Զարեհ Աճէմեան
Երեկ հրապարակած իր յայտարարութեան մէջ Արևմտեան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը դատապարտել է Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցում ապրիլի 24-ի թռուցիկների բաժանման արգելքը: Համաձայն նոյն տեղեկատւութեան տարիների սովորութեան համաձայն այս տարի ևս երիտասարդները սկսել են բաժանել Ապրիլ 24-ի իրենց ձեռնարկի մասին թռուցիկները երբ նրանց մօտեցել են «անհատներ, ովքեր պնդել են, որ տնօրինում են եկեղեցու տարածքը, եւ նրանց ասել են ազատել տարածքը»: Յայտարարութիւնը նաև բացատրում է թէ ովքեր են եկեղեցու տարածքը տնօրինող անհատները ՝«Այս նոյն անձինք նոյնպէս մաս են կազմում անօրինական խմբաւորման, որը ձևանում է իբրև Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն Արեւմտեան Միացեալ Նահանգներում»:
Հետաքրքրական է թէ իրապէս ո՞վ է ղեկավարում Քալիֆորնիայի ամենաբազմանդամ համայնքին պատկանող և որոշակի եկամուտների աղբիւր հանդիսացող Գլենդելի Եկեղեցին: Հետաքրքրական է նաև այն պարզ պատճառով, որ սկզբունքօրէն հայ առաքելական եկեղեցին չի կարող դէմ լինել Ապրիլ 24-ի համար կազմակերպուած միջոցառմանը և միջոցառման սատարող գովազդին: Չի կարող դէմ լինել քանի որ մեր եկեղեցին պահապանն է մեր ազգային արժէքների: Եկեղեցին նաև չի կարող դէմ լինել մի միջոցառման որին անուղղակիօրէն մասնակից է իր կազմակերպութեամբ, երբ մաս է կազմում Հայկ. Ցեղասպանութեան Յանձնախմբին(AGC):
Ով էր կարող պատկերացնել սրանից մի քանի տարի առաջ, որ Հայոց առաքելական եկեղեցու պահակներ ոգի ի բռին հաւաքելու են հայ երիտասարդների Ապրիլ 24ի հաւաքի թռուցիկների և այն աղբաման են նետելու: Թէ որտեղից է գալիս այս թրքամետ ու թրքաբարոյ քաղաքականութիւնը այսօր բոլորին պարզ է, թէ ովքեր են այդ քաղաքականութեան ջահակիրները, իսկ դեռ յայտնի չէ թէ նոյն վտանգաւոր մտածելակերպը ինչպէս է հասել այս եկեղեցու բակը:
Յիշեցման կարգով պէտքէ ասել, որ աւելի քան մէկ տարի առաջ Ազգային Վարչութիւնը աննախադէպ մի որոշումով և պատրուակ դարձնելով հոգաբարձութեան նախագահի հրաժարականը կազմալուծեց Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցու հոգաբարձութիւնը եւ առանց նոր անդամական ժողով կանչելու նշանակեց նոր հոգաբարձութիւն: Սոյն նշանակումից առաջ Աստուածածին եկեղեցու անդամական ժողովի բացումին ժողովականների կողմից բողոք էր եղել, որ ժողովին ներկայ են խոշոր թուով թեմի կանոնագրութեան վեց ամսուայ չափանիշը չլրացրած անձեր նոյն անօրինական խմբաւորման կազմակերպմամբ և համաձայն թեմի կանոնագրի չեն կարող քուէարկութիւններին մասնակցել: Ժողովականները պահանջել էին, որպէսզի պարզաբանուի այդ պարագան եւ ապա ժողովը շարունակուի: Ազգային Վարչութեան նախագահը, որ ներկայ է եղել նոյն ժողովին յայտարարել է, որ սոյն յստակացումը հնարաւոր չէ այս պահին եւ հրահանգել ժողովը հետաձգել որպէսզի անդամական տոմարները քննեն եւ նոր թուական ճշտեն ժողով հրաւիրելու համար: Իսկ յաջորդող ամիսներին հակառակ նրան, որ եկեղեցու հոգաբարձութիւնը անգամներ դիմել է ազգային վարչութեան, որպէսզի շրջանի անդամական օրինաւոր ժողով գումարուի եւ ընտրի ժամանակին իրենց շրջանն աւարտած երկու հոգաբարձուներին, բոլոր դիմումները մնացել են «ձայն բարբառոյ յանապատի» և ազգային իշխանութեան որոշ շրջանակներ յաջողեցին մինչեւ անգամ հոգաբարձութեան կողմից պաշտօնական նամակը, գաղտնի պահել վարչութեան միւս անդամներից: Այս բոլոր կասկածելի և շինծու գործընթացներին իբրև արդիւնք ազգային վարչութիւնը տեղի տալով որոշ շրջանակների և դիւանի ճնշումներին լուծարուեց օրինաւոր կերպով ընտրուած գլենդելի հոգաբարձութիւնը և նշանակուեց նոր մարմին: Հետաքրքրական է, որ այս ընթացքում երկու ատենապետներն էլ հրաժարուել են հոգաբարձութեան կազմից: Իրապէս ինչո՞ւ այսքան յատուկ ուշադրութեան է արժանի Գլենդելի եկեղեցին: Պատասխանը թերևս լաւ գիտեն ազգային վարչութեան նախագահը և Մոնթէ Բէլոյի փորձ ունեցող անդամները:
Արդեօք պատահական է նման հարցականներ առաջացրած անցեալով և կարմիր ազդանշաններով զարդարուած Գլենդելի եկեղեցու բակում, եկեղեցու հետ պաշտօնական կապ չունեցող անձանց հրահանգով, իսկ եկեղեցու պաշտօնեաների ձեռամբ Ապրիլ 24-ի երիտասարդական հաւաքի թռուցիկների բաժանումամ խափանումը: Իրապէս ժամանակը չէ՞, որ Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցին իր ծխականներին ապացուցի թէ ո՞վքեր են խորքում ղեկավարում այդ ծուխի ունեցուածքն ու տարածքը: Արդեօ՞ք Հայ առաքելական եկեղեցին համաձայն իր կանոնագրութեան և ժողովրդավարական սկզբունքներին է տնօրինում սոյն եկեղեցին թէ ազգային կեանքում ներթափանցած որոշ անհատներ Գլենդելի ապօրինիների շրջանակի հետ արտականոնագրային գործընթացներով են տնօրինում այս եկեղեցու նիւթական և բարոյական ամենօրեայ կեանքը: