպանը նշեց, որ Հայաստանն ու Սիրիան ունեն ընդհանուր եզրեր. «Նկատի ունեմ Թուրքիայի գործոնը, որն ընդհանրապէս բացասական դեր խաղաց Սիրիայի դէմ մղուած 10 տարիների ահաբեկչական պատերազմի շրջանում: Մենք նոյն խրամատի մէջ էինք. սիրիացի ժողովուրդն էլ տառապել է, ինքն էլ ենթարկուեց պանթուրանական ծրագրերին»:
Նա արձանագրեց, որ Սիրիայի մարտահրաւէրներն այսօր շատ են, քանի որ Սիրիայում մղուող պատերազմը միայն ռազմական չէ, այլեւ քաղաքական, տնտեսական, դիւանագիտական, մշակութային ու քարոզչական:
«Մենք ինքնութեան համար էինք պայքարում. մենք Սիրիայի հասարակութեան ամբողջականութեան, տարածքների ամբողջականութան համար էինք պայքար մղում: Դժբախտաբար, Արեւմուտքը եւ որոշ տարածաշրջանային պետութիւններ՝ ինչպէս Թուրքիան, մեծապէս աջակից դարձան գաղափարին, որ Սիրիան պէտք է մասնատուի»,- նշեց նա՝ հպարտօրէն յաւելելով, որ Սիրիայի ժողովուրդը շատ միասնական էր այդ պայքարի ընթացքում:
Նորայ Արիսեանը ցաւով արձանագրեց, որ թէեւ երկրաշարժից յետոյ Արեւմուտքը յայտարարեց, որ Սիրիայի դէմ պատժամիջոցները պէտք է վերացնեն եւ հումանիտար օգնութիւն ցուցաբերելու քայլեր արուէն, սակայն այդ ամէնը, ըստ նրա, մանիպուլեացիայ էր: Իսկ այսօր Սիրիայում տուժածների ու անտունների մեծ թիւ կայ:
Ի պատասխան հայ-թուրքական յարաբերութիւնների մեկնարկած գործընթացի ռիսկերի մասին լրագրողի հարցադրմանը՝ դեսպանը յայտնեց. «Յուրաքանչիւր երկիր պէտք է պաշտպանի իր ժողովրդի շահերը, եւ այս սկզբունքով է, որ Սիրիան նման դիրքորոշում է հաստատում եւ փոխզիջման չի գնում մինչեւ այս պահը՝ այնքան ժամանակ, որ պահպանում է Սիրիայի ժողովրդի իրաւունքները:
Դժուար է մէզ համար ասել. մենք տասը տարի եւ գուցէ դրանից առաջ բաւական ցաւ ենք տեսել: Բաւական կորուստ է մէզ պատճառել, կործանումի է տարել մեր երկիրը, մի քիչ դժուար է հաւատալ, եթէ վերականգնուի ամէն ինչ, ինչպէս որ էր՝ այսինքն, եթէ վերադառնանաք 2009-2010 թթ.: Սիրիացիները շատ չէն վստահում Թուրքիային»:
Հարցին էլ, թէ Սիրիայի կառավարութիւնն արդեօ՞ք արձագանքել է Բերձորի միջանցքում ստեղծուած իրավիճակին` Նորայ Արիսեանը պատասխանեց, որ նման յայտարարութիւն չի եղել, սակայն Սիրիայի եւ Հայաստանի ղեկավարութիւնը հիմնւում է փոխադարձ յարգանքի սկզբունքի վրայ. «Մենք ընդհանրապէս կողմ ենք, որ երկրները, պետութիւններն ապրէն իրենց ինքնիշխան տարածքների վրայ, որ ժողովուրդներն ապրէն խաղաղ եւ բարեկեցիկ կեանքով»:
Հստակեցմանը՝ արդեօ՞ք Սիրիան աջակցութիւն յայտնել է Արցախի ժողովրդին, նա արձագանքեց. «Անցեալ տարի Սիրիայի Արաբական Հանրապետութիւնը՝ յանձին արտգործնախարարութեան, յայտարարութիւն արեց՝ աջակցելով ընդհանրապէս հայ ժողովրդի իրաւունքներին»:
Նորայ Արիսեանը Հայաստանի Հանրապետութիւնում Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպան է նշանակուել 2022թ. մայիսից: Հայազգի դեսպանը բանասէր է, գրող, թարգմանիչ։ Նորայ Արիսեանն աշխատել է Սիրիայի Հայաստանի դեսպանութիւնում՝ որպէս մամուլի պատասխանատու եւ թարգմանիչ, ապա նաեւ Սիրիայի մշակոյթի նախարարութիւնում՝ որպէս թարգմանիչ եւ խորհրդատու։ 2013 թուականից ղեկավարում էր Դամասկոսի համալսարանի հայագիտական բաժինը։ Նորայ Արիսեանը նաեւ Սիրիայի խորհրդարանի պատգամաւոր է եղել։