Ապիրլի 7-ին Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի եւ Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգէյ Լաւրովի միջեւ կայացած հանդիպումից յետոյ կողմերը համատեղ մամուլի ասուլիս էին տւել, որի ընթացքում Չաւուշօղլուն յայտնել էր.
«Մեր ցանկութիւնն է, որ օր առաջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համապարփակ խաղաղութեան պայմանագիր ստորագրւի։ Հարաւային Կովկասի մնայուն կայունութեան եւ խաղաղութեան համար այս քայլերը պէտք է կատարւեն։ Ռուսաստանի հետ շարունակելու ենք սերտ խորհրդակցութեան մէջ լինել»։
Ռուսաստանի արտգործնախարար Լաւրովն էլ իր հերթին՝ ողջունել էր «ռուսական աջակցութեամբ սկսւած Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցութեան ապաշրջափակման եւ Հարաւային Կովկասի յետկոնֆլիկտային վերականգնման ջանքերը։
168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում թուրքագէտ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Ռուբէն Մելքոնեանը, խօսելով երկու երկրների ԱԳ նախարարների յայտարարութիւնների մասին, ընդգծեց.
«Թուրքիան յստակ ձեւակերպել է իր պահանջը՝ Հայաստանը պէտք է Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքի եւ ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս։ Երբ Հայաստանը դա կանի, միայն դրանից յետոյ նոր Թուրքիան կորոշի՝ յարաբերութիւններ հաստատե՞լ, թէ՞ ոչ, եւ ինչպիսի՞ յարաբերութիւններ հաստատել Հայաստանի հետ, ուստի, պէտք է արձանագրել՝ ամբողջութեամբ կեղծ է այն թէզը, թէ Թուրքիայի հետ յարաբերութիւններ են փորձում հաստատել, որ այդ երկրից եկող վտանգները չէզոքացնեն»,- ասաց թուրքագէտը։
Ինչ վերաբերում է Թուրքիայից եկող սպառնալիքներին զուգընթաց՝ հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատման վերաբերեալ Ռուսաստանի շահագրգռւածութեանը, ապա Մելքոնեանը նշեց, որ հարցը դիտարկելիս, նախ՝ պէտք է հասկանալ Թուրքիայի եւ Հայաստանի կարեւորութիւնը Ռուսաստանի համար, եւ այդ դէպքում պարզ է դառնում, որ գոնէ յայտարարութիւնների մակարդակով Ռուսաստանը պէտք է ասի, որ սատարում է հայ-թուրքական գործընթացը։
«Օրինակ՝ կարո՞ղ է Ռուսաստանի համար Հայաստանի շահը լինել այնքան զգայուն, որքան մեր, իհա՛րկէ ոչ։ Կարծում եմ՝ Ռուսաստանի համար, օրինակ, խնդիր չէ «Զանգեզուրի միջանցք» ասւածը. կարծում եմ՝ խնդիր չէ՝ այն կը բացւի՞, թէ՞ ոչ, հետեւապէս այն, ինչ մեզ համար կարմիր գիծ է, Ռուսաստանի համար ընդհանրապէս զգայուն չէ։ Մենք պէտք հասկանանք, թէ որն է մեր եւ Ռուսաստանի խաղը, մինչդեռ այս պահին մենք խաղից դուրս ենք եւ նայում ենք, թէ ինչպէս են այլ պետութիւնները խաղում մեր կիսադաշտում, իսկ մենք դաշտից դուրս «դուխով» յայտարարութիւններ ենք անում»,- ասաց Ռուբէն Մելքոնեանը։
Աղաւնի Սուքիասեան